«էլիտան» «յաշիկներից» անցում է կատարել Lamborghini-ների

«էլիտան» «յաշիկներից» անցում է կատարել Lamborghini-ների

Հայաստանյան էլիտայի՝ ավտոմեքենաների հանդեպ ճաշակն ու նախասիրությունները կտրուկ փոխվել են։ Չի կարելի ասել, թե նորաձեւության միտումներին են սկսել հետեւել, պարզապես գերմանական ստանդարտ ու հոգնեցնող Mercedes-ներից ու BMW-ներից հետո ընդլայնվել է աշխարհագրությունը, սկսել են տուրք տալ էքսկլյուզիվությանը։ Արդյունքում հայտնվել են իտալական Ferrari-ներ ու Lamborghini-ներ, նաեւ ամերիկյան «մասքըլ քարեր», օրինակ՝ Ford Mustang, որոնց հայ էլիտար երիտասարդությունն սկսեց կամաց-կամաց հակադրել Mustang-ի համերկրացի մրցակիցներից մյուս «մկանուտներին»՝ Chevrolet Camaro, Dodge Chalenger: Այսօրինակ մեքենաները, այդ թվում՝ Ferrari-ի տարբեր մոդելները, Հայաստանում նորություն չեն, նախորդ տասնամյակում եւս կարելի էր հանդիպել երեւանյան փողոցներում Ferrari-ների, զարմանալ ու զմայլվել դրանցով։ Այդուհանդերձ, մեզանում դրանք մասսայական բնույթ չեն կրում, ինչպես արաբական, ամերիկյան կամ եվրոպական թանկ քաղաքներում։ Եվ խնդիրը բնավ էլ փողի մեջ չէ․ պարզապես հայերը նախընտրում են մի քանի հարյուր հազար դոլար ծախսել եւ Mercedes S-Class, G-Class գնել, որին մինչեւ հիմա շարունակում են «յաշիկ» կամ «Բրաբուս» անվանել, անճաշակ ձեւով թյունինգ անել դրանք, համալրել «դռռիկներով» եւ դրանց վայրենի ոռնոցներն աշխարհով մեկ արած, մուգ ապակիների հետեւից էլ իրենց աչքերն աղջիկների հետեւներին չռած՝ անիմաստ գնալ ու գալ կենտրոնի փողոցներով։



Իսկ վերջին մի քանի տարին երեւանյան աղմուկն իրենց հռնդյունով սկսեցին ամբողջացնել եւ «յաշիկառատ» փողոցները զարդարել իտալական սուպերսպորտային Lamborghini-ները։ Հայաստանում, մեր տեղեկություններով գոնե, այս պահին 4 Lamborghini գոյություն ունի։ Դրանցից երկուսը «համեստ» մոդելներ են՝ հին եւ նոր սերնդի Gallardo-ներ, մյուս երկուսը տվյալ մակնիշի վերջին տարիների պարծանքն ու հպարտությունն են՝ շքեղ եւ հզոր Aventador-ները։ Երեքի տերերը հայտնի են եւ հայտնի դեմքերի զավակներ․ սպիտակ Lamborghini Gallardo-ն, որը վաղուց է Երեւանում, պատկանում է Բաղնիքի ոսկու շուկայի Վաղարշի՝ Վաղարշ Աբրահամյանի որդուն, մյուս երկու Aventador-ները, որոնցից մեկը դեղին է եւ փակ տանիքով, մյուսը՝ սպիտակ եւ բացվող տանիքով, պատկանում են ԱԺ պատգամավորների որդիներին։ Սկզբում Հայաստան է ժամանել դեղինը, որի վրա փակցված է 555 MM 05 պետհամարանիշ։ Այն պատկանում է ԲՀԿ-ից անկախացած գործարար պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի որդուն։ Մյուսը՝ սպիտակը, ավելի ուշ է հայտնվել, պատկանում է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի որդուն։ Նշենք, որ Համբարձումյանների ընտանիքին են պատկանում Հայաստանում Audi եւ Porsche ընկերությունների պաշտոնական ներկայացուցչությունները։ Իսկ այն մյուս՝ տարեթվով ավելի հին Lamborghini Gallardo-ն ոչ հայտնի մեկին է պատկանում եւ, մեր տեղեկություններով, նախկինում կապույտ է եղել, հետո դարձել է սպիտակ եւ այժմ տրվում է վարձույթով հարսանեկան եւ այլ արարողությունների համար։ Այն, ի տարբերություն մյուս երեքի, նաեւ բավականին ցածր գին ունի, քանզի տարեթվով հին է եւ գնվել է շահագործված վիճակում։



Մյուս Gallardo-ն, որը 2006 թվականից հետո թողարկված եւ թարմացված տարբերակն է, ավելի նրբագեղ տեսք ունի, ավելի հզոր է եւ թանկարժեք։ Նշենք, որ Gallardo-ն Lamborghini-ի թեեւ ամենափոքր եւ համեստ, բայց ամենահայտնի եւ ամենաշատ վաճառվող մոդելներից է, որը 2003 թվականից ի վեր 10 տարի հոսքագծի վրա մնալուց հետո հանվեց արտադրությունից։ Այն ստանդարտ տարբերակում ունի 5.2 լիտրանոց բենզինային V10 շարժիչ, որը զարգացնում է 560 ձիաուժ հզորություն եւ ավելի քան 320 կմ/ժ արագություն։ Գինը տատանվում է 180-300 հազար դոլարի սահմաններում՝ կախված մոդիֆիկացիաներից։ Թե ինչ արժեքով է ձեռք բերել միլիոնատեր Վաղարշի որդին այս մեքենան, կիմանա ինքը։ Անհամեմատ ավելի հզոր ու թանկարժեք են մեր ազգընտիրների որդիների վարած Lamborghini-ները, որոնք երկուսն էլ հզորագույն Aventador-ներ են։



Բանալին պտտեցնելուն պես նրանց «կապոտի» տակ սկսում է լսվել միանգամից 700 երիվարի համատեղ վրնջոց։ Պատահական չէ նաեւ մեքենայի անվանման մեջ հենց 700 ինդեքսը՝ Aventador LP 700-4, որն արդեն իսկ հուշում է իտալացի ինժեներների ստեղծած 6.5 լիտրանոց, 12 մխոցանի շարժիչի հզորության մասին։ Այս մոդելի շուկայական արժեքը միջինը կես միլիոն դոլար է՝ կախված մոդիֆիկացիայից, բայց կարող է հասնել մինչեւ 700 հազար դոլարի, խիստ բացառիկ թողարկումների դեպքում՝ մի բան էլ ավելի։ Սրանք, իհարկե, Հայաստանի եզակի ամենաթանկարժեք եւ էքսկլյուզիվ մեքենաները չեն, այլ հետաքրքիր, բացառիկ, հզոր ու թանկարժեք մեքենաների նմուշներ էլի կան, որոնց կանդրադառնանք առաջիկայում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ