ՄԻՊ-ը հիշեցնում է, որ իրեն վիրավորելը քրեական է
Օրերս ոստիկանություն էին տարվել «Անտիֆեյք» կայքի լրագրողներ Իշխան Խոսրովյանն ու Դավիթ Ֆիդանյանը, քանի որ «փնտրվում է ՄԻՊ» վերտառությամբ պաստառ էին փակցրել փողոցներում: Ոստիկանությունից «Անտիֆեյքի» լրագրողներին ասել էին, թե չի կարելի փողոցում նման պաստառներ փակցնել, և որ դա վարչական իրավախախտում է: ՄԻՊ Անահիտ Մանասյանին խնդրել էինք պարզաբանել ոստիկանության այդ դիրքորոշումը, աշխատակազմից հետևյալ պատասխանն ենք ստացել։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առկա տեղեկատվության համաձայն` Իշխան Խոսրովյանը և Դավիթ Ֆիդանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանություն են տեղափոխվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ենթադրյալ արարք կատարելու հիմքով։ Ոստիկանության բաժնում վարչական վարույթի շրջանակում կազմվել է համապատասխան արձանագրություն, որից հետո նրանք ազատ են արձակվել: Նշված դեպքով քրեական վարույթ նախաձեռնված լինելու վերաբերյալ տեղեկատվություն Պաշտպանի աշխատակազմում առկա չէ:
Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում Մարդու իրավունքների պաշտպանին վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ՄԻՊ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու, Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ սպառնալիքի, նրա մասին տեղեկություն հրապարակելու, նրա գույքը ոչնչացնելու, վնասելու կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանը ինչպես հիշատակված, այնպես էլ Պաշտպանին ու աշխատակազմին վերաբերող որևէ այլ դեպքին իրավական գնահատական տալու նպատակով իրավապահ մարմիններին չի դիմել»։
Կարծիքներ