Թունավորման դեպքեր են արձանագրվել նաեւ Արագածոտնում. Պատճառը ջուրն է

Թունավորման դեպքեր են արձանագրվել նաեւ Արագածոտնում. Պատճառը ջուրն է

Շիրակի մարզում թունավորումը զանգվածային բնույթ է կրում, պարզապես հիվանդանոց են տեղափոխում նրանց, ում վիճակը ծանր է: Մարզի մի շարք գյուղերի ՝ Լանջիկի, Մարալիկի, Ձիթանկովի բնակիչներ ահազանգել են Hraparak.am՝ տեղեկացնելով, որ տասնյակ երեխաներ սեպտեմբերի 10-ին հոսպիտալացվել են թունավորման պատճառով:



Մեծահասակների պնդմամբ` մաքուր չէ խմելու ջուրը, որն իրենց է հասնում Զովասարից: Եւ թեեւ գյուղերում դպրոցները չեն փակել, սակայն անհամեմատ նվազել է աշակերտների թիվը: Ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեցինք կապ հաստատել Շիրակի մարզի Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհանիսյանի հետ՝ պարզելու՝ այս պահին քանի երեխա կա հիվանդանոցներում եւ ինչ քայլեր են ձեռնարկվում կանխարգելման համար, սակայն նա այդպես էլ անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին: Մարզպետարանի լրատվության բաժնից հայտնեցին, որ վարչությունը դեպքով հետաքրքրված է,իսկ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն: Մեզ հայտնեցին նաև, որ թունավորումը զանգվածային չէր, գրանցվել է 4 երեխայի թունավորման դեպք, մինչդեռ մարզի բնակիչներն այլ բան են պնդում՝ թեկուզ տանը պառկած են տասնյակից ավել երեխաներ, իսկ մեծահասակները հաղթահարում են ոտքի վրա:



Թունավորման դեպքեր գրանցվել են նաև Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում ևս, որի խմելու ջրի աղբյուրը նույնպես Զովասարն է: Զարինջայի գյուղապետ Սևադա Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում շտապեց հայտնել, որ կատարվածից անհանգստացած գյուղ էր այցելել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, վերջինիս հրահանգով խմելու ջրից փորձանմուշ է ուղարկվել լաբորատոր հետազոտության: Պատասխանն ակնկալում են 2-3 օրից: Իսկ գյուղացիներից մի քանիսը մեզ հետ զրույցում պատմեցին, որ ջրից թունավորման հետեւանքով մեկ երեխայի տեղափոխել են Թալինի բուժկենտրոն, նույն օրը նա դուրս է գրվել, բայց տասնյակ անձինք տնային պայմաններում բուժում են ստանում: Ավելին՝ թունավորման դեպքերից հետո փակ է գյուղի դպրոցն ու մանկապարտեզը: Գյուղապետն հանգստացրեց մեզ՝ ասելով, որ երեխաների դասադուլը կտևի ընդամենը մեկ օր, ոչ ավել: 



Ի դեպ, դեպքով հետաքրքրված են նաեւ իրավապահները, ովքեր քննություն են անցկացնում թունավորումների վերաբերյալ: 



Արեւիկ Հակոբյան
Գյումրի