Պատերազմի երեխաները կորցնում են ամենաթանկ բանը՝ իրենց մանկությունը

Պատերազմի երեխաները կորցնում են ամենաթանկ բանը՝ իրենց մանկությունը

Ոչ ոք չհասկացավ, թե ինչու արցախյան առաջին պատերազմին Թուրքիան չմիջամտեց, իսկ 44-օրյա պատերազմին միջամտեց: Միջամտեց կրտսեր եղբոր գործերին, եղբայրաբար: Բացատրությունը մեկն է. մինչեւ 1998-ն ունեինք գրագետ իշխանություն, հետո եկածները, մեղմ ասած, գրաճանաչ չէին:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ երկրի առաջին դեմքը (նախագահը, այժմ՝ վարչապետը) զինված ուժերի գերագույն հրամանատարն է: Սակայն մինչ 1998-ի «իշխանափոխությունը» գործում էր Սահմանադրության մեջ ի ցույց չարձանագրված, բայց տողատակում նշված մեկ այլ օրենք եւս: Այն է՝ երկրի առաջին դեմքը արտաքին քաղաքականության գերագույն հրամանատարն է՝ երկրի գերգլխավոր արտաքին գործոց նախարարը:

Հատկապես նորաստեղծ անկախ պետականության համար՝ պետականաշինության ամրապնդման գործիքակազմի այս բաղադրիչը ՀՀ առաջին նախագահին հաջորդած «գերագույն հրամանատարները» չնկատեցին: Այդ բաղադրիչը մնացել է զրոյացված առայսօր: Արվեց ավելին. 1998-ից իրար հաջորդած իշխանությունները, Սահմանադրությունը «կատարելագործելու» նպատակով, երկու անգամ ավիրեցին: Համաշխարհային հանրությունը, միջազգային կառույցներն այդ «բարեփոխումները» ողջունեցին ու սկսեցին միջամտել Հայաստանի գործերին՝ իրենց շահերից բխող, արտաքուստ ոչինչ չասող, իբր չհասցեագրված, կոշտ ու վախեցնող հայտարարությունների տեսքով:

Հայաստանը մեկուսացվեց նաեւ միջազգային համագործակցության իրավական դաշտում. մնաց մենակ, չճանաչված, չգնահատված, որբ ու անեղբայր՝ որպես միջազգայնորեն մարգինալ սուբյեկտ: Ի դեպ, այսպիսի լուսանցքային հեղինակությամբ երկրում գործունյա (ակտիվ) ժողովուրդ չի լինում, լինում է հոգնած, անգործունյա (պասիվ) հանրություն կամ գոյատեւման հոգսերով ապրող բնակչություն:

Փոխվել է նաեւ կուսակցությունների իրական կարգավիճակը: Քանի որ ակներեւ են Հայաստանի հանրության կողմից նմանակելու ունակությունները (թեկուզ կապկել, միայն թե առանց մարդկային զոհերի խաղաղ ապրելու շանսը չմարի), գաղափարական առումով՝ կուսակցությունները վերածվեցին կաղապարական առումով սմքած «քաղաքական ուժերի»: Երեւույթը հանգեցրեց նրան, որ հայոց անկախ պետության հանդեպ կոշտացան օտարների նկրտումները՝ ընդհուպ մինչեւ մեկ այլ պետության փեշի տակ մտնելու մտապատկերը (տեսլականը), որին կողմնակից են ոչ քիչ թվով հայաստանյան եւ հյուսիս-արեւելյան սփյուռքի հայ գործարար-քաղաքագետներ՝ բանագնացներ: Այս կարգի բարոյահոգեբանական այլասերումը, անկախ պետականության գաղափարի վարկաբեկումն ի կատար ածելու համար 20 տարիները լիովին բավարար ժամանակաշրջան էին, որպեսզի Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների «մտքի հյուսվածքի» կենսունակությունը կյանքի կոչվեր, եւ գործող վարչապետի ձեռամբ վավերացվեր:

Այս ամենի «փառքի պսակը» դարձավ այն, որ Արցախի խնդրի քաղաքական լուծումը հիմնովին հայտնվեց աշխարհի գերտերություններից մեկի՝ Ռուսաստանի պետական շահի սկուտեղի վրա: Ի դեպ, Ռուսաստանի այս հաղթանակն այնքան համեստ է, որ նոր աշխարհակարգի ձեւավորման արյունալի գործընթացների ֆոնին ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծման բանալու նվիրաբերումը Ռուսաստանին «միկրոսկոպիկ» զոհողություն էր Ռուսաստանի հետ հակամարտող մյուս գերտերությունների կողմից: 

Հեռու մնալով վերապահումներից՝ 24-ամյա հայաստանյան իրականությունն այլ բան կցուցանե: Անկախ պետականության ամրապնդման գործընթացը 1998-ից սկսած՝ վերածվեց պարտության դանդաղ գործընթացի: Հասկացանք, որ «համաշխարհային ազգ» ենք ու դեռ չենք գիտակցում, որ տգիտության միջին մակարդակով ֆենոմենալ ենք, որ սեփական մեղքերի համար մեղավորներին մեզնից դուրս ենք փնտրում, որ մենք աշխարհին մեզնից խրտնեցնելու փաստի առջեւ ենք կանգնել եւ սուբյեկտիվության մարման շեմին հայտնվել: 

Մեր տարածաշրջանում ստեղծված քաղաքական թարմ իրադրությունը բոլորիս առջեւ դրել է նոր իրողություններ, դրանցից բխող նոր չափորոշիչների պահանջներ: Հայտնվել  ենք հին խնդիրները նորովի խնդրականացնելու, ժամանակակից (ոչ միջնադարյան) իրավագիտակցությամբ շարադրելու, օտարների շահերին համակցելու եւ բոլորովին նոր շեշտադրությամբ, տոնայնությամբ, հնչյունաբանությամբ բանակցային լեզու ստեղծելու խնդրի առջեւ: Ի վիճակի՞ են արդյոք Հայաստանի իշխանությունները միջազգային կառույցների, հակամարտող պետությունների իշխանությունների հետ համագործակցաբար գտնել այդ համակեցության լեզուն…

ՀԳ․ Գուցե պահն է մտահոգվելու մեկ այլ վտանգի առկայությամբ եւս. պատերազմի երեխաները կորցնում են ամենաթանկ բանը՝ իրենց մանկությունը:

Մարտին եւ Մայիս Ասլանյաններ
Ճարտարագետ-նախագծողներ