«Հրապարակ». Քաղաքապետի պաշտոնին հավակնող մարդու ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն

«Հրապարակ». Քաղաքապետի պաշտոնին հավակնող մարդու ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երբեք չի թաքցրել իր սերտ կապը Չեխիայի Հանրապետության հետ եւ այն, որ մեծ կապիտալ ունի այնտեղ: Իհարկե, նորություն չէ այն, որ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, իրենց ավելի ապահով են զգում Հայաստանից դուրս, քան Հայաստանում: Սակայն այս պարագայում խնդիրն այլ է՝ մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնող մարդու ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն: Ո

ւսումնասիրելով Մարությանի եկամուտների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ Հայկի կինը եւ 4 երեխաները Չեխիայի քաղաքացիներ են եղել 2018, 2019, 2020 թթ., իսկ Մարությանի հրաժարականի պահին ներկայացված հայտարարագրում՝ 2021թ., կինն արդեն ներկայացված է ՀՀ քաղաքացի, երեխաների մասով տվյալները փակ են, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մնացել են Չեխիայի քաղաքացիներ: Բայց երբեւէ Երեւանի քաղաքապետի պաշտոնին չի հավակնել մեկը, ով այդքան անթաքույց կապեր ունի արտերկրում, եւ որի ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն: Նա իր ներկայացումներում ներկայանում է որպես Երեւանի նվիրյալ, մարդ, ով ինքնազոհողության է գնում հանուն մայրաքաղաքի, բայց, փաստորեն, չի հավատում Հայաստանի եւ Երեւանի ապագային:

Հարցը ոչ այնքան իրավական է, որքան բարոյական` Հայաստանի ամենաբարձր պաշտոններից մեկին հավակնող անձը պետք է ամեն թելով կապված լինի իր երկրին։ Նրա զավակներն ամեն պահի կարող են մեկնել Երեւանից, նրա որդիները չեն ծառայելու հայկական բանակում, եւ Երեւանը միայն մասամբ է նրանց հայրենիքը: