Հայաստանում էական լուրջ փոփոխությունները դեռ առջեւում են

Հայաստանում էական լուրջ փոփոխությունները դեռ առջեւում են

Հատկապես վերջին օրերին խորհրդարանական ընդդիմության նկատմամբ «հեյթերների»` ատելություն տարածողների թիվն ավելացել է: Որոշ ակտիվ օգտատերեր, որոնք մշտապես աջակցել են ընդդիմությանը, այժմ բացահայտ քննադատում են նրան` ոչ ռադիկալ լինելու, իշխանության հետ «ջան-ջիգյար» անելու համար: Պառլամենտական ընդդիմադիրներին շատ հաճախ արտախորհրդարանական ընդդիմադիրներն են քննադատում, խորհրդարան չանցած նախկին պատգամավորները: Չնայած պաշտոնական ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ ոչ ոք չի խանգարում արտախորհրդարանականներին՝ լինել ավելի ռադիկալ եւ անել այն, ինչ իրենք չեն կարողանում անել: Ինչո՞ւ նրանք դուրս չեն գալիս պայքարի եւ չեն հեռացնում օրվա իշխանություններին: Ի վերջո, քաղաքական գործիչը` անկախ կարգավիճակից, պետք է նախ քաղաքական ծրագիր ունենա եւ այն կյանքի կոչի, ոչ թե զբաղվի ուրիշներին քննադատելով: Զրուցել ենք քաղաքագիտության դոկտոր, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի հետ:

- Խորհրդարանական ընդդիմության հասցեին դաժան քննադատություն ենք լսում, թե ռադիկալ չեն, հանգցրին պայքարի ալիքը, իշխանություններին ԱԺ ամբիոնից չեն հայհոյում, իշխանության հետ «ջան-ջիգյար» են անում եւ այլն: Ձեր կարծիքով` ո՞րն է իշխանության եւ ընդդիմության հարաբերվելու ճիշտ, արդյունավետ ձեւը:

- Կարծում եմ՝ կառուցողական ասվածը, այո, վերաբերում է հենց խորհրդարանական ընդդիմությանը: «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես գիտեք, արտախորհրդարանական քաղաքական ուժ է: Մենք այս պահին ակտիվ քաղաքական գործունեություն չենք ծավալում՝ հաշվի առնելով, որ երկրում գրեթե բոլորն ապատիայի մեջ են: Մենք սեպտեմբերյան պատերազմից հետո ավելի քան 40 հազար արցախցու օժանդակություն ենք հատկացրել: Այս պահին էլ զբաղվում ենք արցախահայերի կենսական խնդիրների լուծման հարցերով: Մենք իշխանությունների հետ երկխոսության որեւէ հարթակ չունենք եւ շարունակում ենք մնալ մեր դիրքորոշումներին հավատարիմ, այն է` այս իշխանությունները Հայաստանի համար չարիք են եւ օր առաջ պետք է հեռանան: Նրանց՝ իշխանության մնալը մեծագույն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար:

- Ստացվում է, որ արտախորհրդարանական ուժերը, կուսակցությունները քաղաքական պայքարում ոչինչ չեն անում, սակայն խորհրդարանական ընդդիմությանն են մեղադրում ռադիկալ քայլեր չանելու մեջ:

- Ես դեռ նախորդ տարի ասել եմ, մեր կուսակցության ղեկավարը եւս այս մասին ասել է. նման քաղաքական իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունն ուղղակի խորհրդարանում չունի անելիք: Պետք էր ստեղծել քաղաքական ճգնաժամ, իսկ դա կարող է սկսվել մի դեպքում, երբ ընդդիմադիրները վայր դնեն իրենց մանդատները: «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հպարտ միայնության մեջ մնա, պետք է իրենք իրենցով հավաքվեն, իրենք իրենցով օրենքներ դակեն, ինչպես որ հիմա են անում…. Այնպես որ՝ ընդդիմության ներկայությունը խորհրդարանում պարզապես լեգիտիմացնում է այս իշխանությունների քայլերը:

- Իսկ դրանից ի՞նչ կշահի հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո:

- Դրանից կարելի է մի քանի բան շահել: Հայաստանի նման փոքր պետություններն ուղիղ արտաքին ազդեցությունների տակ են գտնվում: Արտաքին կառույցները, կազմակերպություններն ակնդետ հետեւում են, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պառլամենտում չլինի ընդդիմություն: Սա կարող է հարցեր առաջացնել: Քաղաքական ոչ ստանդարտ վիճակ է դա ենթադրում, իսկ ընդդիմության նպատակներից մեկն էլ իշխանության համար խնդիրներ ստեղծելը պետք է լինի: Այսօր իշխանությունները բավականին կոմֆորտ զոնայում են գտնվում: Արցախյան հարցն այս իշխանությունների տեսանկյունից փակված է, այսօր նրանց խնդիրն արցախահայերին զուտ սոցիալական փոքր փշրանքներ տալն է: Այդ եղանակով բոլորին այս իշխանությունն իր բռի մեջ է պահում: Փաշինյանի ռեժիմն իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Հետեւաբար, պետք է այնպես անել, որ իշխանությունները չկարողանան վայելել իշխանական կերակրատաշտը մինչեւ վերջ: Իհարկե, մենք փողոցում փորձել ենք պայքարել, սակայն պետք է ասեմ, որ փողոցային պայքարն իրեն որոշակիորեն սպառել է: Հավաքական ընդդիմության հաջողությունը պետք է պայմանավորված լիներ միասնականությամբ: Միասնական ճակատով պետք է հանդես գալ: Նման փորձեր եղան, սակայն, ցավոք, անգամ Երեւանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ միասնականություն չեղավ: Ընդդիմադիրները մասնակցեցին առանձին-առանձին, ու, փաստացի, ոչ մի էական հաջողություն չարձանագրվեց: Խորքային խնդիրները շատ են, բայց այսպես երկար շարունակվել չի կարող: Մի օր ամեն ինչ պայթելու է: Միասնականությունը հաղթանակի շանսերը տասնապատիկ անգամ շատացնում է:

- Ի՞նչն է խանգարում արտախորհրդարանականներին՝ միասնական պայքար մղել: Ի վերջո` մանդատակիր ընդդիմությանը մեղադրելու փոխարեն գուցե դրսում քայլեր մշակեն, մի բան անեն, այսքան դժգոհելու փոխարեն:

- Մենք երեք տարի փողոցում ենք եղել, սակայն դա եւս սպառել է իրեն: Ես քննադատություն անելիս այն ուղղում եմ նաեւ ինքնաքննադատության դաշտ: Գուցե պետք է ավելի շատ համարձակություն եւ վճռականություն, ինչը գուցե պակասում է, իսկ դրանից օգտվում են իշխանությունները:

- Նշում եք, որ փողոցային պայքարը սպառել է իրեն, ընդդիմությանն էլ կոչ եք անում՝ վայր դնել մանդատները: Իսկ ի՞նչ անել:

- Մի քանի գործոններ պետք է իրար միացնել` հաղթանակի հասնելու համար: Նախ պետք է ընդդիմության ճամբարում լինել միասնական, երբ լինի միասնականություն, բոլոր ազգային ուժերը համախմբվեն եւ հասկանան, որ վերջին 5 հազար տարվա պատմության մեջ այս իշխանությունները մեզ համար ամենամեծ չարիքն են, բնականաբար, հաջողություն կլինի: Պետք է երկաթյա կարգապահությամբ աչքի ընկնել, այլ ոչ թե ամբիցիաներով առաջնորդվել: Այս գլխացավանք իշխանություններից պետք է համատեղ ուժերով ազատվել:

- Չնշեցիք` ի՞նչ անել հաջորդիվ. նոր ընտրությունների՞ գնալ:

- Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական այս փուլում մեր երկրում սցենարներ առաջ բերելն անշնորհակալ գործ է: Առաջին հայացքից թվացող այս խաղաղությունը կարող է փլուզվել մեկ գիշերվա մեջ: Իմ կարծիքով` Հայաստանում էական լուրջ փոփոխությունները դեռ առջեւում են: