Միայն պատգամավորի լուսանկարը բավարար չէ վարույթ ընդունելու համար

Միայն պատգամավորի լուսանկարը բավարար չէ վարույթ ընդունելու համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երեկ աշխատակարգային քննարկում է տեղի ունեցել օրակարգային հարցերի շուրջ։ Այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը։ Մի քանի օր է՝ լրատվամիջոցները ողողված են պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկություններով եւ լուսանկարներով։

Հուլիսի 26-ին Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքին պատգամավորի մասնակցության փաստը քննարկվում է մինչ օրս։ Խնդրահարույցը ոչ միայն դիմակ չկրելու եւ պարետատան որոշմանը դեմ զանգվածային միջոցառում կազմակերպելու փաստն է, այլեւ այն տեղեկությունները, թե տարածքը պատկանում է պատգամավորին, պարզապես փաստաթղթերում ոմն Արտյոմ Մելքումյանի անունն է նշված, որը երկար տարիներ աշխատել է պատգամավորի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում՝ որպես վաճառող: Հիշեցնենք, որ օրենքը պատգամավորին արգելում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, անգամ՝ միջնորդավորված։

Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռեւս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում կքննեն, եւ, ինչպես հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մեզ հայտնեց, «ըստ աշխատակարգային մեր քննարկումների՝ պիտի իրականացնենք ուսումնասիրությունները, տվյալների արժանահավատության մի մասը հաստատվի, որպեսզի տեսնենք՝ վարույթ ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ»։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մինչ այս պահը լրատվամիջոցներում հայտնված նյութերը եւ դրամարկղի մոտ պատգամավորի լուսանկարը միայն բավարար փաստեր չեն, որոնց հիման վրա կարելի է վարույթ հարուցել, ուստի հանձնաժողովն աշխատանքներ կտանի փաստերի հայտնաբերման ուղղությամբ։ Այս հարցում նա կոչ արեց ԶԼՄ-ներին էլ՝ եթե ունեն հավելյալ տեղեկություն, կարող են փոխանցել կառույցին։ Հանձնաժողովը քննարկումն իրականացրել է՝ հիմնվելով աղմկահարույց հրապարակումների վրա։ Մի քանի հարց ուղղեցինք Հայկուհի Հարությունյանին։

- Մենք ուսումնասիրելու ենք տվյալ անձի հայտարարագիրը, պետռեգիստրի հնարավոր տվյալներ, կադաստրային՝ տվյալ տարածքի հետ կապված ուսումնասիրություններ պետք է արվեն՝ հասկանալու համար, վարքագծի՞ առումով է դրսեւորվել անհամապատասխանություն կամ գույքի կամ եկամտի՞ առումով։ Դրանք տարբեր բաներ են։ Վարքագծային տեսանկյունից ԱԺ-ն պետք է էթիկայի հանձնաժողով ձեւավորի եւ դարձնի քննարկման առարկա։ Գույքի, եկամուտների եւ բիզնես-գործունեության հետ հնարավոր կապ ունենալու անհամատեղելիության դեպքը, իհարկե, մերն է, բայց վարույթ հարուցելու համար միայն լուսանկարը բավարար չէ։
Մենք նախկինում մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ հարուցել ենք․ խոսքը Հայկ Մարությանի գործի մասին է, բայց այն ժամանակ ոչ թե լուսանկար էր հրապարակվել, այլ՝ փաստաթուղթ։ 

- Հիմա, եթե պատգամավորը տվյալ լողափն իր հայտարարագրում չի նշել, բայց բոլորը գիտեն, որ իրեն է պատկանում, կարծես թե ապացույց էլ կա՝ նրա նախկին աշխատողն է տնօրենը, ստացվում է՝ թղթերով ամեն ինչ կարգին է եւ որեւէ խնդիր չի՞ հարուցում։

- Եթե իրականացված ուսումնասիրությունը կբերի գոնե այն փաստին, որն իսկապես վարույթի հիմք կհանդիսանա, վարույթի հիմքով կայացրած եզրակացությունից էլ պարզ կդառնա, թե ինչ խնդրի առաջ է կանգնելու։ Նայած ինչ տեսակի խախտում կհաստատվի, մի դեպքում կլինի հայտարարագրում տվյալ թաքցնելը, օրինակ, դա կգնա վարչական իրավախախտումների դաշտ, իսկ երբ հանձնաժողովն անհամատեղելիության հետ կապված եզրակացություն տա, իր գործատուին կգնա որպես առաջարկ՝ գործողություններ ձեռնարկել։ Բայց քանի դեռ հանձնաժողովն իր ձեռքի տակ չունի փաստ, չենք կարող ոչ ստույգ եւ չճգրտված տեղեկությունների հիման վրա որակում տալ ու կանխակալ վերաբերմունք ձեւավորել։ Կրկնում եմ՝ որքան էլ աղմուկը մեծ է այս միջադեպի հետ կապված, բայց, ցավոք սրտի, որակյալ փաստեր չկան, որոնց հիման վրա կարելի է վարույթ հարուցել։ Ստացվում է, որ հանձնաժողովի անելիքների տեսանկյունից ավելի շատ աշխատանք պետք է իրականացնենք, որի արդյունքում էլ պարզ կդառնա՝ հարցը վարույթ կընդունվի՞, թե՞ ոչ։ Դիմելու ենք նաեւ բոլոր լրատվամիջոցներին, որպեսզի իրենք էլ իրենց փաստերը ներկայացնեն։

- Այնուամենայնիվ, ուզում եմ պատասխանեք՝ եթե հանձնաժողովը պարզի, որ լողափի փաստացի տնօրենը կամ սեփականատերը պատգամավորին փոխկապակցված անձ է կամ ընկերը, դա խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ։

- Նայած։ Այդտեղ մի քանի մակարդակով է գնալու։ Եթե փոխկապակցված անձ է, ուրեմն պետք է կոնկրետացնենք կարգավիճակները։ Այդ կատեգորիայի մեջ են մտնում քույր, եղբայր, հայր, մայր եւ այլն, եթե համատեղ բնակվող չեն, չեն համարվում հայտարարատու։ Իսկ մյուս տեսանկյունից՝ եթե փոխկապակցված անձն ավելի նեղացնում ենք օրենքի եւ բառացի հայտարարագրման պարտավորություն ունեցող անձանց մասով, որ ասում ենք՝ ընտանիքի անդամ է համատեղ բնակվողը, նրանց համար հայտարարագրման ուրիշ պահանջ է դրված։ Այս դեպքում տարբերություն չկա՝ չհայտարարագրողը պաշտոնատար ա՞նձն է, թե՞ այն, ով հայտարարագրման պարտավորություն ունի ու չի իրականացրել։

- Ստացվում է, որ պատգամավորը կարող է ընկերոջ անունով բիզնես-գործունեություն ծավալել, եթե իր եւ ընտանիքի փաստաթղթերը նորմալ են, ապա ոչ մի խնդիր չի առաջանա։

- Ես նման բան չասացի, Ձեր հարցադրումն ինքնին ճիշտ ձեւակերպում չէ, Դուք հարցնում եք՝ պատգամավորն ունի՞ նման իրավունք։ Չէ, միանշանակ՝ չունի։

- Ես չեմ հարցնում, այլ այդպես է ստացվում։

- ․․․Այդ իրավունքը՝ որպես այդպիսին, եթե չի ձեւակերպվել որպես հավատարմագրային կառավարում, չկա իրավունք։ Հիմա թե դա ինչ դրսեւորում է ստացել, քողարկվել է ընկերոջ անվան տակ, որպես այդպիսին՝ իր իրավունքի տեսանկյունից, միեւնույն է, չի լիազորում զբաղվել։ Հիմա՝ դա քողարկված կլինի, թե բաց տեքստով, միեւնույն է, դրա արգելքը չի նվազում անձի նկատմամբ։ Ուղղակի դրա պարզելը, որ քողարկված է, լրացուցիչ ջանքեր եւ աշխատանք է պահանջում։