Էս պոստը, որտեղից մենք կարող էինք պետք եղած ժամանակ իրենց գլխին խփեինք, տալիս ենք
Պաշտպանության նախարարությունը թշնամուն է հանձնում Կապան քաղաքի պաշտպանական դիրքերը: Նախօրեին զինվորականներին հրաման է իջեցվել ապամոտաժել դրանք: Հրամանը նրանք կատարում են, սակայն չեն թաքցնում իրենց դժգոհությունն այս առիթով, հատկապես նրանք, ովքեր ծնունդով այս կողմերից են ու տեսել են, թե տարիներ շարունակ՝ 90-ականների սկզբին, ինչ վտանգ էր կախված Կապանի գլխին, երբ այստեղ ադրբեջանական ուժերն էին: «Գյոզալ պոստերը տանք թուրքերին»,- ասում է քաջարանցի սպա Վիլեն Մակարյանը, որն այս պահին ապամոնտաժվող դիրքում է: Նա արդեն 7 օր այստեղ է: «Մի շաբաթ ա՝ ստեղ եմ, վաղը պետք է պերեսմեն անեի, տուն գնայի»:
Ղեկավարության հրամանները չի քննարկում, բայց սրտից արյուն է կաթում: «Իրենք գնում են սովետի սահմանով: Էս պոստը, որտեղ մենք կանգնած ենք եղել, սովետական շրջանի սահմանով ադրբեջանական հող էր: Չգիտեմ՝ փաստաթղթով ա, ինչով ա, բայց մեզ հրաման ա եկել, որ վերջ՝ հավաքվում ենք, վեշ-մեշ վերցնում ենք, գնանք, որ վաղը թուրքը Ղափանի գլխին ազատ ինչ ուզենա, անի: Սա շատ կարեւոր ստրատեգիական բարձունք է»:
Ի՞նչ իրավիճակ էր Կապանում այն ժամանակ, երբ այստեղ ադրբեջանցիներ էին: «Կրակում էին մեզ վրա: 90-91 թվականներից սկսեցին կրակել Ղափանի վրա: Հիմա էլ է նույնը լինելու: Մենք այստեղ պոստ ունենք, որտեղ մինչեւ այսօր մնացել են հին պատրոններն ու գիլզեքը, որոնցով որ էդ անասունները մեզ վրա կրակում էին: Մերոնք որ ազատագրել էին, էդ ժամանակվանից էդ գիլզեքը մնացել են: Էս պոստը, որտեղից մենք կարայինք պետք եղած ժամանակ իրանց գլխին խփեինք, հիմա տալիս ենք թուրքերին, ոնց որ ասենք՝ եկեք, մեր գլխին խփեք: Ես չգիտեմ՝ ինչ ա կատարվում, չեմ կարող ասել, թե ով է ներքին դավաճանը, դա մեր հայ ազգի գլխին այ սենց սարքեց»:
Քաջարանցի սպան հիշեցնում է, որ բարձրադիր դիրքը, որն ինքը մինչեւ դեկտեմբերի 17-ը պաշտպանել է, կառուցել ու կահավորել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը:
«Պետությունից էլ ոչ մի աջակցություն չի ստացել: Սաղ կոմբինատի տեխնիկաները, ընկած Ղափանի տղերքի տեղով, «Մոբի» տեղով, սաղ Քաջարանի կոմբինատն է սարքել: Իսկ մենք հիմա դրած՝ քանդում ենք»: Ըստ սպայի, Կապանում վատ տրամադրություն է: «Ի՞նչ տրամադրություն պետք է լինի: Ջաբրայիլից եկա-հասա ստեղ, հիմա էլ հետ եմ գնում, որ թուրքը գլխիս տա: Ջաբրայիլում նահանջի հրաման տվին, որովհետեւ մեր ձախ թեւը բացվել էր, սամալյոտն էր աշխատում մեր վրա: 180 հոգի՝ Ղափան, Գորիս, Քաջարան, միանգամից վերանում էին, եթե մի 20 րոպե էլ ուշանար հրամանը»: Մի քիչ էլ զրուցեցինք զինվորականի հետ:
- Ռուսներն այդտեղ տեղակայվա՞ծ են:
- Այո, երեկվանից ռուսները կանգնած են, բայց ի՞նչ: Ռուսը հանգիստ տալիս ա հողերը: Ամսի 9-ի պայմանագրով նախատեսված էր, որ մենք կանգնենք, ով որտեղ կանգնած է, ոչ թե որ հայը պետք է հետ գնա:
- Դուք ե՞րբ եք իմացել, որ պետք է այդ դիրքերը տաք:
- Պայմանագիրը որ ստորագրվել է, ես պոստում եմ եղել, մինչեւ էդ մեզ մոտ այստեղ՝ այս պոստում, բոյ էր: Ամսի 9-ին որ հրամանը տվին, որ պատերազմը պրծավ, ասին՝ ով որտեղ եղել ա, ըտեղ ա մնում: Ինչ եղավ հետո, անակնկալ էր: Ռուսը հողերը ավտոմատ տվեց:
- Հիմա որ ռուսները կանգնած են, գոնե անվտանգության հույս կա՞:
- Չգիտեմ, չեմ կարող ասել: Ռուսներն ուղղակի կանգնած են: Ժամանակը ցույց կտա:
- Ձեր անունը նշե՞մ, թե՞ կարող է Ձեր վրա խոսակցություն գալ:
- Գրի, ես արդեն հիասթափվել եմ ամեն ինչից:
Կարծիքներ