«Հրապարակ». Խարխուլ երաշխիքներ․ ինչ են փոխանցել ռուս խաղաղապահները պատգամավորներին

«Հրապարակ». Խարխուլ երաշխիքներ․ ինչ են փոխանցել ռուս խաղաղապահները պատգամավորներին

Երեկ Արցախում տեղի է ունեցել խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Հանդիպման շարժառիթը, հիշեցնենք, ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաեւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։ 

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն օրերս հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է. այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան՝ վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ռուսաստանի փոխդեսպանը, միեւնույն ժամանակ, հայտարարել  է, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը պատրաստ լինի։ Այս հայտարարությունը հույսեր էր արթնացրել Արցախում, եւ մարդիկ սկսել էին հավատալ, որ Բերձորն ու Աղավնոն չեն հանձնվի, եւ ռուսական զինուժը կկատարի իր պարտավորությունները: Իսկ Արցախի պատգամավորները որոշել էին մեկնաբանություն ստանալ խաղաղապահներից` ռուս դիվանագետի հայտարարության կապակցությամբ:

Երեկվա հանդիպմանը ռուս խաղաղապահների հրամկազմն արցախցի պատգամավորներին վստահեցրել է, որ կապահովեն նոր ճանապարհի անխափան երթուղին։ «Հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, եւ պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-անոց անվտանգային գոտուց մինչեւ ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։ Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված՝ կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու եւ մեր բնակչության պատշաճ անվտանգությունն ապահովելու համար»,- հանդիպումից հետո տեղեկացրեց Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ 

Հանդիպմանը ներկա գտնված «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը մեզ ասաց, որ ռուսական կողմի հավաստիացումները որեւէ փաստաթղթային հիմք չունեն՝ «լինի դա կյանքի կոչված փաստաթուղթ, թե նոր ստորագրվելիք»։ «Ուստի ենթադրվում է, որ խոսքը բանավոր քաղաքական պայմանավորվածության մասին է»,- նկատեց Գալստյանը՝ հանդիպումից այլ մանրամասներ չհայտնելով։ Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով, մինչդեռ ադրբեջանական ճնշումների արդյունքում երթուղին այժմ փոխվել է եւ շրջանցում է Լաչինը, ինչի հետեւանքով էլ Բերձորը, Աղավնոն եւ Սուսն անցնում են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա հանդիպմանը ռուսական կողմն արցախցի պատգամավորներին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական կողմերի բանակցությունները՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ, գլուխ չեն եկել։

Հայկական կողմը փորձել է հասնել նրան, որ հայտարարության վեցերորդ կետը լրացվի հետեւյալ բովանդակությամբ, որ Լաչինի այլընտրանքային ճանապարհը եւս կունենա միջանցքային իրավական կարգավիճակ, ինչը բավականին շահավետ տարբերակ էր մեզ համար, սակայն ադրբեջանական կողմն էլ իր հերթին է հանդես եկել առաջարկով՝ եթե լրացում ենք անում, ապա պետք է լրացնել նաեւ եռակողմ հայտարարության այն կետը, որով հայկական զորքը դուրս է բերվում Արցախից․ ադրբեջանցիները, մասնավորապես որպես լրացում, առաջարկել են  ընդհանրապես զորքը դուրս բերել Արցախից, այսինքն՝ ամբողջությամբ կազմալուծել Պաշտպանության բանակը։ Ի դեպ, այս լրացուցիչ փաստաթուղթը պետք է ստորագրվեր միջին մակարդակի պաշտոնյաների, ասենք` տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարների մակարդակով, ուստի, ենթադրվում էր, որ այն ավելի հեշտությամբ կկնքվեր, սակայն ձեւակերպումների շուրջ համաձայնություն չի կայացել: 

Ի դեպ, խաղաղապահները ցրողական պատասխան են տվել նաեւ, թե ինչու են թույլատրել ադրբեջանական պրոպագանդիստներից մեկի մուտքն Աղավնո, որտեղ վերջինս նկարահանումներ է արել: Ասել են, թե իբր «Հաքին.ազ» կայքի խմբագիրը չի ներկայացել որպես լրագրող, այլ օպերատոր է ներկայացել, ով իբր ուզում է փաստավավերագրական նկարահանումներ անել։ Ռուս հրամկազմին զգուշացրել են, որ նման միջադեպերը հարվածում են նախեւառաջ ռուս խաղաղապահների հեղինակությանը` այն առումով, որ նրանք իրենց պարտականությունները լավ չեն կատարում, իսկ եթե նման միջադեպերը հաճախակի դառնան, Արցախը վերջնականապես կդատարկվի, խաղաղապահների գոյությունն էլ անիմաստ կդառնա։ Ռուսներն էլ իրենց հերթին դժգոհել են Հայաստանում տիրող հակառուսական մթնոլորտից, որը սահուն կերպով տեղափոխվում է նաեւ Արցախ։