Երեքը մեկում կամ` ինչո՞ւ է նախագահը մեզ սթրեսի ենթարկում

Երեքը մեկում կամ` ինչո՞ւ է նախագահը մեզ սթրեսի ենթարկում

Սերժ Սարգսյանը, երբ մեկիկ-մեկիկ ընդունում է քաղաքական դաշտի ուժերին, ինչպես նաև մոլախոտներին ու պատեհապաշտ սրիկաներին, ամենայն հավանականությամբ, ձգտում է տպավորություն ստեղծել, թե սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների թիվը բավականին մեծ է: Բայց ասեմ` նախագահն այս դեպքում շատ սխալ հաշվարկ է անում: Ինչո՞ւ, որովհետև նախագահականում հայտնվողների մեջ երբեմն առկայծում են մարդիկ, որոնց բացարձակապես ձեռնտու չէ նախագահական կառավարման համակարգի փոխարինումը խորհրդարանական կառավարման համակարգով: Դրանք այն մարդիկ են, ովքեր առանց նախագահի պարզապես չեն կարող յոլա գնալ, կհիվանդանան` ինչպես իմ բարեկամներից մեկն է գրել իր ֆեյսբուքիան էջում:



Ինչպե՞ս կարող են, օրինակ, ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը և Հայկ Բաբուխանյանը լինել սահմանադրական այս բարեփոխումների կողմնակիցը: Նախագահական նստավայրում նրանց հետ բարեփոխումների հետ կապված ընդունելություն կազմակերպելը չի՞ վնասի արդյող ամբողջ գործընթացին:



Անձամբ ես սթրես ապրեցի` տեսնելով նշված անձնավորությունների լուսանկարները` նախագահի ձեռքը սեղմելիս: Հետույքները տնկած ու խոնարհված` քիչ է մնում նախագահի ձեռքը համբուրեն, բայց արի ու տես` եկել են  նախագահին թուլացնելու շուրջ նախագահի հետ խորհրդակցելու: Առնվազն` համոզիչ չէ, եթե չասենք` սիրուն չէ:



Տխրահռչակ եռյակին տեսնելով նախագահականում` ակամա մտածում եմ` իրո՞ք Սերժ Սարգսյանը ցանկանում է բարեփոխումներ կատարել, թե՞ այս ամենը ձեռնարկել է մեզ ինչ-որ բանով զբաղեցնելու համար: Մենք սա հենց այնպես չենք ասում: Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը պատկերացնում, օրինակ, ռուսալեզության ռեկորդներ սահմանած այս եռյակի հետ մի սահմանադրության ընդունումը, որ արժանացել է Վենետիկի հանձնաժողովի խրախուսանքին: Տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Բարեփոխիչը նրանց պետք է ստվերում պահեր` մարդկանց չգրգռելու և բարեփոխումների հանդեպ թերահավատությամբ չպարուրելու համար, բայց դու տես, որ ռուսալեզները դարձել են եվրոպական սահմանադրության (բնույթով` հակացարական) պաշտպաններ և քարոզելու են "այո" ասել մի բանի, որին դեմ են եղել իրենց գիտակցական կյանքում:



Մենք, իհարկե, մի կերպ դիմացանք Արտաշես Գեղամյանի գրքերի շնորհանդեսներին ու Բաբուխանյան Հայկի կոստյումին մեդալ կախելու արարողությանը, բայց այս մեկին դիմանալը արդեն անհնար է, մանավանդ որ անհասկանլի է,, թե ինչու է Սերժ Սարգսյանն այս երեքին առանձնացրել ՀՀԿ-ական մյուս պատգամավորներից: Չլինի՞ այն պատճառով, որ կուսակցապետ են հորջորջվում:



Է~էէէ, Ազատիչ, Ազատիչ... պետք էր նաև հետաքրքրվել` իրենք հիշո՞ւմ են, որ կուսակցություն ունեն: Այսինքն` արժե՞ր չեղած բաների կոնսոլիդացման վրա այդքան ժամանակ ծախսել: