Սա այն դեպքն է, երբ համաշխարհային փորձը մեր դեմ է

Սա այն դեպքն է, երբ համաշխարհային փորձը մեր դեմ է

Հուլիսի 17-ի տագնապալի օրը դեռ երկար ենք հիշելու: Երեւանը, կարծես, ստանձնել էր Նիսի, Անկարայի եւ Ստամբուլի դեպքերի էստաֆետը: Համաշխարհային մամուլը կրկին անդրադառնում էր մեզ, բայց այս անգամ ոչ թե որպես տարածքով, մարդկային եւ ֆինանսական ռեսուրսով գերազանցող Ադրբեջանին արժանի հակահարված տվող երկրի, այլ որպես հակասություններով լի մի պետության, որտեղ մարդիկ, այլ ելք չգտնելով, զինված ներխուժել են ոստիկանական ստորաբաժանման տարածք՝ պատճառ դառնալով ոստիկանության բարձրաստիճան սպայի զոհվելու եւ մի քանի մարդու վիրավորվելու: Իսկ պատանդներ վերցնելու մասին լուրն էլ այս «օպերացիայի» թագնուպսակն էր, ինչին հաջորդեցին «ահաբեկչություն», «ահաբեկիչներ» որակումները:



Քաղաքական դաշտի արձագանքն այս ամենին ադեկվատ էր՝ սա արկածախնդրություն է, որ ոչ զինված հեղաշրջման էր ձգում, ոչ ահաբեկչական ակտի եւ ոչ էլ, մանավանդ՝ զինված հեղափոխության, ինչպես, իրար հերթ չտալով, գրում էին որոշ կայքեր ու ֆեյսբուքյան «ընկերություններ»։ Այո, միանշանակ, արկածախնդրություն էր սա, որը, եթե մի հրաշքով էլ չհարվածի երկրի միջազգային վարկին, ապա, անշուշտ, մեր հասարակությանը կհարվածի ներսից:
Կիսելով բոլոր այն գործիչների կարծիքը, որ արյունահեղությունից խուսափելու միակ ելքը զենքը վայր դնելն ու իշխանություններին հանձնվելն է, կցանկանայի նաեւ խոստովանել, որ այս պահին ցավ եմ ապրում Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների համար, որոնք, զինված հարձակման փաստը դեռ դնենք մի կողմ, մեկ օրվա մեջ ազատամարտիկից ու հերոսից վերածվեցին շարքային մարդասպանի:



Մենք տակավին ձեռնպահ կմնանք, այսպես կոչված, Հիմնադիր խորհրդարանի զինված ջոկատի գործողությունները պետական դավաճանություն որակելուց: Դրա համար դեռ շատ բան պետք է պարզել՝ որտեղից են ֆինանսավորվում, ում հրահանգներն են կատարում (սկսած աղմուկ հանած ավտոերթից դեպի Արցախ եւ 2015 թվականի Ցեղասպանության 100-ամյակը տապալելու կոչերից), ինչ են հետապնդում՝ արտաքին միջամտության այս դուռը բացելով: Ցավոք, քիչ է նաեւ հավանականությունը, թե սրանով փորձ արվեց ռազմավարական գործընկերոջը հասկացնել, որ Հայաստանում հնարավոր են ուկրաինական զարգացումներ, եթե փորձ արվի փոխել ԼՂ ստատուս-քվոն հօգուտ Ադրբեջանի: Այս պահին մնում է միայն մտածել, որ գործ ունենք տառացիորեն անհետահայաց մարդկանց մի խմբի հետ, որ զուտ ուշադրություն գրավելու համար պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաեւ արյուն թափելու:



Հասարակ լոգիկա էր պետք հասկանալու համար, որ երբ զենք-զինամթերք հավաքելու, պահելու եւ նման մեղադրանքներով ձերբակալված «հրամանատարին» ազատելու ես գնում զենք ու զրահով, ակամա հաստատում ես իրավապահների առաջադրած մեղադրանքը: Հնարավո՞ր է, որ Ժիրայր Սեֆիլյանը չիմանար «Սասնա ծռեր» զինված ջոկատի մասին: Իսկ գուցե մեկ օրո՞ւմ են զինվել՝ դաշտում պատահաբար գտած զենքերով:
Երբեմնի ազատամարտիկ Պավլիկը հայտարարում է, թե իրենց կռիվը ոստիկանների հետ չէ՝ այլ իշխանությունների, եւ իրենք ոստիկաններին համարում են իշխանությունից տուժող: Եղբայր, այդ դեպքում ինչո՞ւ եք ոստիկանության բաժանմունքի վրա գնացել։ Գրավեիք որեւէ վարչական շենք, պատանդ վերցնեիք այդ շենքում նստող ղեկավարին ու անձակազմին: Այլապես դեմագոգիա է արածդ հայտարարությունը, թե ոստիկանները ձեր բարեկամն են:



Ինչի՞ վրա էին հույսները դրել: Մի՞թե ժողովրդի, որն այս լուրն առնելուն պես ինքնաբուխ պետք է փողոց թափվեր: Զարմանալի է, որ Հիմնադիր խորհրդարանը, նախ՝ պատկերացում չունի իր հետեւորդների թվաքանակի մասին եւ, ապա՝ ուզում է «հեղափոխություն» հրահրել մի պահի, երբ իր երազած մասսաները կամ հանգստի են մեկնել եւ կամ գյուղերում զբաղված են եռուն դաշտային աշխատանքներով: Եվ, առհասարակ, մի՞թե Հիմնադիր խորհրդարանում տեղյակ չեն, որ այս կարգի բոլոր հեղափոխությունների կարեւորագույն նախապայմանը փողոցում կանգնած ժողովուրդն է, որին պետք է ընդամենը ղեկավարել: Դուք հո պետություն չե՞ք, որ զորահավաք անեք, տղերք:



Երբ գրվում էին այս տողերը, բանակցությունները զինված խմբի հետ շարունակվում էին: Պահանջում են, որ Ժիրայր Սեֆիլյանին բերեն, եւ նա բանակցություններ վարի: Առնվազն ծիծաղելի է մտածելը, որ իրավապահները Ժիրայր Սեֆիլյանին չեն ներկայացրել իրավիճակը, եւ նա իր ընկերներին կոչ չի արել հանձնել զենքը եւ ենթարկվել իշխանություններին: Բայց եթե նույնիսկ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ներկայացնում են, ապա զարմանալի է, թե ինչի են սպասում հատուկ ջոկատները: Մի՞թե վախենում են հաթաթայից, թե զինված խումբը պատասխան քայլեր կձեռնարկի: Կներեք, բայց երբ դեպքերը սցենարացված չեն, եւ բանն էլ հասել է պետության ու նրա ներկայացուցչի վրա կրակելուն, ամենամեծ հումանիզմն անգամ իր տեղը շատ արագ զիջում է հստակ եւ սառնասիրտ գործողություններին: Սա արդեն համաշխարհային պրակտիկա է, որը, միանշանակ, մեր դեմ է: Դրան չհասնենք:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ