Իսրայելը ստիպում է ԱՄՆ-ին պատերազմել Իրանի դե՞մ

Իսրայելը ստիպում է ԱՄՆ-ին պատերազմել Իրանի դե՞մ

«Մենք զգուշացրել ենք Իրանին՝ չօգտագործել այս հարձակումը որպես պատրվակ տարածաշրջանում հետագա էսկալացիայի համար», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը:

Այս հայտարարությունը վերաբերվում է Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան անմիջապես կողքը գտնվող Իրանի հյուպատոսարանի շենքի պայթեցմանը։ Հիշեցնենք, որ այդ օդային հարձակման հետևանքով զոհվել էին շուրջ 16 հոգի, որոնց շրջանում Իրանի Իսլամական Հեղափոխության պահապահնների կորպուսի յոթ հրամանատարներ և գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին։

Բնականաբար Իրանը թե հոգևոր առաջնորդի, օրերս էլ նաև ԱԳ նախարարի շուրթերով հայտարարեց՝ հարձակումն Իրանի պետական ներկայացուցչության վրա անհետևանք չի մնա, պատժելու են։

Աշխարհում ևս Իսրայելի կողմից այս քայլը ոչ միանշանակ ընդունվեց, որքան էլ Իրանի հետ փոխհարաբերություններում ճգնաժամ լինի՝ հյուպատոսարանների կամ դեսպանատների վրա հարձակումն անընդունելի է և միջազգային օրենքների խախտում։ Դա յուրօրինակ կարմիր գիծ է, որը անցնել չի կարելի։
Միացյալ Նահանգները փորձում է հնարավորինս համոզիչ լինել իր հավաստիացումներում, որ ԱՄՆ-ն որևէ կերպ մասնակից չի եղել Իսրայելի կողմից՝ Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման հարցում։ Որքանո՞վ են անկեղծ ԱՄՆ-ի իշխանությունները․ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն օրինակ հայտարարել է, որ էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից։

Ըստ Սպիտակ տան հավաստիացումների՝ ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Դամասկոսում բարձրաստիճան իրանցի զինվորականների դեմ իրականացված ավիահարվածի մեջ։

Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եվրոպայի իր գործընկերներին կոչ է արել համոզել Իրանին՝ զերծ մնալ Իսրայելի տարածքին հարվածելու մտքից։

Եվ այսպես, ինչու գնալ նման ռիսկային քայլի և հետո սկսել աջ ու ձախ խնդրել, որպեսզի համոզեն Իրանին՝ պատասխան չտալ Իսրայելի կողմից պետական ահաբեկչությանը։ Արդյոք Միացյալ Նահանգները չի՞ փորձում  չոր դուրս գալ ջրից, թե իրականում տեղյակ չի եղել Իսրայելի քայլերից։

Այն, որ Իսրայելը միայնակ չի կարողանա հակազդել Իրանին ուղիղ պատերազմական գործողություններում՝ դա միանշանակ է։ Նույնիսկ ամերիկյան առաջատար վերլուծաբաններն ու քաղաքագետներն ասում են՝ չնայած, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում և ոչնչացնում անմեղ բնակչությանը, բայց մինչ օրս ՀԱՄԱՍ-ի մարտիկների միայն քառորդ մասին է կարողացել ոչնչացնել ու փաստացի Գազայում միայն մեկ բրիգադ է մնացել իսրայելական։ Այն, որ պատերազմի արյունոտ անիվի տակ զոհվում են անմեղ պաղեստինցիներ, ամենևին չի նշանակում, որ Իսրայելը հաղթել է ՀԱՄԱՍ-ին։ Սա դեռ մի կողմ, Եմենի հութիները, որոնք աջակցություն են ստանում Հեզբոլլահից, բավականին հուժկու ու ուժեղ հարվածներ են հասցնում ոչ միայն իսրայելական, այլև ամերիկյան ռազմածովային ուժերին։ Սա դեռ ամենը չէ, Իսրայելը փորձում է նոր ճակատ բացել նաև Լիբանանում՝ անընդհատ հարվածներ հասցնելով Հեզբոլլահի կետերին։ Այստեղ չենք կարող չհիշել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստ են երկաթյա աջակցություն ցույց տալ Իսրայելին ցանկացած պարագայում։ Սակայն, հավաստիացումները, որ ԱՄՆ-ն իրականում որևէ մասնակցություն չի ունեցել Իրանի հյուպատոսարանի դեմ հարձակման մեջ, մտորելու տեղիք են տալիս։ 

Հնարավո՞ր է, որ Իսրայելը հատուկ նման քայլի է դիմել, որպեսզի ստիպի Միացյալ Նահանգներին՝ Իրանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնել և ինչ դերակատարություն այս հարցում կարող է ունենալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ վերջինս խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ է մեղադրվում և նրան դատ է սպասվում, ինչը հետաձգվում է Գազայում պատերազմական գործողությունների հետևանքով, սակայն Գազայում ռազմական գործողությունները դադարելու են մի օր և վերջինս ստիպված է լինելու կանգնել դատարանի առաջ։ Իսրայելում դատական համակարգն անկախ է և Նեթանյահուն իսկապես վախենալու շատ բան ունի, բացի այդ , հրեաները ունեն պետականամետ մտածելակերպ ու այժմ էլ Իսրայելի ներսում ընթացող քննարկումներն այնպես չէ, որ աջակցում են Նեթանյահուի քաղաքականությանը Գազայում կամ էլ մոռացել են հոկտեմբերի յոթի տարօրինակ հարձակումը՝ Իսրայելում շատերը հարցեր ունեն Նեթանյահուին ուղղված՝ շարզապես սպասում են Գազայում ռազմական գործողությունների ավարտին։ Եվ այսպես, ստացվում է, որ հենց Նեթանյահուին է ձեռնտու հնարավորինս ձգձգել Գազայում ռազմական գործողություններն ու ինչու ոչ՝ նոր պատերազմ հրահրել, դրանում ներքաշելով նաև ԱՄՆ-ին։

ԱՄՆ-ի հզորագույն լոբբիստական ընկերությունները աշխատում են Իսրայելի օգտին, իսկ ԱՄՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ հրեաներ են ու միամտություն կլիներ կարծել, որ Իրանի կողմից Իսրայելի տարածքին ուղիղ հարձակմանը ԱՄՆ-ն մատների արանքով կնայի՝ ստիպված է լինելու միջամտել ու դառնալ հակամարտող կողմերից մեկը։ Կարող ենք ենթադրել, որ Նեթանյահուն վա բանկ է գնում՝ Իսրայելը այդ պատերազմից դուրս կգա կամ տարածաշրջանի հզորագույն պետությունը, որը մի քանի անգամ կընդլայնի սեփական սահմանները կամ Իսրայելը կթևակոխի արյունալի բախումների երկարատև փուլ, սակայն ինչպես ասում են՝ պատերազմը եկամտաբեր բիզնես է։
Ինչ խոսք, Իրանում ևս հասկանում են, որ Իսրայելին ուղիղ հարվածելու դեպքում, ամենայն հավանակնությամբ ԱՄՆ-ն էլ թեկուզ չուզենալով, բայց դառնալու է հակամարտության կողմ, հետևաբար կարող ենք ենթադրել, որ Իրանը Իսրայելին կպատժի պրոքսի պատերազմների միջոցով՝ Հեզբոլլահ, հութիներ, միգուցե ՀԱՄԱՍ-ին նոր ու ավելի ինտենսիվ աջակցություններ։

Սակայն փաստ չէ, որ Իրան-Իսրայել ուղիղ հակամարտություն չի կարող չլինել՝ մնում է հուսալ, որ դա կշարունակվի պրոքսի պատերազմների միջոցով, այլապես դժվար է պատկերացնել Հայաստանի վիճակը, երբ բնական դաշնակիցդ գոյաբանական թեժ պատերազմի մեջ է, իսկ կողքդ թշնամական Ադրբեջանն ու Թուրքիան են, իսկ ինքդ էլ սեփական իշխանություններիդ քմահաճույքի պատճառով կորցրել ես ռազմական դաշնակցիդ։