Հրապարակի ժամացույցի զանգերը դեռ քնած են

Հրապարակի ժամացույցի զանգերը դեռ քնած են

Հարգելի Արայիկ Հարությունյան

Գրեթե մեկ տարի անց ստիպված ենք երրորդ անգամ անհանգստացնել Ձեզ` Երեւանի Հանրապետության հրապարակի ՀՀ կառավարության թիվ 1 թամանյանական մասնաշենքի սյունազարդ աշտարակի ժամացույցի զանգերի կապակցությամբ: 

Նախ հարցը կրկնենք. ինչո՞ւ, ըստ տնօրեն Տիգրան Պետրոսյանի, ՀՀ կառավարության տան 6 զանգերը հրապարակի սյունազարդ աշտարակից տեղափոխվել են «զանգերի սենյակ», երբ զանգերն իրենց բնական եւ ազդեցիկ հնչեղությամբ ոչ թե ներքին, այլ արտաքին լսարանի համար են: Այլ բան, եթե «զանգերի սենյակ» ասելով հասկանանք համակարգչային համապատասխան ծրագրերով համակարգիչների, անհրաժեշտ այլ սարքավորումների (ոչ զանգերի) համար նախատեսված կառավարման վահանակի սենյակ:

Հավելենք, որ Հանրապետության հրապարակում այժմ հնչում է երկու, երբեմն՝ երեք, հազվադեպ՝ չորս, մեկ-մեկ էլ՝ ոչ մի ձայնից բաղկացած խուլ, ոչ նախկին մելոդիկ, անկապ ու անորակ երաժշտություն: Հետեւապես, խնդրում ենք նկարագրեք այդ խորհրդավոր «զանգերի սենյակի» կահավորանքի դասավորությունը եւ նոր գործառույթները: Չենք զարմանա, եթե պարզվի, որ նշված 6 զանգերը պահուստավորված են, այսպես կոչված, «ակադեմիական քաղաքի» համար կա՛մ արդեն այնտեղ են, կա՛մ էլ… Ի դեպ, արդյո՞ք անգործ ու զանգվածեղ զանգերի «կոնսերվացիան» նշված սենյակում նեղվածք չի ստեղծում:

Աջակցության կարգով. եթե Դուք, Տիգրան Պետրոսյանը չեք լսել Հայաստանի գլխավոր ժամացույցի դասական զանգերի երաժշտական ղողանջը ու չեք պատկերացնում, թե որքան կարեւոր է այդ զանգերով երաժշտական պատկերի վերականգնումը, ապա առաջարկում ենք դիտել «Երջանկության մեխանիկա» հայկական գեղարվեստական ֆիլմի այն դրվագը, որտեղ հերոսները քայլում են Երեւանի նախկին Սվերդլովի (ներկայիս Բուզանդի) փողոցով, եւ ռեժիսորի մտահղացմամբ հնչում է զանգերի կատարմամբ մեղեդին (քավ լիցի, սա խորհրդային տարիների հանդեպ կարոտախտ չէ):

Ի դեպ, Երեւանի Գրիգոր Լուսավորիչ տաճարը նույնպես զանգեր չունի: Տաճարին ամրացված մի քանի բարձրախոսներից հնչում է թույլ ու չոր ձայնագրություն: Տաճարը դարձել է բուտաֆորիա:

ՀԳ. Ձայնագրման-տեսագրման Երեւանի ցանկացած ստուդիա կարող է «Երջանկության մեխանիկա» ֆիլմում հնչած Երեւանի գլխավոր ժամացույցի զանգերով երաժշտական պատկերը ծրագրավորել եւ փոխանցել կրիչի (ֆլեշ) վրա ու նվիրել կառավարությանը: Իսկ երաժշտական զանգերի իսկական տեղը բացօթյա է՝ Կառավարական թիվ 1 շենքի սյունազարդ աշտարակում:

Ամենայն լրջությամբ եւ նույնքան լրջմիտ ու ոչ կասկած հարուցող պատասխանի ակնկալիքով՝ 

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ