Մասնակցե՞լ, թե՞ ոչ

Մասնակցե՞լ, թե՞ ոչ

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնող անձի կողմից կազմակերպվելիք արտահերթ ընտրություններին: Տողերիս հեղինակն առանձին հոդվածներ է նվիրել թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ դեպքին: Ընդ որում, առանձին-առանձին սխալ հանելով թե՛ մասնակցելը եւ թե՛ չմասնակցելը: Իսկապես համլետյան հարց, որ ծառացել է մեր առջեւ: Որովհետեւ եթե մասնակցենք, ապա կլեգիտիմացնենք վարչապետի աթոռին կառչած անձի իշխանությունը՝ միաժամանակ նրան շանս տալով վերահաստատվել: Իսկ որ ինքը կստանա այդ շանսը՝ օգտագործելով վարչական ռեսուրսն ու թաղային հեղինակություններին, նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ հերքել: Երկրորդը չմասնակցելն է ու ընտրություններն ակտիվ բոյկոտելը: Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ընթացքում ընդդիմությունը մի քանի անգամ փորձել է բոյկոտի մեթոդը (հանրաքվեները ներառյալ), սակայն այն արդյունք չի տվել: Իշխանությունը ստացել է իր ցանկացածը, իսկ ընդդիմությանը բաժին է հասել բարոյական հաղթանակը, սակայն խնդիրները մնացել են:

Մնում է երրորդ տարբերակը՝ Փաշինյանին պաշտոնից հեռացնելը՝ չհարցնելով նրա կամքը: Դա պարտադիր պայման է, քանի որ կյանքը ցույց է տվել, որ ինքնակամ նա չի հեռանա՝ թեկուզ երկիրը կործանվի: Երրորդ տարբերակի երկու հնարավորություն մենք բաց թողեցինք՝ մեկը նոյեմբերի 10-ի գիշերվա տարերային ներխուժումն էր պետական կառավարման շենքերը, երկրորդը բանակի միջոցով նրան հեռացնելը: Երկու դեպքում էլ ընդդիմությունը մեծ հաշվով մնաց սահմանադրականության շրջանակներում, սակայն դրանից օգուտ քաղեց ոչ թե պետությունը, այլ Փաշինյան Նիկոլը: Ընդհակառակը, պետությունը շարունակում է քայքայվել եւ վերջնարդյունքում կվերածվի Թուրքիայից վասալական կախման մեջ գտնվող անորոշ ինչ-որ միավորի, ինչը, ի դեպ, գիտակցվում է Փաշինյանի կողմից, եւ նրա կողմից տարվում է հենց այդ գիծը: Արանքում, բնականաբար, կկորցնենք ողջ Արցախը եւ կվերականգնենք 100 տոկոսանոց ինքնուրույնությունը՝ պոկվելով Ռուսաստանից: Ի դեպ, կյանքի կոչելով ռուսատյացների երազանքը՝ ցավոք, մեր պետականության կորստի գնով:

Այսպիսի խոսք կա՝ Աստված յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում առաջ գնալու համար տալիս է երեք շանս: Այդ միտքն ածանցենք ընդդիմության վրա՝ երկուսն արդեն բաց են թողնվել, մնացել է երրորդը: Խելացի մարդկանցից մեկն էլ ասել է՝ ինչ-որ նոր բան ստանալու համար պետք է հրաժարվել նախկինում արված քայլերից: Կարծում եմ, որ «17+»-ի ընդդիմությունը պետք է որդեգրի հենց այդ բանաձեւը, ինչը նշանակում է, որ պետք է  հավաքվել ինչ-որ լայն ֆորմատով եւ ռեւիզիայի ենթարկել մինչեւ այսօր կատարված բոլոր գործողություններն ու մասնակցային ձեւաչափերը: Եթե անհրաժեշտ է՝ ազատվելով այս կամ այն մասնակցից՝ այն հիմնավորելով եւ չթշնամանալով վերջինիս հետ, եւ կամ, օրինակ, ազատելով Բաղրամյան պողոտան: Եվ բոլոր դեպքերում հույսը դնելով միայն սեփական շարժման վրա ու, ըստ այդմ, պլանավորելով շարժման գործողությունները: Միայն այս դեպքում հնարավոր կլինի խուսափել Փաշինյան Նիկոլի կողմից ընտրություններ (լինեն դրանք արտահերթ, թե 2023-ի հերթականը) կազմակերպելու հեռանկարից:  

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ