Կոմկուսը՝ ժողովրդի «կեղեքիչ», դեմոկրատիան՝ «փրկիչ»

Կոմկուսը՝ ժողովրդի «կեղեքիչ», դեմոկրատիան՝ «փրկիչ»

Փորձենք վերանալ կեղծ արժեքների փիլիսոփայությունից եւ իրերը կոչենք իրենց անուններով: Այն սերունդը, որն ապրել է Խորհրդային Միության՝ Կոմունիստական «միահեծան» իշխանության ժամանակաշրջանում, տեսել է, թե ինչպես է ղեկավարող կուսակցությունը «ճնշում» ժողովրդին` պահելով «գործազուրկի» կարգավիճակում, ապրանքների գները շարունակաբար բարձրացնելով, կենսաթոշակառուներին ընդամենը մոտ 50 կգ շաքարավազի արժեքի չափ գումար վճարելով, առողջապահությունը, ուսումը եւ այլ ծառայություններն իրականացնում է «վճարովի» հիմունքներով, ժողովուրդների` հանրապետությունների ազգաբնակչության միջեւ «խտրական տարբերություններ» դնելով:

Այնպես որ, օրինակ, հայերը՝ որպես ամենափոքր ազգերից մեկը, կարողանում էին Հայաստան ներմուծել այնպիսի ծավալի ապրանքներ, որ հնարավոր էր մեկ-երկու հանրապետության ժողովրդի էլ իր հետ պահել: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Ահա, 70 տարի շարունակ հայ եւ Խորհրդային Միության մյուս ժողովուրդները «տառապել» են՝ ապրել են այս կարգավիճակով: Եվ զարմանալի է, թե այս «խեղճ ժողովուրդներն» ինչպես են կարողացել «գոյատեւել» 70 երկար տարիներին ու չեն վերացել աշխարհի վրայից:  Ամենակարեւորը՝ խորհրդային բոլոր ժողովուրդները «տոկոսների տակ ճռռում էին», եւ ստացած ամբողջ եկամուտը չէր բավականացնում դրանց վճարման համար: Փաստորեն, այդ բռնապետական իշխանությունն ամեն ինչ անում էր ժողովրդին ճնշելու, սովահարելու համար, որպեսզի հանկարծ նրանց մտքով չանցներ իշխանությունների դեմ որեւէ բողոք ներկայացնել: Եվ ահա՝ այս «զազրելի» կյանքից հետո, Արեւմուտքի համառ ջանքերով փլուզվեց Խորհրդային Միությունը, որպեսզի խորհրդային ժողովուրդներին ազատագրեն «ստրկական» կյանքից, նրանց տան «ազատ, անկախ» ապրելու իրավունք, որը հնարավոր էր միայն Խորհրդային Միությունը քայքայելու, հանրապետություններին անկախություն շնորհելու եւ այդ երկրներում «դեմոկրատիա» հաստատելու ճանապարհով: 

Արեւմուտքն այս ամենը շատ նրբորեն իրականացրեց եւ ժողովուրդներին անվճար պարգեւեց այդքան երանելի դեմոկրատիան, որը նրանց ազատագրեց 70-ամյա կապանքներից ու նրանց առջեւ բացեց ազատության, անկախության փառահեղ պողոտան: Փորձենք մի քանի բառով ներկայացնել, թե դրա արդյունքում ինչ ունենք այսօր, եւ հստակ ներկայացնենք այն իրավիճակը,  որում այսօր հայտնվել են նախկին խորհրդային, այժմ՝ դեմոկրատիայի պտուղները  «վայելող» ժողովուրդները, որոնք այնքան երազում էին հասնել այդ «երանելի» վիճակին: Կփորձեմ ամեն ինչ ներկայացնել հայ ժողովրդի կտրվածքով, քանզի, նախ՝ 1988թ. փետրվարին հայերն առաջինը դուրս եկան անկախության համար պայքարի, եւ երկրորդ` այդ ժողովուրդների վիճակի որոշակի կորելացիաներով, նրանք բոլորը հայտնվել են համարյա նույնատիպ վիճակում:

Դեմոկրատիայի արդյունքում ունենք ադրբեջանցիների կողմից «սուվերեն» Հայաստանի ստրատեգիական տարածքների որոշ հատվածների գրավում, Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, «տոկոսների» տակ չոքած, գործազուրկ, ամեն ինչ կորցրած, թալանչիների ստրուկ եւ ծառա, մարդկային ամենացածր մակարդակի հարաբերություններով օժտված, մասերի պառակտված, անձնական ամբիցիաները երկրի շահերից վեր դասող, դառը եւ ճակատագրական պարտություններից դասեր չքաղող, երկրի վիճակի նկատմամբ լրիվ անտարբեր, թացը չորից չտարբերող, արցախյան վերջին պատերազմի զոհերի եւ անհետ կորածների հիշատակը, վիրավորների ու գերիների մասին արագ մոռացող, բոլոր անարդարությունների հետ հեշտ հաշտվող, որեւէ նախաձեռնություն չցուցաբերող, թաքուն վայրերում բամբասող, իրար չհանդուրժող, հավատքից կտրված, մեր հայրենիքի հազարամյակների հերոսական պատմությունը լրիվ մոռացած, հանուն սեփական շահի նվիրական արժեքներն ուրացող, աշխարհի աչքից ընկած... ժողովուրդ, որից հայտնի չէ, թե ինչ կարելի է սպասել:

Այսքանից հետո տարբեր ամբիոններից շատ-շատերը հաճախակի բարձրաձայնում են՝ ինչ լավ եղավ, որ Խորհրդային Միությունը փլուզվեց, եւ մենք էլ մյուս ժողովուրդների հետ փրկվեցինք այդ հրեշին ծառայելու ստրկական վիճակից, ունեցանք անկախ պետություն եւ, որ ամենակարեւորն է՝ ազատ, անկախ, թափացիկ ապրելու դեմոկրատական հասարակարգ: Ընդամենը մի խորհուրդ ունեմ մեր ժողովրդին. նայեք ձեր ապրելակերպին, նայեք Արեւմուտքում առկա եւ նրանց կողմից մեզ բերած դեմոկրատիաներին ու լրջորեն խորհեք...

  Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ