Նախկինում՝ ահաբեկիչների դեմ պատերազմ, հիմա՝ հարեւանների հետ բարեկամություն

Նախկինում՝ ահաբեկիչների դեմ պատերազմ, հիմա՝ հարեւանների հետ բարեկամություն

Հետպատերազմյան ընթացիկ փուլում Հայաստանը ներքաշվել է հյուծող, մաշեցնող, անտեսանելի պատերազմի հորձանուտ, որն ընթանում է ադրբեջանական սցենարով, այն է՝ առանց կրակոց արձակելու, հայկական կողմին սպառնալով՝ հարկադրել նոր զիջումների։ Ցավոք, Հայաստանն ու Արցախը ուժ եւ կարողականություն չունեն՝ դուրս գալու այդ շրջապտույտից, որակապես նոր դիրքերից հանդես գալու, մեջքը շտկելու եւ թշնամու պահանջներին հակադարձելու։
Նիկոլ Փաշինյանի շարունակական հավաստիացումները, թե Հայաստանը տարածքներ նվաճելու նպատակ չունի, պարզապես ծիծաղ են առաջացնում։

Ստացվում է՝ Հայաստանը հրաժարվել է անգամ սեփական ինքնիշխան տարածքն ազատագրելու հեռանկարից, եւ այդկերպ սեփական բնակչությանը կոչ է արվում՝ համակերպվել մեր երկիր ներխուժած թշնամու ներկայության հետ։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, բոլորին էլ պարզ է, թե հակամարտության կողմերից ով է սկսել պատերազմը, ով է շարունակաբար խախտում հրադադարը, ով առհասարակ նման շարժառիթ ունի, եւ Փաշինյանի նման խոստումները միջազգային գործընկերների համար գրոշի արժեք չունեն։

Այլեւս որեւէ երկիր, այդ թվում՝ տարածաշրջանային ուժային կենտրոններ ՌԴ-ն եւ Իրանը, չեն էլ ակնարկում, թե ով էր պատերազմի ագրեսորն ու հրադադարի ռեժիմը խախտողը։ Մինչդեռ պատերազմի օրերին Մոսկվան եւ Թեհրանը, հղում անելով իրենց հետախուզական, արբանյակային եւ այլ միջոցների տվյալներին, համապատասխան տեղեկատվություն հավաքելով՝ հասցեական կոչեր եւ ակնարկներ էին անում, մասնավորապես՝ Ադրբեջանին հորդորում բացառել ահաբեկչական տարրի ներկայությունն Արցախում։

Առհասարակ, պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն էլ արձանագրեցին, որ հայության դեմ մարտնչում են ծայրահեղական խմբեր, սիրիացի վարձկաններ: ԱՄՆ-ն բավական միարժեք խոսեց Ադրբեջանում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ ՌԴ-ն, Ֆրանսիան, Իրանը վարձկաններին տարածաշրջանից անմիջապես հեռացնելու կոչեր էին անում, ԱՄՆ-ն եւս փաստում էր վտանգի առկայությունը: Գործուն որեւէ քայլ չարվեց, արդյունքում՝ Թուրքիան իր ահաբեկչական ներկայությունն ընդլայնեց ոչ միայն Եփրատի, այլեւ Արաքսի հովտում:

Որպես հակաահաբեկչական պայքարի տարածաշրջանային ավանգարդ դիրքավորվող Հայաստանը պատերազմից հետո իսպառ մոռացավ իր այդ դերի մասին։ Պատերազմի օրերին Արցախի ԱԺ-ն առաջ էր քաշել հակաահաբեկչական կոալիցիայի գաղափար, պնդում էին, որ հաշվի առնելով Արցախի փոքր տարածքն ու հակամարտության տեղային բնույթը՝ այսօր նման ծավալների ծայրահեղական խմբեր որեւէ այլ տարածաշրջանում չկան: Պարզվեց՝ թշնամին անգամ դրա զավեշտալի հակաթեզն ունի, թե իբր հայկական կողմից քուրդ զինյալներ են կռվում։ Պարզ է, որ եթե անգամ մեկ քուրդ զինյալ կռվեր մեր կողմից, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Թուրքիան առավոտից երեկո այդ մասին կխոսեին։

Թուրքիայի եւ Իսրայելի անթաքույց աջակցությամբ Ադրբեջանի հարձակողական գործողություններն Արցախի դեմ, միջոցների մեջ խտրություն չդնելը, մի քանի ճակատով, այդ թվում՝ ահաբեկիչների մասնակցությամբ մի ամբողջ չճանաչված պետություն կործանելը ո՛չ աշխարհի, ո՛չ էլ, ցավոք, Հայաստանի մտահոգությունը չեն։ Այսօր Երեւանն ունի մի խնդիր՝ թշնամական զինուժի հաղթանակի եւ մեր տարածքում առաջնային նոր բնագծերի նվաճման ֆոնին գնալ սահմանազատման թեմայով հարկադրված բանակցությունների՝ առավել քան խոցելի ու թույլ դիրքերից։

Հակառակ դեպքում, ինչպես սպառնում են Բաքվից, Հայաստանի դեմ մի նոր ռազմական արկածախնդրություն կսկսեն, կանցնեն խորքային հարձակման, պատերազմը կտեղափոխեն արդեն Հայաստանի տարածք եւ ընդհուպ կձեւավորեն անվտանգության երկրորդ գոտի՝ ի հաշիվ մեր բնակավայրերի։

Դավիթ Սարգսյան