Շատ սեքսուալ իրավիճակ է

Շատ սեքսուալ իրավիճակ է

Եթե մի նորմալ երկրում որեւէ պաշտոնյա պետական միջոցները, օրինակ՝ պետության տրամադրած ավտոմեքենան, օգտագործի անձնական կամ ընտանեկան նպատակներով, եւ այդ մասին իմանան լրատվամիջոցները, այնպիսի սկանդալ կբարձրանա, որ էլ չասելու: Հայաստանում, սակայն, պետական բուրդը սեփական բրդի հետ խառնելը նորմ է դարձել, եւ պաշտոնյայի ընդհուպ զոքանչը կարող է զանգահարել իր փեսայի վարորդին եւ հրամայական տոնով խնդրել իրեն շոփինգի տանել: Բա էլ ո՞ր օրվա համար է ծառայողական մեքենան:



Եվ, առհասարակ, Հայաստանում շատ բնական է դիտվում, որ պաշտոնյաների, մանավանդ բարձրաստիճան, անձնական խնդիրների լուծման ծախսերի մասով պետությունն անպայման իր ներգրավվածությունն ունենա: Իսկ երբ խնդիրը ոչ միայն տնտեսական է, այլեւ բարոյական, ապա պետության դերակատարության չափը միանգամից մի քանի անգամ բազմապատկվում է: Գործի են դրվում ամբողջական նախարարություններ, ծառայություններ, բյուջեն… բանը կարող է հասնել նույնիսկ Եվրոպայի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման-չկատարմանը: Այդ ընթացքում պաշտոնյաներ կարող են ազատվել աշխատանքից, նորերը նշանակվել, որպեսզի լուծվի բարձրաստիճանի անձնական պրոբլեմը: Կրկնում եմ՝ Հայաստանում այս ամենը նորմ է:
Այս օրերին շատ է խոսվում ՀՀԿ-ական երկու կարկառուն ներկայացուցչի անվան հետ կապվող սեքս սկանդալի մասին: Այնպես էլ չէ, որ այդ երկուսի զոքանչներն իրենց փեսաների ծառայողական մեքենաներից բացառապես չեն օգտվում, բայց, քանի որ դա Հայաստանում նորմ է, իսկ բարոյականության կերպարի հետ կապվող խնդիրը՝ շատ ավելի հետաքրքրական, բոլորը սեւեռվել են հենց սեքս սկանդալի վրա:



Ի՞նչ է պատահել: ՀԱԿ-ից մի երիտասարդ երկու ՀՀԿ-ականի վրա կոմպրոմատ է գտել եւ, եթե հավատանք ԱԱԾ-ին, փորձել է այդ կոմպրոմատների շնորհիվ փող աշխատել: Բնականաբար՝ տվյալ պաշտոնյաներից: Այստեղ շատ հետաքրքիր է ԱԱԾ-ի պահվածքը: ԱԱԾ-ն (պետությունը), կոմպրոմատը թողած, շորթման գործն է կարեւորել ու ձերբակալել է ՀԱԿ-ի ակտիվիստին: Մենք չենք ասում, թե շորթումը կարելի է ներել, բայց եթե շորթման դեպքը կանխելն ԱԱԾ-ի համար նույնիսկ պարտականություն է, ապա բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ կյանքը կոծկելն ու նրա կերպարն արհեստականորեն անաղարտ պահելը, մեղմ ասած, ԱԱԾ-ի գործը չէ:



ԱԱԾ-ով գործը դեռ չի վերջանում: Առաջիկայում գործի են անցնելու բոլոր իրավապահ կառույցները, չի բացառվում՝ նաեւ նախագահը՝ ԱԺ նախագահով, վարչապետով-բանով, ինչ է թե լուծեն այս սեքս սկանդալը: Իսկ երբ այսքան մարդ է աշխատում, անպայման գործը կհասնի բյուջեին: Բյուջեն՝ դեռ մի կողմ. կարող են այս խնդրով հետաքրքրվել նաեւ եվրոպական կառույցները, քանի որ ձերբակալված երիտասարդը ՀԱԿ-ից է, այսինքն՝ ընդդիմադիր: Հայաստանում չե՞ն հալածվում արդյոք ընդդիմադիրները, եւ Հայաստանի իշխանություններն արդյոք սրբորե՞ն են կատարում «օրենքի առաջ բոլորն են հավասար» նորմի պահանջները: Ու կսկսվի՜իիի…



Հարցը բոլորովին այլ ընթացք կստանար, եթե հայ պաշտոնյաները (հատկապես՝ բարձրաստիճան) համատարած այն մտածողությունը չունենային, որ պետությունն իր ունեցած-չունեցածով միշտ իրենց տրամադրության տակ է: Եվ հենց դա է պատճառը, որ նույնիսկ ակնհայտ սկանդալների մեջ հայտնվող մեր պաշտոնյաները ոչ միայն սուսուփուս չեն հեռանում ասպարեզից, այլեւ վստահ են, որ կարճ ժամանակ անց նշանակվելու են նոր, ավելի ուժեղ պաշտոնի՝ ի հեճուկս հասարակության եւ բազում չուզողների:
Որեւէ մեկը հաշվե՞լ է, օրինակ, թե նախագահին ինչքան նստեց Սուրիկ Խաչատրյանի եւ կին գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ ծագած գենդերային սկանդալը: Իսկ հանրահայտ Լիսկայի մյուս սկանդալնե՞րը: Դիցուք, այս վերջինը՝ որդու հետ կապված: Գործի են լծվել առողջապահության եւ պաշտպանության նախարարությունները, արդարադատությունը, ոստիկանությունը, դատախազությունը, որոնք, իրենց բուն պարտականություններից զատ, կատարում են նաեւ մարզպետ մարդուն այս ամենից չոր եւ մաքուր դուրս բերելու սուրբ գործը:



Գալով սեքս սկանդալին՝ ասենք, որ կոմպրոմատները դեռ պետք է հաստատվեն, ավելին, հանրությունը պետք է իմանա՝ հայտնի ՀՀԿ-ականնե՞րն են դրանցում գլխավոր դերակատարները, թե՞ այդ խեղճ մարդկանց շառով են տվել: Այլապես նրանց որեւէ հանրային դրսեւորում, ելույթ, վերջապես՝ նրանց ողջ հետագա գործունեությունը լուրջ չի ընկալվի: Իսկ դրանք այն մարդիկ են, ովքեր միշտ մեկ ձեռքի հեռավորության վրա են երկրի առաջին դեմքերից: Ուրեմն, կամ պետությունը պետք է լարի ողջ ուժերը, որպեսզի նրանց չոր դուրս բերի ջրից, եւ կամ նրանց մի զանգով պետք է ասել՝ ճամպրուկները հավաքեք: Միջին վիճակ չկա այստեղ: