Մինսկի խումբը կա եւ Ադրբեջանի գլխին կացին է պահել

Մինսկի խումբը կա եւ Ադրբեջանի գլխին կացին է պահել

Իրատեսակա՞ն է արդյոք Մինսկի խմբի ձեւաչափում առաջիկայում որեւէ գործընթաց սպասել՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո տարածաշրջան այցելած համանախագահներին նորմալ չընդունեցին ո՛չ Արցախում, ՛ոչ Ադրբեջանում։ Հայկական կողմի նախաձեռնությամբ չեղարկվեց Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների ու Արցախի նախագահի հանդիպումը` «ոչ լիարժեք ձեւաչափի պատճառով» (ռուս համանախագահն այցին չէր մասնակցում), իսկ Ալիեւը մոտավորապես ասաց՝ դե, որ եկել-հասել եք, հանդիպում եմ, բայց խոսելու թեմա չունեմ, ես ռազմական ճանապարհով լուծել եմ հարցը։ Արդյոք Մինսկի խումբը պատերազմից հետո օրակարգ եւ անելիք ունի՞, թե՞ այն այլեւս գոյություն չունի, եւ դա արձանագրելն ընդամենը տեխնիկայի խնդիր է։ Հարցն ուղղեցինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանին, որը համոզված է՝ Մինսկի խումբը կշարունակի իր գործունեությունը։ 

Դանիելյանն առաջարկում է կրկին արձանագրել, թե ինչ է իրենից ներկայացնում Մինսկի խումբը․ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա՝ ի դեմս Եվրոպայի, եւ Ռուսաստան։ Եվ քանի որ Արցախի հարցը գլոբալ աշխարհաքաղաքական հանգույց է, որի նկատմամբ կա մեծ ուշադրություն` Սիրիայից ու Իսրայելից սկսած, Չինաստանով ավարտված, ուստի Մինսկի խումբը կա եւ լինելու է։
«Եվ այդ երկրները՝ Ֆրանսիան ու Ամերիկան, կաշխատեն ամեն ինչ անել, որպեսզի խումբը մնա։ Եվ դրան հասնելու համար, վերջապես, իրենք ունեն լծակներ՝ ազդելու նույն Ադրբեջանի վրա, որպեսզի այս երկիրը չփորձի դեմարշներ անել։ Եվ ամենատարրականը՝ Արցախի անկախությունը ճանաչելն է։ Նրանք կարող են անգամ հակառակ պարագայում իրենք դեմարշ անել եւ ճանաչել։ Եվ էլի բազմաթիվ այլ լծակներ»,- ասում է Դանիելյանը։ Մինսկի խմբին այլընտրանքը Թուրքիայի առաջարկած «6-ի ֆորմատն» է։ «Եվ պատահական չէ, որ Թուրքիան փորձում է դուրս մղել Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային, ինչը հնարավոր է, որ ինչ-որ առումով ձեռնտու է նաեւ Ռուսաստանին։ Բայց դուրս մղելու փորձը մի բան է, մեկ այլ բան՝ դրան հասնելը, եւ պատահական չէ, որ մերժումը եկավ հենց Վրաստանից, որովհետեւ հենց Վրաստանն է ներկայացնում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերը Կովկասում»,- ավելացրեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ համանախագահներից ԱՄՆ-ում վարչակազմ է փոխվում, եւ շատ բան կարող է պայմանավորված լինել նրանով, թե նոր վարչակազմը որքանով նախանձախնդիր կլինի այս ձեւաչափի հարցում։ Իսկ ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը, որը, շատ փորձագետների գնահատմամբ, փորձում է երկակի խաղ խաղալ Մինսկի խմբի եւ ռուս-թուրքական ոչ ֆորմալ ձեւաչափի միջեւ։ Դանիելյանը կարծում է, որ Ռուսաստանը եւս Արցախի կարգավիճակի ճանաչման հարցով շահագրգռված կլինի, երբ, օրինակ, 5 կամ 10 տարի հետո Ադրբեջանը պահանջի, որ Ռուսաստանը հեռանա Արցախից, քանի որ կարգավիճակն է, որ լեգիտիմացնում է իր ներկայությունը։ Եվ բացի այդ, մենք դեռ չգիտենք, թե Մերձավոր Արեւելքում ինչ գործընթացներ են լինելու։ Ինչ կլինի, եթե պատերազմ սկսվի Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ, իրենց ինչպե՞ս կպահեն Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը։ Սակայն վերջերս Ալիեւն իր ելույթներից մեկում ասում էր՝ «ստատուս յոխ»։

Ստեփան Դանիելյանն ի պատասխան նկատում է․ «Բնականաբար, Ալիեւի մեկնաբանությամբ՝ ստատուս չկա, դա իր մեկնաբանությունն է, որը միշտ էլ արել է, բայց այդտեղ կան այլ ուժեր, որոնք այլ շահեր ունեն։ Եվ երբ ինքն անընդհատ ասում է՝ ստատուս չկա, նշանակում է, որ նա դրանից շատ է զգուշանում, եւ ստատուսի խնդիրը կա։ Այլապես, դրա մասին անընդհատ խոսելու իմաստը ո՞րն է»։ Այնուամենայնիվ՝ կարելի՞ է սպասել ՄԽ-ի առաջիկա ակտիվացում, եւ ինչպե՞ս է այն արտահայտվելու։ Ստեփան Դանիելյանն ասում է, որ խմբի ակտիվացումը հնարավոր կլինի Ֆրանսիայի Սենատի եւ խորհրդարանի կողմից ճանաչման գործընթացով, որը, իհարկե, այս պահին չի օգտագործվում կառավարության կողմից, բայց կարող է եւ օգտագործվել։ Այսինքն՝ սա Ադրբեջանի գլխին կախված կացին է եւ ինչ-որ առումով՝ շանտաժ։ Երբ Ալիեւն իր դեմարշներն ուժեղացնի, կացինը յուրաքանչյուր պահի կհայտնվի Ադրբեջանի գլխին։ Բացի կարգավիճակից, Դանիելյանը վստահ է, որ Արցախից զատ, ՄԽ-ում բովանդակային քննարկման առարկա է լինելու նաեւ Արցախի տարածքային ամբողջականության հարցը։