Միջազգային ասպարեզներում մեզ սպասում են...

Միջազգային ասպարեզներում մեզ սպասում են...

Չնայած նենգ համաճարակի նոր ալիքի տարածմանը, այս աշնանը միջազգային ասպարեզներում մարզական աշխույժ կյանքը եռում է: Մի շարք լուրջ ստուգատեսներում գրանցվել են բավականին խոստումնալից ցուցանիշներ, ինչը չի կարող չուրախացնել։ Այս առումով հատկապես աչքի ընկավ 24- ամյա գյումրեցի, գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։ Սերբիայում անցկացված աշխարհի առաջնությունում նա մեկը մյուսի ետեւից  ու վստահորեն պարտության մատնելով ուկրաինացի Ցոնտե Ռոգավային, կոլումբիացի Քրիստիան Սալսեգո Կադասիին, ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովին, ադրբեջանցի Մուհամեդ Աբդուլաեւին, դուրս եկավ եզրափակիչ։ Կարելի է ասել, ռուս Մարկ Պետրովսկու հետ հավասար պայքարում ընթացած վճռական մենամարտի հաղթող, մրցավարների որոշմամբ, ճանաչվեց վերջինս։

Սակայն արծաթե մեդալն էլ լուրջ նվաճում է մեր պատվիրակի համար, մանավանդ որ նման բան վերջին անգամ գրանցվել էր 12 տարի առաջ։ Այն էլ ասենք, որ աշխարհի առաջնության բոլոր մրցանակակիրներն արժանացան հատուկ «հոնորարների». չեմպիոնները` 100 հազարական դոլարի, փոխչեմպիոնները` 50 հազարական, բրոնզե մրցանակակիրները` 25-ական հազար դոլարի։ Վերջին պարգեւին արժանացավ նաեւ Հովհաննես Բաչկովը։

Հաճելի ու մեզ համար բացառիկ լուր ստացվեց Ռուսաստանի Կազան քաղաքից, որտեղ անցկացված լողի Եվրոպայի առաջնությունում երեւանցի Արթուր Բարսեղյանը 100 մետր տարածությունն ազատ ոճով հաղթահարեց 48,09 վայրկյանում, սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ, իրավունք ստանալով հանդես գալու կիսաեզրափակիչ լողահերթում։ Բելգրադում ավարտված մինչեւ 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները շահեցին բոլոր երեք ձուլվածքի մեդալներ

։ Իսկ ամենաբարձր տիտղոսի` չեմպիոնի պատվավոր կոչմանն արժանացավ մեկը` ազատոճային, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը կարողացավ հաղթել իր բոլոր մրցակիցներին, իսկ եզրափակչում 11:7 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Արթուր Չեբոդաեւին։ Նրա թիմակից Վազգեն Թեւանյանը (70կգ), ինչպես նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր քաշային Դավիթ Հովասափյանը տուն վերադարձան արծաթե մրցանակներով։ Մեր հինգ ըմբիշ էլ արժանացան բրոնզե պարգեւների։

Հուսանք՝ ավելի բարձր ցուցանիշներ կգրանցվեն նաեւ Տաշքենդում, որտեղ շուտով՝ դեկտեմբերի սկզբին, անցկացվելու է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որին ամենայն լրջությամբ են նախապատրաստվում հայ դյուցազունները։ Իսկ հիմա՝ խաղային մարզաձեւերի մասին, որոնց ստուգատեսները, ավաղ, խիստ սակավաթիվ են (ֆուտբոլը հաշիվ չէ)։ Այս առումով հաճելի է, որ վերջապես իրենց ակտիվության մասին բարձրաձայնեցին բասկետբոլի տարածման ու առաջընթացի համար պատասխանատուները։

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս օրերին Ա լիգայի տղամարդկանց ութ թիմեր վիճարկում են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, եւ սա չի կարող լավատեսություն չառաջացնել։ Ավելին, բասկետբոլի հանրապետական ֆեդերացիան մտադիր է առաջիկայում կազմակերպել ավելի լայն մասշտաբի մրցաշար՝ հրավիրելով նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի թիմերին։ Այն էլ ասենք, որ ծրագրված է միջոցներ ձեռնարկել՝ բասկետբոլի մի նոր, ժամանակակից պահանջները բավարարող մրցասպարեզ շահագործման հանձնել։

Դրա հետ մեկտեղ հարց է ծագում` իսկ ե՞րբ են Հայաստանի խաղային մարզաձեւերի հավաքականներն ու առաջատար ակումբային թիմերը հանդես գալու միջազգային ասպարեզներում։ Այդ ինչպե՞ս է, որ, ասենք, «Եվրոբասկետ» անունը կրող պատկառելի ստուգատեսում հանդես են գալիս ոչ միայն անվանի թիմերը, այլեւ, չզարմանաք, Կոսովոյի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները։ Իսկ մենք այդ մրցաշարից, չգիտես ինչու, դուրս ենք մնացել։

Հուսանք, որ այդ մասին վերջապես լրջորեն կմտահոգվեն ոչ միայն բասկետբոլի, այլեւ, ինչու չէ, վոլեյբոլի, ջրագնդակի, թենիսի, ձեռքի գնդակի եւ այլ խաղային մարզաձեւերի ֆեդերացիաները։ Չէ՞ որ իսկական առաջընթաց իրապես դրսեւորվում է ամենից առաջ միջազգային քննաշրջանում։

Միսակ Նազարյան