Հայաստանի անվտանգության սպառնալիքը Նիկոլի իշխանությունն է
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյան Էդմոնի «պետականաստեղծ» հայտարարությունից որոշ ժամանակ անց նույնը կրկնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այն է՝ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Բայց չբավարարվելով Էդմոնի ասածով՝ ավելացրել է, որ «դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է եւ հարված»: Կարծում եմ, որ թե՛ Մարուքյան Էդմոնը, որ ենթադրաբար մեզ է հաղորդել Փաշինյան Նիկոլի միտքը, եւ թե՛ Սիմոնյան Ալենը նորություն չեն ասել: Ընդամենը կարճ ու հստակ ձեւակերպել են այն, ինչ արվում է գործող իշխանությունների կողմից: Եվ հանուն ինչի այդ անձինք հայտնվեցին իշխանության բլրի գագաթին: Դա, նախ, պատմական մեր հայրենիքի մաս կազմող ու 30 տարի առաջ վերադարձրած Արցախը թշնամուն հանձնելն էր: Եվ երկրորդ՝ հայաստանցիների հիշողության միջից ջնջելու «Արցախ» անվանումը: Իսկ դրա համար անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանում չգործեն արցախյան վտարանդի իշխանության մարմինները: Այնպես որ, արձանագրենք՝ այս հարցում նորություն չկա:
Մեծ հաշվով, նորություն չէ նաեւ այն, որ այդպես է մտածում հայաստանցիների որոշ մասը. 2021-ին այդպես մտածողներն ավելի շատ էին, իհարկե, քան` այսօր: Եթե այդպես չլիներ, ապա 44-օրյա պատերազմում խայտառակ պարտության պատասխանատու եւ մեղավոր իշխանությունը (Նիկոլը) չէր վերարտադրվի 2021 թվականի ընտրությունների միջոցով: Ինչը նշանակում է, որ ոչ միայն իշխանավորների, այլեւ շարքային քաղաքացիների շրջանում աղավաղված է յուրաքանչյուր ազգությանը բնորոշ հիմնական հատկանիշներից մեկը՝ հայրենասիրությունը: Ու այդ պատճառով էլ մենք դեգերում ենք պատմության քառուղիներով՝ առանց կանգ առնելու եւ գտնելու մեր տեղը: Չնայած հպարտանում ենք, որ մեր թիկունքին կրում ենք առնվազն երեքհազարամյա (գրավոր ավանդված) պատմություն:
Մեր այսօրվա վիճակը փոխելու համար անհրաժեշտ է, նախ, փոխել ինքներս մեզ: Եվ առաջին հերթին հայրենասիրություն սերմանել մեր հոգիներում՝ սկսած մանկապարտեզից եւ վերջացրած թոշակառուներով: Ու դա անել ընտանիքի եւ անհատական մակարդակով, քանի որ այսօրվա իշխանության տեսակետից դա սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը: Որովհետեւ եթե մեր պետականության առումով սպառնալիք է հայրենիքի մաս կազմող Արցախի պետական ինստիտուտների պահպանումը եւ ընդհանրապես Արցախի անվան հիշատակումը, ապա սպառնալիք պետք է լինի նաեւ հայրենասիրությունը: Այն զգացումը, որը պետք է լիներ Արցախը հայկական պահելու առաջնային գրավականը: Իսկ որպեսզի չեզոքացվի այն, վարչապետի աթոռից կառչած անձը փորձում է խոսքային մանիպուլյացիաներով ռեւիզիայի ենթարկել «հայրենիք» հասկացությունը: Եվ տարրալուծել այն «պետություն» հասկացության մեջ: Հիշեցնեմ նրա խոսքը՝ «Հայրենիքը պետությունն է»:
Վերջինս «մոռանում» է, որ, ի տարբերություն հայրենիքի, պետության սահմանները մեկընդմիշտ տրված հաստատուններ չեն: Որ դրանք շարժուն են՝ կախված պետության հզորությունից կամ թուլությունից: Եվ կամ ընդհանրապես դրա բացակայությունից, ինչպես եղել է շուրջ 900 տարի մեր բնօրրանում: Կամ, ինչպես հրեաների դեպքում էր՝ շուրջ երկու հազար տարի: Սակայն նրանք պահպանեցին հայրենիքի զգացումը պետության բացակայության պայմաններում եւ դրա շնորհիվ վերստեղծեցին պետությունը: Իրականում, հայի հայրենիքն այն տարածքն է, որում ձեւավորվել է հայ ժողովուրդը: Իսկ պետությունը հայրենիքի ընդամենը ինստիտուցիոնալացված տարբերակն է: Որն ընդգրկում է հայրենիքի ամբողջական կամ ոչ ամբողջական տարածքն ամեն մի առանձին պատմական պահի:
Հիշենք, որ մի ժամանակ Նիկոլի համար հայրենիքն ընդամենը իր օջախն էր՝ առանց գիտակցելու, որ այդ օջախը կարող էր լինել թե՛ հայրենիքի տարածքում եւ թե՛ այդ տարածքից դուրս: Այնպես որ, հայաստանյան հասարակության գրագետ եւ հայրենասեր հատվածը պետք է ո՛չ գրագետ եւ ո՛չ հայրենասեր հանրությանը փորձի հասկացնել, որ, նախ, «Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք եւ հարված» է հենց Նիկոլի իշխանությունը: Եվ որպես դրա ածանցյալ՝ թե՛ հայրենիքից եւ թե՛ պետությունից չզրկվելու առաջնային պայմանը Նիկոլին եւ «նիկոլիզմն» իշխանությունից հեռացնելն է:
Կարծիքներ