Ով մի հատ «բուտերբրոտ» է տալիս, վազում են էնտեղ. պարտված գյուղապետերը մեղադրում են ժողովրդին

Ով մի հատ «բուտերբրոտ» է տալիս, վազում են էնտեղ. պարտված գյուղապետերը մեղադրում են ժողովրդին

Ապրիլի 17-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք և Վայոց ձոր մարզերի 33 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Համայնքի ղեկավարի ընտրություններ էին անցկացվում Արագածոտնի Թալին, Վերին Սասնաշեն, Արարատի Արևշատ, Դվին, Մրգավետ, Շահումյան, Ռանչպար, Արմավիրի Աղավնատուն, Այգեկ, Այգևան, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի, Փշատավան, Գեղարքունիքի Այրք, Զոլաքար, Լոռիի Դաշտադեմ, Խնկոյան, Սարամեջ, Սարչապետ, Սպիտակ, Կոտայքի Բյուրեղավան, Հատիս, Հրազդան, Սևաբերդ, Քանաքեռավան, Սյունիքի Արծվանիկ, Խնձորեսկ, Վարդավանք և Վայոց ձորի Գետափ համայնքներում: 



33 համայնքներից 4-ի դեպքում գործող համայնքապետերը չեն վերընտրվել։ Արմավիրի մարզի Փշատավան համայնքում հաղթել է ՀՀԿ-ական Ազատ Քյարամյանը` ստանալով 752 ձայն, համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ ական Ռաֆիկ Ստեփանյանը ստացել է 440 ձայն: Hraparak.am-ի հետ զրույցում Ռաֆիկ Ստեփանյանը նշեց, որ իրենց գյուղում կողմերն անգամ ձեռնամարտի են բռնվել, քաշքշել ու կոտրել լրագրողների տեսախցիկները, ժամանել են ոստիկաններ։ Իր պարտության մասին Ստեփանյանը ասաց. «Ժողովուրդը խաբեց, ասին՝ կընտրենք, չընտրին»։ Նա նաև նշեց, որ մրցակիցը «թափով» թիկունք է ունեցել, նրան աջակցել է ջայլամաբուծության ֆերմա ունեցող մի «մեծահարուստ»։ Այն հարցին, այսինքն՝ ընտրակաշա՞ռք է բաժանել, նա պատասխանեց «Ես չգիտեմ, ձեռքը չեմ բռնել»։ Ստեփանյանը հաստատեց 6-րդ վարչության ու ոստիկանության աշխատակիցների այցը համայնք, սակայն վստահեցրեց, որ ընդհարումը եղել է լրագրողների ու մրցակցի թիմակիցների հետ. «Կարծեմ լրագրողներն ուզեցել են իրենց ցուցակը նկարեն, իրանք իրանց ցուցակն ունեին, ով գալիս ընտրում, դուրս էր գալիս, ընդեղ նշում էր, թույլ չեն տվել, կարծեմ իրա մորքուրի թոռը տեսախցիկը խլել, ջարդել են։ Եկան բաժնից, տարան էդ տղերքին, հետո լսեցի, որ բաց են թողել»։



Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գործող անկուսակցական գյուղապետ Աշոտ Գրիգորյանը (537 ձայն) պարտվել է մեկ այլ անկուսակցական թեկնածու Գնել Մաթևոսյանին, որը ստացել է 859 ձայն: Hraparak.am-ի հետ զրույցում Աղավանատան նախկին գյուղապետ Աշոտ Գրիգորյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում խոսել ընտրությունների մասին, և ոչ ոքի ոչինչ այդ թեմայով չի ասել և չի ասելու։ Հաղթած գյուղապետին՝ Աշոտ Գրիգորյանը որպես մրցակից տեսել է, իսկ ընտրակեղծիքներ չեն եղել. «Ոչ մի ընտրախախտում, ընտրակեղծիք չի եղել, ամեն ինչ խաղաղ է անցել՝ առանց բախումների»։ Իսկ որպես այդպիսին քարոզարշավ նախկին գյուղապետի կողմից չի եղել. «Դե սա գյուղ է, մեկը մյուսին ճանաչում է, նույն համագյուղացին ենք, առավել ևս 4 տարի եղել եմ գյուղապետ, իմաստ չուներ քարոզարշավ իրականացնելու»։ Նախկին գյուղապետի խոսքերով՝ խոստումներ գյուղացիներին թե՛ իր, թե՛ նորանշանակ գյուղապետի կողմից չեն եղել։



Հետաքրքիր են անցել նաև ընտրությունները Արմավիրի մարզի Այգևան համայնքում, որտեղ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սպարտակ Էքիզյանը (383 ձայն) պարտվել է անկուսակցական Հրաչյա Հովհաննիսյանին. վերջինս ստացել է 421 ձայն:
«ժողովրդի մակարդակի պատճառով ես չընտրվեցի գյուղապետ, ով որ մի հատ «բուտերբրոտ ա» տալիս, վազում են էնտեղ, ես ոչ մի բան չեմ արել, 3 տարի վերընտրվեցի, էդ իմ շնորհքի համար էր, էս անգամ էլ տենց ստացվեց, ի՞նչ անեմ»,- մեզ հետ զրույցում պատմում է Այգևան համայնքի նախկին գյուղապետ Սպարտակ Էքիզյանը։
Նա հաղթած թեկնածուին ճանաչում է, նույն գյուղից են, բայց շփում որպես այդպիսին չի եղել։ Էքիզյանը նշում է, որ վերընտրվելու իր շանսերը մեծ է գնահատել. «Մտածում էի 150-200 ձայնով ավել կհաղթեի։ Ես իմացել եմ, որ իմ ընտրողները ինձ կընտրեին։ Իմ ընտրողները 500-550 են եղել, երևի իրենք լավ քարոզարշավ են արել, ես չգիտեմ»։ Նա վստահեցրեց, որ  ընտրակեղծիքներ ու խախտումներ չեն եղել. «Վստահելի անձինք են եղել, օրենքի սահմաներում է անցել ամեն ինչ, ո՞նց կլաուզնյա անենք»։



Իսկ Քանաքեռավանում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ջիվան Քամալյանին (824 ձայն) հաղթել է ՀՅԴ-ական Հայկ Սարգսյանը` ստանալով 933 ձայն: Փորձեցինք կապ հաստատել նախկին գյուղապետի հետ, բայց նա տեւական ժամանակ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, մեծ դժվարությամբ կապ հաստատելուց հետո էլ իր պարտքը համարեց ասել «իզուր էլ զանգել եք» եւ անմիջապես անջատեց հեռախոսը: Ավելի ուշ պարտված գյուղապետը հետ զանգեց եւ որոշեց խոսել. «Մրցակցիս ընտրվելու շանսերը շատ թույլ էի գնահատում։ Գյուղացիները ասում էին որ քեզ կընտրենք, ամեն ինչ նորմալ կլինի»: Նախկին գյուղապետի խոսքերով՝ ընտրությունը անցել է թափանցիկ, առանց ընտրախախտումների ու կեղծիքների, մրցակիցն էլ առաջին անգամ էր իր թեկնածությունը առաջադրում։



Աննա Պապիկյան