«Он может быть, и сукин сын, но это наш сукин сын» 

«Он может быть, и сукин сын, но это наш сукин сын» 

Երբ Սերժ Սարգսյանին քննադատում էի իմիտացիոն այս կամ այն գործընթացի առումով՝ չէի պատկերացնում, որ մի դժգույն օր երկրի ղեկավար կկարգենք մեկին, ում համար կառավարման իմիտացիոն բնույթը լինելու է առանցքային վարքագիծ: Հետո պատերազմ եղավ ու այդ հոսքը դադարեց՝ երբեմն-երբեմն հիշեցնելով երևույթի առկայության մասին: Վերջինն, այսպես կոչված, հայկական արբանյակի արձակումն էր: Որն ընդամենը վարձակալված, որևէ լուրջ բանի համար ոչ պետքական սարք է: Անվանումն էլ ոչ թե ArmSat է, ինչպես գլուխ էր գովել Նիկոլը, այլ Urdaneta: Ինչ-որ ժամանակ անց այն կվերանվանվի ArmSat-ի, ինչը նշանակում է տվյալ պահին սարքի տնօրինման հետ կապված ինչ-ինչ խնդիրների առկայություն: Բայց դա, բնականաբար, չփիառվեց այնպես, ինչպես դրա անվանման հայկական տարբերակը: Իսկ կիսատ-պռատ ինֆորմացիան ավելի վատ է, քան թե դրա ամբողջական բացակայությունը: 

Ի՞նչ կապ ունի արբանյակի անվանումը ոստիկանական վայրագությունների վերջին դրսևորումների, լուսաձայնային նռնակի անօրինական օգտագործման և նման այլ երևույթների հետ՝ կհարցնեք դուք: Պատասխանեմ՝ անմիջական: Եթե կառավարման ողջ համակարգն է իմիտացիոն բնույթի, ապա այդպիսին պետք է լինի նաև ժողովրդավարություն կոչված քաղաքական ռեժիմի հայաստանյան տարբերակի էությունը: Եթե խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում պետական ողջ իշխանությունը գտնվում է ընդամենը մեկ անձի ձեռքում, ապա ակնհայտ է, որ ժողովրդավարություն կոչվածն էլ է իմիտացիոն բնույթի: Այն կեղծ է, ինչը նշանակում է, որ գոյություն չունի իրականում: Գոյություն չունի՝ ինչպիսի անվանում էլ «հագցնեն» կեղծ այդ երևույթին՝ «ժողովրդավարության բաստիոն» թե «ժողովրդավարության փայլուն աստղ» և կամ «ժողովրդավարությունների էլիտար ակումբի անդամ»: 

Զարմանալին այն է, որ իրականում գոյություն չունեցող՝ ժողովրդավարություն կոչված բրենդը Նիկոլն անընդհատ փորձում է վաճառել արևմտյան երկրների ղեկավարներին: Այսինքն, այն անձանց, ում համար միջպետական հարաբերություններում բացարձակ նշանակություն չունի վերոնշյալ բրենդի առկայությունը: Հատկապես՝ երբ խոսքը է գնում մեր ժողովրդի ճակատագրի մասին: Ինչն այնպես էլ չընկալվեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Նրան դաս չեղավ 44-օրյա պատերազմի ընթացքում Արևմուտքի դիրքորոշումը: Եվ ոչ էլ մեր ողջ ժողովրդին անընդհատ ստորացնելու՝ հետպատերազմական շրջանում Ադրբեջանի ղեկավարի վարքագծի նկատմամբ արևմտյան լռությունը (բացառությամբ հայ զինվորների մանեկենների ցուցադրումը): 
Աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվող արևմտյան երկրների ղեկավարների համար հայաստանյան կեղծ ժողովրդավարությունը եղած-չեղած՝ մի բան է: Կարևորը Փաշինյան Նիկոլի կողմից վերը նշված շահերը սպասարկելն է: Իսկ մնացածի վրա կարելի է աչք փակել:

«Он может быть, и сукин сын, но это наш сукин сын» ասվել է ասվել է ավելի քան 74 տարի առաջ, սակայն մնացել է այժմեական ու այդպիսին կլինի այնքան ժամանակ, որքան մարդկությունը կառաջնորդվի շահերով և ոչ թե սկզբունքներով: Բայց գալիք այդ ժամանակաշրջանը կարծես թե այնքան էլ չի շտապում այցելել մեզ: Ինչը նշանակում է, որ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե բարոյական չափանիշներով և տրվենք զգացմունքայնությանը, այլ տրամաբանական մոտեցումով և հատկապես սառը հաշվարկով: