Փաշինյանն ԱԺ ամբիոնից բացատրեց, թե ում միջոցով եւ ինչ մեթոդով է պետք հարցեր լուծել

Փաշինյանն ԱԺ ամբիոնից բացատրեց, թե ում միջոցով եւ ինչ մեթոդով է պետք հարցեր լուծել

«Սա, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է. եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է, ավելի քան կրկնապատկվում է նաեւ ծախսային մասը»,- խորհրդարանում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Միայն թե նա չի հստակեցնում, թե բյուջեն պատմական է Հայաստանի՞, թե՞ անձամբ իր եւ իր քաղաքական թիմի համար: Հայաստանի բյուջեի եկամտային եւ ծախսային մասը Փաշինյանի իշխանության օրոք անընդհատ ավելացել է, բայց երկրի վիճակը դրանից ոչ միայն չի լավացել, այլեւ հակառակը` անընդհատ, անշեղորեն վատացել է, իսկ անվտանգության, պաշտպանության ոլորտներում` բազմակիորեն: Նշանակում է՝ այդ ավել հավաքված գումարներն այլ տեղ են գնում, ծախսվում են ոչ թե հանրության, այլ կոնկրետ անհատների բարեկեցության ավելացման վրա: Այս պնդումը շատ հեշտապացուցելի է:

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասում է, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ժամկետային զինծառայողների թիվը 40 տոկոսով կրճատվել է` եղել է 44 հազար, այժմ միայն 24 հազար է: Կարելի է ենթադրել, որ առնվազն նույն չափով նվազել է նաեւ սպայական կազմի թիվը: Սարգսյանը չի հրապարակում, թե այդ ընթացքում ինչ փոփոխության է ենթարկվել պայմանագրային զինծառայողների թիվը, բայց, մեր տեղեկություններով, այդ թիվը եւս էականորեն նվազել է` պայմանագրայինների շրջանում շատ խիստ ատեստացիա է իրականացվում, եւ շատ պայմանագրային զինծառայողների հետ պայմանագրերը խզվում են: Ես բազմաթիվ նման դեպքեր գիտեմ: Զինծառայողների թվի կրճատումը՝ մի կողմից, մյուս կողմից՝ պաշտպանական կարիքների համար հատկացվող գումարների քանակի ավելացումը ենթադրում են, որ մեկ զինվորին բաժին ընկնող ծախսերը պետք է էականորեն ավելանային, զինծառայության պայմանները պետք է բարելավվեին: 2024 թվականին այդ ծախսերն էլ ավելի են մեծանում. պաշտպանական ոլորտի ընդհանուր ծախսերը կազմելու են 1,4 միլիարդ դոլարին համարժեք դրամ: 

Երեկ եմ խոսել Վարդենիսի զորամասերից մեկում ծառայող զինվորի հոր հետ եւ հարցրել, թե ինչպիսին են ծառայության պայմանները` արդյոք որդին գո՞հ է ծառայությունից: Խեղճ մարդը քիչ էր մնում լաց լիներ. զինվորները սառնամանիքին, անձրեւին ու շոգին ապրում են վրանում: Քանի որ զինծառայողների քանակը քիչ է, ամսվա մեջ ընդամենը մեկ շաբաթ են կարողանում իջնել դիրքերից ու մի փոքր հանգստանալ, սնունդն աննկարագրելի վատն է, իրենք գրեթե ամեն շաբաթ սնունդ են ուղարկում, տաք հագուստ: «Սառնամանիքից ձեռքերը ճաքել են, արյունահոսում են, բանակ գնալուց հետո 7 կիլոգրամ նիհարել է, գրեթե անճանաչելի դարձել: Ամեն օր արթնանում ենք ու կնոջս հետ ժամերն ենք հաշվում, թե մեր տղան երբ պետք է ազատվի այդ դժոխքից»,- ասաց հայրը: Հայաստանի պաշտպանական ծախսերն ավելանում են, իսկ զինվորները վարդենիսյան սառնամանիքին ապրում են վրանում, սնվում ու հագնվում են տնից ուղարկվող սննդով եւ հագուստով, զինվորները նիհարում են, իսկ Փաշինյանն ու իր թիմակիցները` գիրանում:

Մի բան է բյուջեում մեծամեծ թվեր նկարել-հայտարարելը, որ այսքան գումար է հավաքվելու, այսքան էլ ծախսելու ենք, մեկ այլ բան՝ իրական կյանքը: 2023 թվականի ավարտին մեկ ամիս է մնացել, բայց այս տարվա բյուջեով նախատեսված ծախսերի կեսից ավելին չի կատարվել: Նախատեսված է եղել կատարել 565 միլիարդ դրամի կապիտալ ծախս, սակայն կատարվել է 274 միլիարդի: Փաշինյանն ասում է, որ 2024 թվականի բյուջեի ծախսային մասը 2018 թվականի համեմատ կրկնակի աճելու է, եւ դա ներկայացնում է որպես ձեռքբերում: Բայց ի՞նչ օգուտ այդ ավելացումից, եթե դրա կեսից ավելին չի կատարվում, ստացվում է, որ 2018-ի համեմատ ոչինչ չի փոխվել, միայն թվերն են ուռճացվել: Իսկ այդ ծախսերը չեն կատարվում, ամենայն հավանականությամբ, փող չլինելու պատճառով. փողը թղթի վրա կա, բյուջեով նախատեսված է, բայց իրականում չկա, որ շինարարին տան, ու նա այդ գործն անի:

Նույնիսկ Փաշինյանի սիրած ասֆալտապատման ոլորտը փողի, ֆինանսավորման խնդիր ունի: Արմավիրում, որտեղ ես ապրում եմ, երկու ամսից ավելի է՝ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող փողոց են քանդել, բայց չեն ասֆալտապատում: Փողոցի փոշին ամեն անցնող մեքենայի հետ բարձրանում է ու լցվում մարդկանց, բնակարանների ու մեքենաների վրա: Չոր ժամանակ փոշի է, անձրեւից հետո՝ ցեխ: Մարդիկ շինարարներին հարցնում են, թե ինչու չեն աշխատում, ասֆալտապատում, ասում են` փող չկա, ֆինանսավորում չկա, մինչեւ փող չլինի, չենք կարող գործ անել: Հարցնում են՝ բա որ փող չկա, խորհրդային տարիների ասֆալտն ինչո՞ւ քանդեցիք, ասում են` քանդելու փողը տվել են, սարքելունը չեն տվել, սպասում ենք:

2024 թվականի բյուջեն իրականում կարող է լինել պատմական, բայց ոչ թե այն իմաստով, որ իբրեւ թե կրկնապատկելու է 2018 թվականի ցուցանիշը: 2024 թվականին սպասվում են տնտեսական եւ քաղաքական ցնցումներ, որոնք կարող են իրենց հետ սրբել ու տանել Փաշինյանին էլ, իր իշխանությունն էլ: Այ, եթե դա տեղի ունենա, 2024 թվականը, բայց ոչ բյուջեն, կարելի է համարվել պատմական, քանի որ հայ ժողովրդի պատմության մեջ այն կմնա որպես ազատագրման տարի` անհայրենիք ու երկիրը կործանման հասցրած իշխանություններից ազատագրվելու տարի, քաոսի, անիշխանության, ազգային նվաստացման եւ ողբերգության ավարտի տարի:

Խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանն իրեն հատուկ ցինիզմով Հայաստանում հարցեր լուծել ցանկացողներին հորդորեց՝ իրեն այլեւս չդիմել, քանի որ ինքն այդ հարցերը չի լուծելու, այլ դիմել ավելի ցածր պաշտոնյաների եւ այդ հարցերը լուծել կաշառքի միջոցով: Նա պատմեց, որ երբ մարդիկ իրեն դիմում են ինչ-ինչ հարց լուծելու խնդրանքով, ինքն իբրեւ թե փորձում է օգնել, բայց հետո պարզվում է, որ հարցը չի կարող լուծել, քանի որ այն օրինական լուծում չունի: Հետո տեղեկանում է, որ այդ նույն մարդիկ հարցը լուծել են` դիմելով ավելի ցածր պաշտոնյայի եւ այլ մեթոդներով, ինչը Փաշինյանն անվանում է խայտառակություն: Փաշինյանի ասածը նշանակում է միայն մի բան. եթե ուզում եք, որ ձեր հարցը լուծվի, այլեւս ինձ չդիմեք, ես անփող հարց լուծող չեմ, որովհետեւ փող վերցնողը եւս չեմ: Դիմեք ավելի ցածր պաշտոնյայի, նա ե՛ւ փող կվերցնի, ե՛ւ հարցը կլուծի, մնացածը ես ու ավելի ցածր պաշտոնյան իրար հետ կլուծենք: Իսկական խայտառակությունը սա է, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը երկրի խորհրդարանում խորհուրդ է տալիս, թե ոնց, ում միջոցով եւ ինչ մեթոդներով է պետք հարցերը լուծել:

Ավետիս Բաբաջանյան