Ղարաբաղյան թակարդ՝ Մոսկվայի համար

Ղարաբաղյան թակարդ՝ Մոսկվայի համար

Հետաքրքիր է իմանալ՝ Պորոշենկոյի Բաքու կատարած այցից հետո ինչ են զգում մեր այն վերլուծաբանները, որոնք ռուս-ադրբեջանական ցանկացած շփում գնահատում են որպես Հայաստանի հաշվին ինչ-որ գործարք իրականացնելու փորձ: Առնվազն տարօրինակ չէ՞, որ խորհրդային տարիները ռուսական օկուպացիայի ժամանակաշրջան հայտարարած, բանդերականությունը որպես ուղիղ ճանապարհ ընտրած, Վոլինում լեհերի կոտորածների համար սեփական ազգայնամոլներին արդարացնող ու այդ կոտորածները ռուսների վրա բարդող Պորոշենկոն մեկ էլ հայտնվում է Բաքվում, ընդ որում՝ Լավրովից հետո, կրնկակոխ:



Ալիեւի հետ երկկողմ շփումներ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովում, այժմ էլ՝ այց Բաքու եւ նորից բանակցություններ… Նժդեհի արձանի համար իրեն պատեպատ տվող ՌԴ ԱԳՆ-ն, հավանաբար, գիտի, թե ինչի շուրջ են բանակցում Պորոշենկոն եւ Ալիեւը, որովհետեւ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ, առհասարակ, ողջ Արեւմուտքի աջակցությունը վայելող Պորոշենկոն, որ, ի հեճուկս Ռուսաստանի, իշխանության բերվեց Կիեւում, մեր կարծիքով՝ պակաս «Նժդեհ» չէ Ռուսաստանի համար: Եվ, ուրեմն, ի՞նչ կարող է Բաքվին խոստանալ Լավրովը, երբ Բաքուն այնքան ջերմ զգացմունքներ է տածում Պորոշենկոյի նկատմամբ: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը հետխորհրդային երկրներից թերեւս ամենաանկախն է Ռուսաստանից, ապա դժվար չի լինի հասկանալ, որ Ռուսաստանը պարզապես չի կարող ինչ-ինչ խոստումներով իր կողմը գրավել Ալիեւին, որը ոչ մի խնդիր չունի Պորոշենկոյի նման հակառուսական երեւույթի հետ ջերմ, բարեկամական հարաբերություններ պահպանելու հարցում:



Եվ, եթե Մոսկվայում հասկանում ու գնահատում են Ալիեւ-Պորոշենկո ջերմությունը, ուրեմն Լավրովի այդ ի՞նչ պլանի մասին է խոսքը, որը, իբր, գոյություն ունի եւ, իբր, շատ անբարենպաստ է Հայաստանի համար:



Մեր կարծիքով՝ նման բան գոյություն չունի, իսկ ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի այս ընդգծուն դերակատարությունն ունի բոլորովին այլ պատճառներ, ընդհուպ՝ Մոսկվայից անկախ:



Եթե հիշում եք՝ «Լավրովի պլան» բառակապակցությունը շրջանառության մեջ մտավ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ ՌԴ ԱԳ ղեկավարն այցելեց Երեւան եւ Բաքու: Կողմերի միջեւ հրադադարի համաձայնագիրն ստորագրվել էր Մոսկվայում՝ Պուտինի կոչից հետո: Մոսկվան ձեռք էր բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր՝ արտաձեւաչափային արբիտրի կարգավիճակ: Եվ ամենազարմանալին էլ այն էր, որ ԱՄՆ-ն շատ հանգիստ էր նայում դրան, առանց խանդի: Դա պետք է որ Մոսկվային անհանգստացներ, որովհետեւ Արեւմուտքի խորամանկությունն այս դեպքում ավելի քան ակնհայտ էր: Բայց Մոսկվան շարունակեց իրեն ցուցաբերված այդ մեծարանքից ոգեւորված առաջ գնալ, իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանն արդեն այնպիսի տպավորություն կար, որ հարց լուծողը Պուտինն է եւ ոչ ոք՝ Պուտինից բացի: Իսկ Արեւմուտքը շարունակում է խաղը: Քերրին ծանր ու մեծ այցելում է Մոսկվա, Ուկրաինայի եւ Սիրիայի հարցով բանակցություններ վարում, գովում Ռուսաստանի դիրքորոշումն ու աջակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, իսկ Ղարաբաղի հարցով էլ, հավանաբար, ակնարկում, որ իրենք վստահ են, որ այդ կարգավորումը հուսալի ձեռքերում է՝ ի դեմս Պուտինի:



Խաղը շարունակվում է: Ղարաբաղի հարցի կարգավորման ղեկը տվել են Մոսկվայի ձեռքը, Մոսկվան ակտիվ շփումներ է սկսել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, լուծում է փնտրում, իսկ այն չկա: Կարճ ժամանակ անց Մոսկվան կհասկանա, որ թակարդում է հայտնվել, որովհետեւ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում, ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն, ԼՂ կարգավիճակի ցանկացած տարբերակ նշանակում է Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացում: Մոսկվան ստիպված կլինի հաշտվել կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի վերջնական կորստի հետ:



Կկարողանա՞ Մոսկվան դուրս գալ այս ծուղակից՝ պահպանելով ազդեցությունը տարածաշրջանում: Դժվար է ասել: Ասելու համար պետք է իմանալ, թե ապրիլյան պատերազմից հետո ինչ են մտմտում Պուտինը եւ Լավրովը ամեն անգամ Բաքու գնալուց կամ Ալիեւին տեսնելուց առաջ: Նրանք, ամենայն հավանականությամբ, հասկանում են, որ Արեւմուտքը փորձում է իրենց ձեռքով շագանակ հանել կրակից, եւ միակ բանն այս իրավիճակում, որ իրենց օգտին է աշխատում, դա ժամանակն է: Որքան երկար պահպանվի ներկա ստատուս քվոն, որքան ուշ որոշվի Ղարաբաղի կարգավիճակը, եւ որքան ձգվի հայ-ադրբեջանական հակամարտությունը, այնքան լավ Մոսկվայի համար: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նա էլ դեմ չէ, որ Մոսկվան Ղարաբաղի հարցի նման «հրաշալի» զբաղմունք ունենա, մինչեւ հորով-մորով անեն իրենց նախագահական ընտրությունները, մինչեւ տեսնեն, թե ինչ է լինում Սիրիայի հետ, եւ ինչպես են Ուկրաինան վերջնականապես դուրս բերում Մոսկվայի գազային հարվածների տակից:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ