ՕՐՕ-ի ձախողումը

ՕՐՕ-ի ձախողումը

Այս ընտրություններում հաջողության հասած կուսակցությունների մասին շատ է խոսվել, մինչդեռ արժեր կենտրոնանալ ձախողվածների վրա, վերլուծել պատճառները, հասկանալ, թե ինչը խանգարեց, ասենք, 3 նախկին նախարարների դաշինքին գոնե 5 տոկոս ձայն հավաքելուն։ Չէ՞ որ տարիներ շարունակ հայ հասարակությունը տեսել ու լսել է նրանց, նրանք ճանաչելի էին եւ փիառի կարիք էլ առանձնապես չունեին, մեծ թվով մարդիկ են շփվել նրանց հետ, ենթադրվում է, որ բազում մարդկանց են նրանք օգտակար եղել։ Եթե «չոբանհաշիվ» անենք եւ պրիմիտիվացնենք խնդիրը՝ 5 տոկոս ձայների քանակը՝ 80 հազարը բաժանելով երեք անձի վրա, ապա ստացվում է, որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը «յուրաքանչյուրը» պետք է ընդամենը 26-27 հազար ձայն բերեր դաշինքին՝ ԱԺ մուտք գործելու համար։ Եթե տասնամյակների գործունեության ընթացքում այդ անձինք 26 հազար մտերիմ, կուսակից, համակիր, գաղափարակից չեն կարողացել «վաստակել», ապա նրանց տեղը հաստատ քաղաքական դաշտը չէ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը։ Անշուշտ, չի բացառվում, որ նրանց ձայներից որոշ քանակ «գողացել» են, իհարկե, պետք է հաշվի առնել, որ նրանց դեմ մի հսկա քարոզչամեքենա է աշխատել, եւ հակաքարոզչության բոլոր հնարքներն են կիրառվել, բայց, միեւնույն է՝ նրանք այդ ամենը նախապես պիտի հաշվի առած լինեին եւ նվազագույն քաղաքական կապիտալ պետք է կուտակած լինեին։ Լավ կլիներ, որ այս գործիչներն իրենց մեջ ուժ գտնեին նախ իրենց վրիպումները հասկանալու, ապա, որքան էլ բարդ է, մեջքը շտկելու եւ այսօրվանից արդեն հաջորդ ընտրություններին պատրաստվելու համար։ Բայց մեր իրականության մեջ նման հրաշքներ չեն լինում՝ մերոնք առաջին դժվարությունից հետո արագ կոտրվելու եւ ասպարեզից հեռանալու մեծ մասնագետներ են։