Մեր կառավարությունը կարո՞ղ է մրցել ԱՄՆ կառավարության հետ, կամ Հայաստանի հավաքականը` աշխարհի չեմպիոնի

Մեր կառավարությունը կարո՞ղ է մրցել ԱՄՆ կառավարության հետ, կամ Հայաստանի հավաքականը` աշխարհի չեմպիոնի

«Հրապարակը» զրուցել է Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի հետ։

- Վերին Լարսի անցակետից հայկական բեռնատարները հետ են ուղարկում` մտացածին խախտումների հիմքով։

- Դա նույն ձեռագիրն է, ինչպես Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների լարման հետևանքով թուրքական լոլիկում հայտնաբերվեցին ինչ-որ վնասակար նյութեր, որոնք մինչև այդ չէին հայտնաբերվում, վրացական գինու մեջ ինչ-որ բաներ հայտնաբերվեցին։ Գիտեք, ես զարմանում եմ, որ մենք զարմանում ենք։ Դա սովորական ձեռագիր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ երկրների համար, որոնք կապում են իրար հետ քաղաքականությունը և տնտեսությունը։ Դա բացարձակ չի նշանակում, որ հայկական արտադրանքն անորակ է՝ ոչ։ Երբ, որ Թուրքիայում դեսպան սպանեցին կամ Սիրիայի օդում օդանավ խոցեցին, պարզվեց, որ թուրքական լոլիկներն անորակ են: Կամ պարզվեց, որ հայկական կաթնամթերքն է անորակ, պանիրը։ Սովորական գործելաոճ է, դա մենք պետք է ընդունենք և այդ ռիսկերը կանխատեսենք։

- Ի՞նչ պետք է անել՝ այս իրավիճակը շտկելու համար։

- Առաջին հերթին պատրաստել ինչ-որ ստաբիլիզացիոն ֆինանսական միջոցներ, որպեսզի փոխհատուցեն այն վնասները, որոնք կրելու է հայկական տնտեսությունը, ես չեմ ասում միայն արտահանողները, որովհետև այդ արտահանողները նաև Հայաստանի շուկայում են աշխատում, հարկեր են մուծում, ունեն հարյուրավոր աշխատակիցներ։ Յուրաքանչյուր տնտեսություն, որն իր արտահանման 80 տոկոսով էներգետիկ, առևտրային, ներդրումային կախվածություն ունի ինչ-որ մի երկրից, բնականաբար այդ լարումից կրելու է շատ մեծ վնասներ։ Զուգահեռ պետք է շատ ակտիվ պետական մակարդակով այդ մասին ամեն օր խոսել, դրա մասին պիտի ժողովներ լինեն հենց հայկական դիվանագիտական կորպուսում, ԱԳՆ, Էկոնոմիկայի նախարարություն: Բայց դա, միևնույն է տարիների և մեծ փողերի հարց է։ 30-40 տարի մենք Ռուսաստանի հետ՝ հատկապես վերջին 30 տարին, առևտրային կապեր ենք ունեցել, որոնք վերջին 5 տարվա մեջ միայն խորացել են։ Առանց ցավ, առանց մեծ վնասների բնականաբար չի անցնի։ Հիմա ով, որ սատարում է Հայաստանը` Ռուսաստանից այդպիսի վտանգավոր մոտիկությունը, կախվածությունը չեղարկելու գործին, հրավիրում է համագործակցության այլ երկրների՝  դիվերսիֆիկացնելու համար արտաքին քաղաքական հարաբերությունները, այդ հրավիրող կողմը ինչ-որ չափով պետք է մտածի նաև իր հրավերքի ռիսկերի մասին, և ինչ-որ փոխհատուցումներ նախատեսի։

-  Այսինքն, պետությունը պետք է փոխհատուցի այն ընկերություններին, որոնք կորուստներ են ունեցել իրենց արտադրանքը Ռուսաստան չուղարկելու հետևանքով։

- Իհարկե։ Ճիշտ, թե սխալ` դնում ենք մի կողմ, ում որոշումով են կառուցվում հայ-ռուսական հարաբերությունները, ով է հայտարարություններ անում, որոնք կասկածի տակ են դնում ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, Ռուսաստանի հետ նման սերտ անվտանգային տնտեսական հարաբերությունները: Թե ով է այդ հայտարարությունն անում, ով է ձեռնարկում քայլերը։ Միգուցե այդ հայտարարությունները և քայլերը շատ ճիշտ են, այդպես էլ պետք է, և դա օգտակար է Հայաստանի համար՝ դա մենք չենք դատում։ Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, պետական այր, պետք է իր կայացրած որոշումների համար պատասխանատվություն ստանձնի և հոգ տանի տուժող կողմերի մասին։ Տեսեք, Ռուսաստանը միանշանակ հումքային ներմուծումը չի խոչընդոտելու՝ հումքն իրեն պետք է, իսկ պատրաստի արտադրանքը խոչընդոտելու է։ Հիմա կամաց-կամաց է անում։

- Ենթադրում եք, որ արգելքները, պատժամիջոցների ծավալը կմեծանա ու կխստանա՞։

- Միանշանակ և բնականաբար։ Արդեն, օրինակ, պատրաստվում է որոշում, որպեսզի պարզեցնեն վրացական կոնյակի, սպիրտի ներմուծումը Ռուսաստան, ի՞նչ եք կարծում, ո՞ր երկրի փոխարեն, բնականաբար` հայկական։ Իրենք գիտեն, որ հայկական կոնյակը դա սովորական պանիր և կարագ չի, դա Հայաստանի սիմվոլն է։ Խախտումներ հայկական կոնյակում գտնելու են, ինչպես թուրքական լոլիկի, վրացական գինու մեջ գտան։ Գտնելու են ինչ-որ բաներ, խստացնեն ինչ-որ բաներ՝ իրենց ձեռքն է, ինչ կուզեն, այն էլ կանեն։ 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հայերը պետք է գնեն հայկական արտադրանք` այդ դեպքում սպառման խնդիր հայ արտադրողը չի ունենա։

- Գիտեք, դա ոնց որ վերքի վրա փչես, ի՞նչ է նշանակում գնենք։ Առաջին հերթին գնելու համար այդ արտադրանքը պետք է հայտնվի խանութներում։ Խանութներում հայտնվում են միջազգային ուժեղ բրենդների արտադրանքը, որոնք միլիոնավոր բյուջե ունեն և շատ մեծ մարքեթինգային, հզորագույն ընկերություններ՝ Կոկա-Կոլայից սկսած, Սնիկերս և այլն։

- Այսինքն, հայկական արտադրողները չեն կարող մրցել համաշխարհային բրենդների հետ։

- Այո, որովհետև այդ բյուջեները չունեն, այդ դպրոցը չունեն, այդ արհեստավարժությունը չունեն։ Օրինակ, ինչպես Հայաստանի հավաքականը չի կարող մրցել միջազգային հավաքականների հետ կամ մեր կառավարությանը կարո՞ղ եք համեմատել Միացյալ Նահանգների կառավարության հետ կամ եվրոպական։ Դե դնենք իրենց մի դաշտում և ասենք՝ դե մրցեք իրար հետ, չեք կարողանում՝ մի կառավարեք։

- Այսինքն, Հարությունյանի ասածը ֆանտաստիկայի ոլորտի՞ց է։

- Ոչ թե ֆանտաստիկայի ոլորտից է, այլ ինչ-որ էպիզոդ է ասել, լավ բան է ասել` մենք կսպառենք, իրենք իրենց կուսակցությունով կամ հայ ժողովուրդը կհավաքվեն ու ինչ-որ մի ֆուռ կսպառեն, բայց դա պետք է շարունակական բնույթ կրի։ Հայրենական արտադրողի համար Հայաստանի վաճառակետերում՝ շինանյութ լինի, սնունդ լինի՝ տեղ չկա։ Արայիկ Հարությունյանին խորհուրդ կտամ մոնիթորինգ անել, թե խանութների՝ պարենային և ոչ պարենային, դարակաշարերը տեսնեն ինչ արտադրանքով է զբաղված։ Դրանք զբաղված են 30-40 տոկոսով մրցույթից դուրս գերհզոր, տրանսազգային, վերազգային արտադրանքով, և առևտրային ցանցերի ներմուծած արտադրանքներից։ Ապրանքների ստվար զանգված, կամ հենց իրենց իրավաբանական ԱՁ-ով կամ` փոխկապակցված կազմակերպության ներմուծած ապրանքն են վաճառում։ Նայեք Սիթին, Զովքը և այլ խանութներ՝ ինչ ներմուծում են, այն էլ վաճառում են։ Տակը մնում է հազիվ 20 տոկոսի տեղ, որ ամենաուժեղ հայկական արտադրանքն է գրավում, իսկ նորաստեղծը դուրս է մնում։ Կառավարությունն իր սեփական սխալ ու անատամ քաղաքականությունը փորձում է բարդել արտադրողների, ժողովրդի վրա, որ ինքը հայկական չի գնում, արտադրողը որակյալ ապրանք չի արտադրում։ Եթե կա ինչ-որ բան անորակ՝ դա մեզ մոտ պետական կառավարումն է, երևի ամենաանորակ ոլորտներից մեկն է։ 

- Արտահանողների կորուստները որքա՞ն կարող են կազմել։

- Ընդհուպ մինչև սնանկացում, ես թվեր չբերեմ, և դա նորմալ է` ինչո՞ւ, որովհետև, եթե քո տնտեսության պատրաստի արտադրանքը 80 տոկոսով մի երկիր է գնում, ուրեմն կամ դու պիտի այդքան բանը հասկանալով քո քաղաքականությունն էլ նույն կերպ դասավորես կամ ուղղակի միջոցներ ձեռնարկես, ինչպես օրինակ, Վրաստանին օգնեց երրորդ աշխարհը՝ նկատի ունեմ Արևմուտքը, ինչ-որ մի ձև դիմադրել, երբ որ 2008 թվականին նույն վիճակում հայտնվեց՝ ռուսաստանյան շուկան փակեցին իրենց համար, անորակ ապրանքի պատրվակով։ Ինչքան էլ փողով օգնեցին վրացական ապրանքներին, արևմուտքը շուկան առանձնապես չբացեց։ Այսինքն, փող տվեցին, Վրաստանի արտադրողներից որոշները դիմացան, որոշները սնանկացան, բայց տարիներ անց ավելի խելացի վրացական կառավարությունը որոշեց սուր քայլեր չձեռնարկել ու չմիացան 2022 թվականին Ռուսաստանի դեմ սանկցիաներին, ինչի համար շատ քարկոծվեց արևմուտքի կողմից, որովհետև իրենց արտաքին առևտուրը վտանգավորության չափ շարունակում է կախված լինել Ռուսաստանից։ Նույն հայելային պատկերն է․ վրացական գինու 50-70 տոկոսը, գյուղմերքն էլ արտահանվում է Ռուսաստան, ու որպես շնորհակալություն Վրաստանին՝ սանկցիաներին չմիանալու համար, վրացական արտադրանքը որակյալ են համարում և պատրաստվում են ավելի պարզեցնել վրացական, օրինակ, կոնյակի, սպիրտի ներմուծումը Ռուսաստան։

- Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը։

- Կառավարությունը պետք է հասկանա, ֆոնդեր և հակաճգնաժամային ծրագրեր պատրաստի։ Ես դեռ չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը ծրագիր մշակի, միգուցե գաղտնի է այդ ամեն ինչը` չեն ասում, բայց դեռ ակներև ոչինչ չի երևում և ֆինանսական օգնություն ցուցաբերեն ու շատ ուժեղ դիվանագիտական, տնտեսական դիվանագիտության զարգացում, որը էլի չի երևում` ոչ հանդիպումներ դեսպանների հետ, ոչ էլ այլ բաներ։ Կամ ԱԳՆ խոսնակը լավ չի աշխատում կամ այդ ամենը ակներև չէ։ Միայն մեկ դեսպան ենք ճանաչում 5 տարվա մեջ, որ ակտիվորեն փորձում են հայկական արտադրանքը առաջ տանել՝ օրինակ, Ճապոնիայում և մի քանի այլ երկրներում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը, տևական աշխատանք ենք տեսնում։ Մնացածի մոտ կամ ձևական կամ իրենց օրակարգի սպասարկմամբ են զբաղվում։ Ամենավատ բանը, որ մերոնք անում են, իրենք մատի փաթաթան են սարքում ռուսական կողմի կեղծ պնդումները և իրենց բոլոր հարցազրույցներում ասում են՝ դե վատ որակի պատճառով ու քար են գցում Made in Armenia, ես կասեի, կայացած, բավականին լավ ռեյտինգ ունեցող արտադրանքի վրա։ Նորից եմ կրկնում, Հայաստանում ամենաանորակներից մեկը դա պետական կառավարման համակարգն է, դանդաղկոտությունը և բյուրոկրատիան։