Հայաստանը, ցավոք, պարտվեց շատ հարցերում եւ առաջին հերթին՝ քաղաքական առումով

Հայաստանը, ցավոք, պարտվեց շատ հարցերում եւ առաջին հերթին՝ քաղաքական առումով

Երեկ իր մեծ ասուլիսում պատասխանելով Արցախի վերաբերյալ հարցերին, թե ինչու հենց հիմա սկսվեց պատերազմը, որն է Թուրքիայի դերը, եւ թե ինչ հետաքրքրություններ ունի Ռուսաստանը տարածաշրջանում, Վլադիմիր Պուտինը տարակուսանք առաջացնող մի քանի հայտարարություն արեց։ Մենք  ռուսաստանցի հրապարակախոս Վադիմ Դուբնովին մի քանի հարց ուղղեցինք այն մասին, թե ինչու է Ռուսաստանն այդքան բացեիբաց սկսել անտեսել Հայաստանի շահը, Հայաստան պետությանը՝ որպես գործոնի։

- Պուտինն ասում է՝ Թուրքիան աջակցեց «Ադրբեջանի արդարացի պահանջի» կատարմանը, սակայն անտեսում է այն, որ խախտվում են նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջները, որից մեկն այն մասին է, որ պատերազմական գործողությունների ավարտին կողմերի վերահսկողության տակ գտնվող այն շրջանները, որոնք նախկին ԼՂԻՄ-ի կազմում էին, մնում են այն վերահսկող կողմի, այսինքն՝ Հայաստանի տնօրինության տակ։ Նաեւ խոսվում է այն մասին, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Ստեփանակերտ։ Չե՞ք կարծում, որ ռուսական կողմն արդեն բացեիբաց «ոտքերն է մաքրում» Հայաստանի վրա, եւ սա, անգամ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը հաշվի առնելով, մի քիչ չափազանց է։

- Հարցերը մի քանիսն էին, սկսեմ վերջինից։ Պուտինի անձնական վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ այս ողջ պատմության մեջ առհասարակ տասներորդական դեր է խաղում։ Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարություններին, ապա նա կրկնել է այս տարիներին ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունները՝ խոսելով ինչպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ Իսկ նրա այն արտահայտությունը, որ «Ռուսաստանը հանդես է գալիս ստատուս քվոյի կամ Արցախի կարգավիճակի ստատուս քվոն անփոփոխ թողնելու օգտին», ապա սա կարելի է մեկնաբանել երկուստեք, թե ԼՂ ինչ կարգավիճակ  է նկատի առնվում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է կատարվում սահմաններին, ապա, որքան հասկանում եմ, Զանգելանի ու Կուբաթլուի վերադարձից հետո այստեղ իրոք շատ անհասկանալի բաներ կան՝ անորոշությունների հետ կապված։ Եվ Պուտինի այն հայտարարությունները, թե որոշ տեխնիկական կոլիզիաներ կան, (հակասություններ, շահերի, դիրքորոշումների անհամապատասխանություն), որոնք կկարգավորվեն,  չեմ կարծում, որ եզակի դեպքեր են լինելու, ես կարծում եմ, որ դրանք կրկնվելու են։ Եվ այդ խնդիրները նախ լուծվելու են Մոսկվայի եւ Բաքվի, ապա միայն Մոսկվա-Երեւանի բանակցություններում։ 

- Ինչո՞ւ է Ռուսաստանն այսպես վերաբերվում իր ռազմավարական դաշնակցին, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում իր գործընկերոջը։

- Ինչու, որովհետեւ Հայաստանը, ցավոք, պարտվեց շատ հարցերում եւ առաջին հերթին՝ քաղաքական առումով։ Եվ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն էր, որ իրեն թույլ տվեց դնել Հայաստանն այն վիճակում, որում հիմա է, որի կարծիքը Մոսկվան առաջինը չի հարցնում։ Եվ որովհետեւ Բաքուն կարող է Մոսկվայի հետ իր բանակցություններում ինչ-որ բաներ պնդել, ինչը Երեւանը չի կարող անել, առնվազն այնպիսի արդյունավետությամբ, որը պահանջում է տվյալ իրավիճակը։ Եվ Մոսկվայի հետ Երեւանի հարաբերությունները հիմա շատ ավելի թույլ են, քան կային դեռ 2 ամիս առաջ։ Եվ դրա համար էլ Պուտինը․․․ խոսում է փաստացի իրավիճակից ելնելով։ Եվ պատահական չէ, որ հիմա խաղաղապահներով շատ ավելի հետաքրքրված է հայկական կողմը, քան՝ ադրբեջանական։

- Իսկ չե՞ք կարծում, որ այս հարցով պետք է մի քիչ էլ Ռուսաստանը հետաքրքրված լինի, քանի որ հայ բնակչության առկայությունն Արցախում լեգիտիմացնում է ռուս խաղաղապահների այնտեղ գտնվելը։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ՌԴ գործընկերն է, «թիմի անդամը», բայց սա կարծես թե ոչ մի նշանակություն չունի ՌԴ-ի համար, որն անվերջ ռեւերանսներ է անում Ադրբեջանին։

- Այո, Դուք ճիշտ եք՝ ներկա դրությամբ ՌԴ-ին շատ ավելի է հետաքրքրում Բաքվի դիրքորոշումը։ Այո, շատ կարեւոր են ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը, եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ դեռ 2013-ին պարոն Սարգսյանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը նախապատվելի համարեց ԵՄ-ի հետ ասոցացմանը, եւ այդ ժամանակներից ոչ մի բան չի փոխվել։ Այնպես որ, կարծում եմ, Ձեր հարցը բավականաչափ հռետորական է, որովհետեւ այն այսօր չէ ծագել, այլ՝ բավականաչափ վաղուց։

- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի խնդիրն իսկապես ՌԴ խաղաղապահների խնդիրն է։ Չէ՞ որ ՌԴ-ն համարվում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարման երաշխավորը։

- Սա խաղաղապահների խնդիրը չէ, այլ նրա, որ նոյեմբերի 9-ի խառնաշփոթ իրավիճակում սա հաշվի չի առնվել։ Եվ սա համարում եմ, այսպես ասած՝ ռազմաքաղաքական կոլիզիա, որից մեկն այն է, որ հայ բնակչությունը պետք է լքի Արցախի տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտու հարավից, եւ այն կետի, որ բոլորը համաձայնագրի ստորագրման պահին մնում են իրենց տեղերում։ Այս հակասությունից, ըստ իս, փորձում է օգտվել է թե՛ մի, թե՛ մյուս կողմը, որովհետեւ Ադրբեջանին դուր չի գալիս այն, որ իր թիկունքում մնում են հայեր, որոնք հնարավոր է զերծ չմնան այս տարածքները մաքրելու գայթակղությունից, իսկ Հայաստանն էլ այնտեղից չէր ցանկանա հանել իր բնակչությանը։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ երկուստեք հնչում են կոչեր, որ պատերազմն ավարտված չէ, եւ այն պետք է շարունակել։ Այնպես որ, կարծում եմ՝ սա ՌԴ-ի հարցը չէ, ոչ էլ՝ խաղաղապահների, այլ հարցը, որը, կարծում եմ, հիմա արագորեն կփորձեն լուծել։ Եվ նորից, առաջին հերթին՝ Մոսկվայի ու Բաքվի բանակցություններում։