Ամանորի նամակ նախագահին

Ամանորի նամակ նախագահին

Բարի երեկո, մեծարգո նախագահ:



Ուշադրությամբ հետևում ենք ամանորյա Ձեր բազմազբաղ առօրյային: Գնում եք արտգործնախարարություն, կենտրոնական բանկ, շքեղաշուք դահլիճներ լցնում կուշտուկուռ հասարակությամբ, նախագահականում ընտանեկան ջերմությամբ ընդունում սահմանամերձ գյուղերի երեխաներին: Այսօր էլ ընդունել էիք լրագրողներին:



Հուսամ՝ տանն եք՝ զոլավոր պիժամա, հողաթափեր... Երևի լրագիր կամ ամսագիր եք նայում կամ՝ հեռուստացույց դիտում: Կտրվեք մի պահ, խնդրում եմ: Մոտեցեք համակարգչին, բացեք նախագահի կայքը և մեկ անգամ էլ կարդացեք լրագրողների ընդունելության ժամանակ ձեր ունեցած ելույթը, փորձեք ավելի խորությամբ ընկալել Ձեր բոլոր ասածներն ու թերթել այն լուսանկարները, որոնցում պատկերված եք Դուք՝ երևի մի քանի հարյուր լրագրողների հետ: Հուսամ՝ սահմանամերձ գյուղերի երեխաներից շատ չեն նրանք, թեև այդպես է թվում:



Չե՞մ սխալվում:



Ուրեմն նայեք այդ լուսանկարները:



Ձեր աշխատակազմը, փաստորեն, լրագրողների չի ճանաչում: Մարդիկ, ովքեր այսօր նախագահականում էին, կամ նրանց մեծ մասը, վաղուց արդեն լրագրող չեն: Նրանց բնութագրող լավագույն բառը թերևս «փոդրատչի» բառն է: Նրանք վաղուց ասուլիսների չեն գնում, մոռացել են թե ինչ է հարցազրույցն ու ակնարկը, իսկ նրանց մի մասն էլ՝ տելեզվեզդաներ են բառիս բուն իմաստով, տիկնիկներ, որոնց, պուդրայում, գրմ-մրիմ են անում և դնում հեռուստաէկրանի վրա:



Այս ուրախ օրով անուններ չեմ ուզում տալ: Թերթում եք, չէ՞ լուսանկարները:



Իսկ հիշո՞ւմ եք այն լրագրողների դեմքերը, ովքեր վազում էին Ձեր հետևից, որ մի բառ ասեիք: Իսկ Դուք՝ իյա՞, իրո՞ք... Ինչքա՞ն է պետք խփել, խփենք... Հիմա նայեք Ձեզ հյուր եկած այդ դեմքերին ու փորձեք հիշել, թե նրանցից ո՞վ է թևավոր դարձրել ձեր այն արտահայտությունները, որոնք օգնել են հասարակությանը հասկանալու Ձեզ՝ որպես անձ, որպես որոշակի նկարագիր և հոգեկերտվածք ունեցող մարդ: Այսօրվա ընդունելության դեմքերի մեջ մի փնտրեք նրանց, չեք գտնի: Այսօր Ձեզ շրջապատել էին փոդրատչիները, որոնց ենթակայության տակ եղած թերթերում Դուք քարե արձան եք ընդամենը՝ խնամքով արդուկված կոստյում- փողկապի մեջ:



Հնարավոր է հարցնեք՝ իյա, իրո՞ք:



Իրոք, իրոք: Ասում եք մամուլի ազատությունը մեզ մոտ կարելի է փաստ համարել: Գոհ ենք, սրանից էլ ենք գոհ: Բայց, դժբախտաբար, Դուք ազատ չեք...



Մեծարգո նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեր և երկրի առումով Ձեր մեծ ընտանիքի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Շատն անցավ, մնաց քիչը: Հույս ունեմ, որ այս քիչն էլ կբավականացնի Ձեզ հրաժարվելու այն արհեստականությունից, որ հավասարապես աղճատում է իրականության մեր ու Ձեր պատկերացումները: