Մի՞թե Շանթը միակն է, Խզմալյան

Մի՞թե Շանթը միակն է, Խզմալյան

Հարցեր կան, որոնց պատասխանները երբեք չեն տրվում: Երբեմն ցանկալի չէ այդ պատասխանների հանրայնացումը, երբեմն դրանք չեն հրապարակվում անվտանգությունից ելնելով, երբեմն էլ՝ նոր հարցերից ու հարցադրումներից խուսափելու համար: Կանցնի մի որոշ ժամանակ, հնարավոր է, որ Հայաստանում նույնիսկ մի նոր հանրաքվե տեղի ունենա ֆեոդալիզմին անցնելու համար, բայց մենք այդպես էլ չենք իմանա, թե ինչու արվեց այս հանրաքվեն, դրսի՞ց, թե՞ ներսից արվեց, տարածաշրջանային զարգացումների ճնշման տա՞կ, թե՞ ոմանց պարզ քմահաճույքով: Իսկ չենք իմանա, որովհետեւ չենք սիրում խոսք հասկանալ, որովհետեւ մենք մեզ թույլ ենք տալիս համոզված լինել, որ ամենաճիշտը հենց մենք ենք եւ ոչ երբեք դիմացինը:



Հանրաքվեի քարոզարշավի շոուն ոչինչ չտվեց: Դա ակնհայտ էր արդեն շոուի առաջին օրվանից: Պատճառը մեկն էր՝ խոսում էին ամեն ինչից, բացի հանրաքվեի իսկական շարժառիթներից, կառավարման կարգի փոփոխության բուն անհրաժեշտությունից, տարածաշրջանային մարտահրավերներից ու այն հանգամանքներից, որոնց ազդեցությամբ էլ, ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանությունները գնացել էին այս քայլին: Բնականաբար, ոչ մի խոսք չկար նաեւ որեւէ կենտրոնից պարտադրված լինելու մասին:



Արտաքուստ հենց այդպես է թվում: Ընդդիմությունից քանի-քանի դիմումներ եղան Ռուսաստանին, խնդրանքներ, որ Պուտինն օգտագործի իր ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հետ կանգնեն Սահմանադրությունը փոխելու որոշումից: Անմիջապես հետեւում էր պատասխանը՝ Պուտինն ուրիշ երկրների ներքին գործերին չի խառնվում: Նույն ընդդիմությունը քանի-քանի օտար դեսպանի դուռ գնաց, որ ճնշում գործադրեն Սերժի վրա, որպեսզի հանրաքվեն չեղյալ հայտարարի: Դարձյալ ապարդյուն:



Ուշադրություն դարձրեք ԱՄՆ դեսպանատան հայտարարության վրա, որ տարածվեց հանրաքվեից հետո: Նրանք, ճիշտ է, նկատել են, որ այն անցել է խախտումներով, բայց դա չէ, որ կարեւորել են, այլ ՄԻՊ-ի եւ դատախազության աշխատանքը, որը նույնիսկ ողջունել են, հիացած են, որ այդ կառւյցներն այդքան ուշադիր են եւ քննում են ամեն խախտում: Մտածում ես՝ գուցե Արեւմուտքի՞ սրտով էր այս հանրաքվեն:



Ինչո՞ւ փոխեցինք Սահմանադրությունը: Այս հարցը հենց այն հարցերից է, որի պատասխանը մի քանի սերունդ դեռ չի ունենա: Մեզանում, սակայն, կան մարդիկ, ովքեր զուտ խորաթայի մակարդակով գիտեն այդ հարցի պատասխանը եւ արդեն մեր օրերում լուսավորում են ազգն իրենց տափակաբանություններով՝ չնայելով, որ հայտնվում են ծիծաղելի վիճակներում: Այդպիսի մեկին ես ճանաչում եմ՝ Տիգրան Խզմալյան անուն-ազգանունով՝ մտավորականի յափնջի հագած մի ապուշ արարած, «հայրենիք» եւ «ազգ» հասկացությունների հակառակորդ, Ադրբեջանի ԿԳԲ-ի լյուբիմչիկ, որին, չգիտես ինչու, հանդուրժում է ՀՀ ԱԱԾ-ն: Եվ սա նույնպես անպատասխան մի հարց է:



Ինչո՞ւ է Շանթ Հարությունյանը բանտում, իսկ Տիգրան Խզմալյանը՝ ազատության մեջ: Եթե հավատանք Մոսկվային ու Պուտինին անխնա քննադատող, ՀՀ իշխանություններին նրանց խամաճիկը համարող Խզմալյանի անկեղծությանը, ապա միանգամայն անհասկանալի է դառնում նրա հետեւյալ պնդումը. «Միակ մարդը, որն այդ մասին բարձրաձայնեց, այսօր գտնվում է բանտում՝ Շանթ Հարությունյանը»: Մի՞թե Շանթը միակն է: Իսկ դո՞ւ, Խզմալյան: Մի՞թե դու՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների քաջատեղյակդ, ազատության մեջ ես միայն նրա համար, որ փողոցում խլապուշկաներ չես պայթեցրել:



Իսկ այսպիսի ինչուները շատ են: Դեռ մեկ տարի առաջ ձեւավորվեց, այսպես կոչված, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը: Հիշո՞ւմ եք՝ երթ եղավ դեպի Ղարաբաղ, դանակահարություն Գյումրիում: Տիգրան Խզմալյանը շարժման առաջին օրերին եւ ընդհուպ մինչեւ Արցախ գնալը Ժիրայր Սեֆիլյանի կողքին էր, բայց հանկարծ գոլորշիացավ: Ժիրոն բանտ նստեց, իսկ ինքը դարձյալ զվռնում էր ազատության մեջ եւ հարցազրույցներ տալիս ադրբեջանական կայքերին: Այստեղից ընդամենը երկու եզրակացություն կարելի է անել՝ կամ «քցող» է, կամ… Իսկ եթե ավելի կոռեկտ արտահայտվենք՝ ԿԳԲ գործակալ, որ վատ է սերտել կոնսպիրացիայի կանոնները:



Եվ վերջում երկու խոսք այն մասին, որ քաղաքական հարցերում Տիգրան Խզմալյանը կատարյալ անգրագետ է: Նրա կարծիքով՝ Հայաստան այլեւս գոյություն չունի, այն ֆորմալ ձեւով Ռուսաստանի մարզ է, իսկ պարոն Պուտինին ավելորդ նախագահներ պետք չէին, ուստի ի կատար ածվեց խորհրդարանական կառավարման մոդելին անցումը: Եվ ահա թե ինչ է ասում նա. «Անգամ ծաղրանկարային բռնապետները, ինչպիսիք են Լուկաշենկոն կամ Սերժ Սարգսյանը, որոշակի արգելանք են Խորհրդային Միության վերստեղծման՝ այդ ԽՍՀՄ-2 նախագծում, իսկ խորհրդարանական համակարգը շատ ավելի լղոզված է եւ խոցելի»: Ի դեպ, սա ասում է այն նույն Խզմալյանը, որը ժամանակին համոզված էր, որ Սերժ Սարգսյանն այս ամենը նախաձեռնել է վերարտադրվելու համար: Բայց այսօր նա պնդում է, որ՝ չէ, այս ամենն արել է Պուտինը, որ ազատվի Սերժ Սարգսյանից: Դե արի ու գլուխ հանիր այս մտավորականից:



Եվ ապա՝ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Պուտինն իր առջեւ նման խնդիր է դրել, պետք է որ, նախ, ազատվեր Լուկաշենկոյից, որովհետեւ Բատկան շատ ավելի ծաղրանկարային բռնակալ է, էլ չասած, որ Բելառուսն էլ՝ ավելի մեծ երկիր՝ գրեթե ռուս ազգաբնակչությամբ: Բայց դու տես, որ Պուտինը հանրաքվեն Հայաստանում արեց, մի երկրում, որն ավելի հեշտ էր Բաղրամյան 26-ի միջոցով ղեկավարելը, քան ԱԺ-ի, որը չգիտես ինչպիսին կլինի ընդամենը 1.5 տարի անց: