Կվճարի կաշխատի, չի վճարի՝ չի աշխատի. Վաղարշ Աբրահամյան

Կվճարի կաշխատի, չի վճարի՝ չի աշխատի. Վաղարշ Աբրահամյան

«Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանը, որն ընտանեկան խնդիրների պատճառով անհետացել էր այս տարվա օգոստոս ամսին եւ հայտնաբերվել նոյեմբերի 2-ին, դեռ աշխատանքի չի գնում:



«Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի տնօրեն Վաղարշ Աբրահամյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ Նելլին կրկին կաշխատի կենտրոնում, թե ոչ պատասխանեց. «Նա աշխատանքի չի եկել: Էդ Նելլիի ձեռը ես կրակն եմ ընկել, էնքան են հարցնում ժուռնալիստները, ես ինչ կապ ունեմ նրա հետ: Ինքը տեղ ունի կաշխատի, ինքը գիտի իրա մարդը, իրա ընտանքիը գիտեն, ինձ մի հարցրեք ես տեղյակ չեմ, կվճարի կաշխատի, չի վճարի՝ չի աշխատի»: Հարցին՝ երկու ամսվա գումարը Նելլի Հարությունյանը վճարել է, Վաղարշ Աբրահամյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ, նրանք բանկերով են աշխատում, փոխանցումներ են անում, ես հո բոլորին չեմ հետեւի տեսնեմ՝ ով է փոխանում, ով ոչ»:



Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 21-ին Ն.Հարությունյանի ամուսինը՝ Ա.Հարությունյանը, գրավոր հաղորդում է տվել, որ կինը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:



Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքասպանության հասցնելը): Այնուհետև, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, քննության արդյունքները քննարկվել են, և արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):



Նախաքննությամբ պարզվել է, որ Ն.Հարությունյանը 2007 թվականից Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող` «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառում զբաղվել է ոսկյա զարդերի առուվաճառքով:



Միաժամանակ պարզվել է, որ վերջինս, 2015թ. փետրվար ամսից սկսած, վաճառքից հետո գումարները վճարելու պայմանով ոսկյա զարդեր է ձեռք բերել, որի դիմաց դեռևս ունի գումարային պարտավորություններ: Նա հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին:



Ն.Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է և հայտնել է, որ ընտանիքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է խզել ամուսնու հետ ունեցած կապերը և 2015թ. օգոսոտոսի 21-ին՝ աշխատանքն ավարտելուց հետո, պատահական տաքսի ավտոմեքենայով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և մինչև 2015թ. նոյեմբերի 02-ը բնակվել գյուղերից մեկում՝ չհայտնելով կոնկրետ որ գյուղում է մնացել: Հաղորդաշարերից տեղեկացել է, որ իր անհետ կորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և որոշել է վերադառնալ:



Նելլի Կարապետյան