Նրանց բողոքն ամբողջությամբ տեղին է, բայց տեղի տալ այդ բողոքներին՝ ճիշտ չէ

Նրանց բողոքն ամբողջությամբ տեղին է, բայց տեղի տալ այդ բողոքներին՝ ճիշտ չէ

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արտաքուստ խաղաղ պաշտոնյա է, սակայն զուրկ՝ հեղափոխական դրայվից։ Մասնագիտությամբ իրավաբան է, Դավիթ Անանյանի տեղակալն է եղել, բայց որեւէ բանով աչքի չի ընկել, իր համար` գլուխը կախ` աշխատել է, հիմա էլ նույնն է անում։ Կարճ ասած՝ չկա այն «հեղափոխականությունը», որ պետք է ունենա «հեղափոխական» կառավարության յուրաքանչյուր պաշտոնյա։  Թեպետ Փաշինյանի կառավարությունն այս 2 տարվա ընթացքում այնքան է հեռացել հեղափոխական արժեքներից, եւ «հեղափոխականներն» էլ այնքան են «հակահեղափոխական» վարքագիծ դրսեւորել, որ Էդվարդ Հովհաննիսյանի նման պաշտոնյաները զարմանքի տեղիք չեն տալիս։ Ավելի լավ է լինել «մոխրագույն» չինովնիկ, քան հեղափոխականի անվան տակ էքսցենտրիկ եւ դիլետանտ արկածախնդիր։

Ի դեպ, ՊԵԿ-ն այս տարի 1-ին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 32.5 մլրդ դրամով պակաս եկամուտ է հավաքագրել։ Ուստի հարցրինք ՊԵԿ նախագահին՝ ունե՞նք նախնական հաշվարկ, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ տարվա վերջում բյուջեն որքանով կկատարենք։ «Այդ հարցի մասին բազմիցս խոսվել է. իհարկե, գնահատել, թե տարվա վերջում ինչ պատկեր կունենանք, այս պահին անհնար է՝ կախված իրադարձությունների զարգացումից, կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման տենդենցից եւ, առհասարակ, տնտեսության ակտիվության տեմպերից։ Որպես պատասխան՝ կարող եմ ասել, որ ոչ, այս պահին պատկեր չունենք, եւ չեմ պատկերացնում, որ այդպիսի պատկեր որեւէ մեկը կարող է ունենալ»։

- Որքա՞ն է այս պահին անկումը բյուջեի մուտքերի մասով։

- Հարցը պետք է ճիշտ ձեւակերպենք, այստեղ կարեւոր է, թե ինչն ինչի հետ ենք համեմատում։ Եթե մենք համեմատում ենք բյուջեի մուտքերը կառավարության կողմից ճշտված ծրագրով հաստատված ցուցանիշների հետ, ապա անկում չունենք։ Եթե համեմատում ենք 2019 թ․ դեկտեմբեր ամսին 2020 թ․ պետական բյուջեով հաստատված հարկային եկամուտներով ծավալի հետ, ապա նշեմ, որ, ըստ նախնական ցուցանիշների, առաջին կիսամյակի պլանավորումը եղել է մոտ 770 մլրդ դրամ, հետագայում այն վերափոխվել է 680.3 միլիարդ դրամի, որը ՊԵԿ-ի կողմից, ինչպես արդեն նշել ենք, ապահովել ենք։

- Այսինքն՝ մենք տարեվերջին շեմն էլի կիջեցնե՞նք, որպեսզի ապահովենք նախատեսված մուտքերը։

- Էսպես ասեմ․ եկեք տարվա վերջի մասին դեռ կանխատեսումներ չանենք, մենք էս պահին դեռ կառավարության կողմից հաստատված ծրագրով սահմանված ցուցանիշներն ապահովելով՝ գնում ենք։ Իսկ իրադարձությունների զարգացումը ժամանակը ցույց կտա։ 

- Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ կառավարությունը, այդ թվում՝ ՊԵԿ-ը, իր նշած քայլերից որոշները կատարել է՝ տնտեսվարողներին հարկային արտոնություններ սահմանելու մասով եւ այլն, սակայն դրանք ուշացած են արվել, եթե դա մարտ-ապրիլին կատարվեր, արդյունքն ավելի մեծ կլիներ։

- Գիտե՞ք, ես կարծում եմ, որ իրավիճակի գնահատականի մասին ամբողջական պատկերացում ունենալուց հետո կառավարությունն արդեն իսկ արձագանքել է։ Այն ուշացած է, թե ուշացած չէ, այս պահին դժվարանում եմ պատասխանել։ Ամեն դեպքում, ավելի ճիշտ կլինի որոշում կայացնել այն դեպքում, երբ իրավիճակի վերաբերյալ պատկերացումն ավելի խորը եւ ավելի համապարփակ է լինում։

- Այս օրերին ռեստորանային ու տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներն ակցիաներ էին անում՝ պահանջելով վերացնել սահմանափակումները, որպեսզի իրենք վերջնականապես չկործանվեն։ Դուք ինչպե՞ս կարձագանքեք այս պահանջներին եւ կառավարության որդեգրած քաղաքականությունը ճի՞շտ եք գնահատում։

- Գիտե՞ք, ի սկզբանե, ինչպես մենք տեսանք, կառավարությունն իրավիճակը գնահատելով՝ ցուցաբերեց իրավիճակին համապատասխան սահմանափակումներ, եւ խստացումներ եղան տնտեսության մի շարք ճյուղերում։ Հետո, ժամանակի ընթացքում գնահատելով համավարակի տարածվածության ազդեցությունը եւ աստիճանը՝ այդ սահմանափակումները մի փոքր նվազեցին։ Ես կարծում եմ, որ, պայմանավորված համավարակի ազդեցության բացասական հետեւանքներով, տարածման տեմպերով, կառավարությունը ժամանակին եւ ճիշտ անդրադարձել է տնտեսական գործունեությունների սահմանափակման կամ չսահմանափակման չափանիշներին։ Բնականաբար, տուժած ոլորտները, այդ թվում՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողների համար բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել, եւ նրանց բողոքն ամբողջությամբ տեղին է, բայց տեղի տալ այդ բողոքներին եւ գնալ համատարած ազատ վիճակին եւ թույլ տալ դրանով համավարակի տարածման տեմպերի ավելացում՝ ես կարծում եմ, որ ճիշտ չէ։

- Այսինքն՝ կառավարության վարած քաղաքականությունն ամբողջությամբ ճի՞շտ եք համարում։

- Այո։