Տալը դիմեց «փախուստի»

Տալը դիմեց «փախուստի»

1963 թվականին, երբ Տիգրան Պետրոսյանը վճռական մրցամարտում համոզիչ առավելության հասավ Միխաիլ Բոտվիննիկի նկատմամբ (12,5:9,5 հաշվով) ու վստահորեն նվաճեց ճատրակի աշխարհի չեմպիոնի գերպատվավոր տիտղոսը, կտրուկ բարձրացավ ոչ միայն հրաշալի գրոսմայստերի, այլեւ ընդհանրապես Հայաստանի մարզական վարկանիշը։ Պատահական չէր, որ շատ շուտով Երեւանում կազմակերպվեց ու բարձր մակարդակով անցկացվեց բավականին պատկառելի մի միջազգային մրցաշար՝ իմաստուն խաղի ամենաանվանի վարպետների մասնակցությամբ։ Հասկանալի է, թե ինչու դա անսովոր մեծ հետաքրքրություն առաջ բերեց` օպերային թատրոնը մշտապես լեցուն էր հանդիսականներով։

Եվ ահա՝ ավարտվեց լայն արձագանք ստացած այդ մրցաշարը, որի հաղթող դարձավ աշխարհի նախկին չեմպիոն, բոլոր մարզասերների շրջանում մեծ հարգանք վայելող Միխաիլ Տալը։ Ազատ տեղեր թատրոնում չկային, եւ այդ օրը, երբ պետք է ամփոփվեին մրցաշարի արդյունքները, առավել աչքի ընկած մասնակիցներին էլ հանձնվելու էին հատուկ մրցանակներ։ Պարգեւների արժանացած խաղացողներն էլ շարվել էին բեմի աջ կողմի երկարությամբ՝ սպասելով հանդիսավոր արարողությանը։

Առաջինը, հասկանալի է, հնչեց Տալի անունը, հնչեց, եւ այդ պահին թատրոնի նստատեղերի առաջին շարքում հանգրվանած Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Շմավոն Առուշանյանը վեր կացավ ու հպարտ շարժվեց դեպի բեմ՝ իր հետ որպես պարգեւ տանելով մի շքեղ որսորդական հրացան․ տանում էր, չգիտես ինչու, հրացանի փողն ուղղված ճիշտ դեպի Տալը։ Դա էլ անակնկալի բերեց մի տեսակ ահավոր վախ ապրած ռիգացի գրոսմայստերին, եւ նա, ասես սարսափահար ետ-ետ ընկրկելով, անհապաղ իրեն նետեց վարագույրի հետեւը։ Նման վարմունքից անկեղծ զարմանք ապրեց եւ ուղիղ «նշան բռնած» Առուշանյանը։

Այդ իրադրությունում անասելի իրարանցում էր տիրում ամբողջ դահլիճում, եւ արտասովոր իրավիճակը հանկարծ համընդհանուր քրքիջի վերածվեց, երբ, վերստին անսպասելի, չթաքցնելով ժպիտը, ի տես բոլորի՝ հայտնվեց «փրկված» Տալը, նա, որին երբեք չէր լքում հումորի զգացումը։ Վերադարձավ ու լրջորեն խոստովանեց, որ կատակ է արել, նույն լրջությամբ էլ ընդունեց իրեն նախատեսված անսովոր ընծան` որսորդական հրացանը...

Իսկ տեղի ունեցած արտակարգ միջադեպի մասին երկար ժամանակ ու ոգեւորությամբ էր խոսում ամբողջ Երեւանը։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ