Տոկաեւին հաջողվե՞ց Փաշինյանի հետ խոսել հետխորհրդային տարածքի կայունության մասին

Տոկաեւին հաջողվե՞ց Փաշինյանի հետ խոսել հետխորհրդային տարածքի կայունության մասին

«Հայաստանն իրոք կրճատել է իր գործունեության ոլորտը ՀԱՊԿ-ում, եւ այս հարցում պարզորոշություն մտցնելն օգտակար կլինի կազմակերպության անդամ բոլոր երկրների համար»,- այս մասին ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում նախօրեին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին։

Վերջինս նաեւ ասել է, որ Հայաստանի ղեկավարի կողմից ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների առնչությամբ ներդրված «սառեցված» եզրույթն այնքան էլ տեղին չէ։ «Պետք է նկատել, որ «սառեցված» եզրույթն առկա չէ ՀԱՊԿ փաստաթղթերում, դրա համար էլ մենք, ստեղծված իրավիճակի հետ կապված, այն չենք կիրառում։ Հայաստանն իրոք կրճատել է ՀԱՊԿ-ում իր գործունեության ծավալը, որպես կազմակերպության անդամ, սակայն, այնուհանդերձ, աշխատանքը շարունակվում է, եւ բոլոր հարցերը, որոնք ներառված են քարտուղարության օրակարգում, քննարկվում են աշխատանքային կարգով։ Նախկին ծավալով կազմակերպությունում իր ներգրավվածության վերականգնումը բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից է կախված։ Եվ պարզորոշությունն այդ հարցում օգտակար կլիներ միության մյուս բոլոր անդամների համար, հատկապես՝ լիարժեք պլանավորման առումով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հատկանշական է այն, որ այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ով ներկայացնում է Ղազախստանը, ըստ կազմակերպությունում գործող ռոտացիոն կարգի, խոսում է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ ապրիլի 15-ին Հայաստան կատարած այցից գրեթե անմիջապես հետո։ Արձանագրենք, որ այս հայտարարությունն ամենեւին էլ պատահական չէր կարող լինել, եւ, ամենայն հավանականությամբ, Տոկաեւը նաեւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին է անդրադարձել՝ ռեգիոնալ անվտանգության եւ կայունության ապահովման հարցի քննարկման համատեքստում։

Տոկաեւի՝ Հայաստան այցի առնչությամբ, հատկապես ռուսական մեդիատարածքում եղած հրապարակումներն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ Ղազախստանի նախագահի երեւանյան այցի օրակարգում հատուկ տեղ են զբաղեցրել Հայաստանի եւ նախկին խորհրդային տարածքում եղած ռեգիոնալ ինտեգրացիոն միավորումների կամ նախկին խորհրդային տարածքում խաղացողների հետ հարաբերությունների կարգավորման, նորմալացմանը վերաբերող հարցերը։ Կոնկրետ այս մասով թե ինչ արդյունքների է հասել Տոկաեւը, դժվար է ասել։

Առաջիկայում մայիսի 9-ն է, եւ թերեւս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում Մեծ հայրենականի ավանդական մոսկովյան շքերթին ներկա լինել-չլինելուց էլ որոշակի ազդակներ կարելի կլինի որսալ ու հասկանալ, թե որքան է եղել Տոկաեւի հաջողությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ակնհայտ է այն, որ հետխորհրդային տարածքում, այսպես ասած, նոր թույլ օղակի կամ նոր «կաղ բադիկի» ի հայտ գալը տարածքի խաղացողներից եւ ոչ մեկի համար ձեռնտու չէ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ընդհանուր գերլարված վիճակը եւ շատ այլ գործոններ։ Ու այս առումով բնական է, որ ընդհանուր կոնսենսուս կա ձեւավորված հետխորհրդային տարածքում՝ հնարավոր քայլերն անել՝ հետ պահելու Երեւանին իր «արտաքին քաղաքական վեկտորի դիվերսիֆիկացման» արկածախնդիր դեգերումներից, տեղում հավելյալ բաժանարար գծեր չավելացնելու եւ խնդիրներ չստեղծելու, դրանով իսկ հետխորհրդային տարածքում նոր հնարավոր պայթյունավտանգ օջախ չձեւավորելու մտահոգությունից ելնելով։