Գրավոր քննության առավելությունը

Գրավոր քննության առավելությունը

Ի թիվս այլ օրենքների, մեր տեղեկություններով, «Քաղծառայողության մասին» օրենքը եւս ԵՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա, ինչն իրարանցում է առաջ բերել ոլորտում։ Գործող օրենսդրության համաձայն՝ քաղծառայության քննություն հանձնած եւ քննության երկրորդ՝ բանավոր փուլը հաղթահարած երեք մասնակիցներից պաշտոնի է նշանակվում նա, որին տվյալ ոլորտի ղեկավարը նշանակում է։ Սովորաբար Հայաստանում այս արարողությունը, ի վերջո, ծառայում է ծանոթ-բարեկամներին, եւ հաճախ պաշտոնի է նշանակվում ոչ թե ամենաբարձր ցուցանիշ գրանցած թեկնածուն, այլ երկրորդը կամ երրորդը՝ ղեկավարի ցանկալի կադրը։ ԵՏՄ-ի օրենսդրության պահանջով պաշտոնի պետք է նշանակվի ամենաբարձր ցուցանիշ ունեցողը, ինչը բնական է, որ լուրջ դժգոհություններ է առաջացրել։ Այժմ քննարկումներ են ընթանում, օրենքը պետք է փոփոխության ենթարկվի հաջորդ տարի, եւ այդ ժամանակ էլ իշխանությունը կորոշի՝ անցնո՞ւմ է այդ համակարգին, թե՞ ոչ։ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հաստատեց մեր լուրը, որ օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտություն է առաջ եկել, մեր լրագրողի հարցին, որ այդպես թերեւս նվազագույնի կհասցվի մարդկային գործոնը, ինչո՞ւ են դեմ, Բադալյանը բացատրել է, որ նրբություններ կան։ Նա ասել է, որ միայն բանավոր քննության դեպքում են բացահայտվում դիմորդի ինտելեկտուալ եւ մասնագիտական ունակությունները, եւ ցանկացած պաշտոն պահանջում է համապատասխան մասնագիտացում։ Մինչդեռ հաճախ, օրինակ, ըստ նրա, տնտեսագետի պաշտոնի համար գյուղատնտեսական մասնագիտություն ունեցողն է ամենաբարձր ցուցանիշը հավաքում։ Նա ասել է, որ դեռ քննարկում են, եւ միայն հաջորդ տարի պարզ կդառնա՝ անցում կլինի՞ այդ համակարգին, թե՞ ոչ