ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ

«Հարգելի Գեորգի,



Հարգելի Յոհաննես,



Հարգելի Էլգա,



Հարգելի գործընկերներ,

Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության խթանման և խորացման գործում: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների արդյունավետ զարգացման համար:

Հայաստանը ողջունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը և մեծապես կարևորեց նրանում գործընկեր պետություններին ներգրավելու ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի և հանձնակատար Հանի նախաձեռնությունը: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի` նախորդ շաբաթվա քննարկումների արդյունքը լիովին արտացոլում էր գործընկերների նկատմամբ կիրառվելիք տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումները։

Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Ձեզ, Յոհաննես, և խնդրել` փոխանցելու իմ երախտագիտությունը նաև Ֆեդերիկային` ԵՀՔ վերանայման գործընթացի վերաբերյալ ձեր համատեղ նամակի համար, որը ստացել եմ մեկ շաբաթ առաջ, և հավաստիացնել, որ մենք կիսում ենք նրանում տեղ գտած գաղափարները:

Հարգելի գործընկերներ,

Մինսկում մեր վերջին հանդիպումից հետո մի շարք կարևոր զարգացումներ են արձանագրվել: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին և բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս, և ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով մենք կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար:

Անցկացված բանակցությունների արդյունքում մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել՝ մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020» և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել` ստորագրելու ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը՝ Բաց երկնքի քաղաքականության միջոցով ավիացիոն շուկան ազատականացնելուց հետո:

Մենք մեծ կարևորություն ենք տալիս մարդկային շփումներին և մեր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու: Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը այն ըմբռնումով, որ սա բարեփոխումներին ուղղված գործընթաց է:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի կառավարությունը հանձնառու է առաջ մղելու բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարական կառույցների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Եթե վերջինս ընդունվի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, ապա Հայաստանի կիսանախագահական կառավարման մոդելը կփոխարինվի խորհրդարանականով։

Համաձայն ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ «Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը շատ բարձր որակի է, ողջունելի է և արժանի է աջակցության»։ Այն նաև հաստատեց, որ Սահմանադրության նախագիծը համապատասխանում էր միջազգային չափանիշներին։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը կարևորում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցությունը: Մենք կարծում ենք, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները` ցուցաբերելով առավել հեռատես մոտեցում: Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր և դեռ դրանից առաջ մենք պաշտպանում էինք այն տրամաբանությունը, որը հիմնվում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործելու վրա` զերծ մնալով նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից և, միևնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ:

Հարգելի գործընկերներ,

Մենք մտադրված ենք ընդլայնել մեր ջանքերը Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության նախաձեռնության շրջանակներում և համոզված ենք, որ կշարունակենք շարժվել ճիշտ ուղով՝ հիմնված ընդհանուր արժեքների և միմյանց որոշումների ու ընտրության հարգանքի վրա»։