Օրհներգ՝ ամենաուժեղ ծանրորդի պատվին

Օրհներգ՝ ամենաուժեղ ծանրորդի պատվին

Այս օրերի ամենավարկանիշային մարզական ստուգատեսն անցկացվեց Թաիլանդի Պհուկետ քաղաքում: Այստեղ ծանրամարտի անվանի վարպետները պայքարում էին ոչ միայն աշխարհի գավաթի համար, այլեւ փարիզյան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրերի: Հայաստանի հինգ պատվիրակներից առաջինը պատվո պատվանդանին տեղ զբաղեցրեց 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում նա իրեն վատ չդրսեւորեց` բարձրացրեց 185 կգ՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի: Առավել գրավիչ էր մրցավեճը հրում վարժությունում: Հայ ծանրորդն այս անգամ վեր խոյացրեց 216 կգ,՝ երկամարտում գրանցելով 401 կգ, ինչը նրան ապահովեց արծաթե մեդալ:

Իսկ լավագույնն այս քաշային կարգում ճանաչվեց չինացի Լյու Հուանհյուն, ով ոչ միայն գերազանցեց մրցակիցներին՝ երկամարտում ցույց տալով 413 կգ, այլեւ, հրելով 232 կգ, սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ: Մեզ համար, հասկանալի է, առանձին հետաքրքրություն էին ներկայացնում վերջերս գերծանր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած Վարազդատ Լալայանի եւ նրա թիմակից Սիմոն Մարտիրոսյանի ելույթները: Նրանց մասնակցությամբ հինգշաբթի օրն ավարտվեց աշխարհի գավաթի խաղարկությունը, ավարտվեց Հայաստանի օրհներգով, որը հանդիսավորությամբ հնչեց ի պատիվ Վարազդատ Լալայանի փայլուն ելույթի: Ե՛վ պոկում, ե՛ւ հրում վարժություններում հայ դյուցազնը չունեցավ իրեն հավասարը: Երկամարտում նրա ցույց տված արդյունքը` 463 կգ (210+253), բացարձակն էր, որը գրանցվեց հեղինակավոր մրցասպարեզում: Վարազդատի գլխավոր մրցակիցն իրանցի Ալի Դաուդինն էր` 454 կգ արդյունքով: Իսկ Սիմոն Մարտիրոսյանը բավարարվեց 440 կգ (195+245) արդյունքով եւ գրավեց չորրորդ տեղը: 

Ինչ վերաբերում է օլիմպիական ուղեգրերին, ապա դրանք կհանձնվեն Հայաստանի առավել աչքի ընկած երեք ծանրորդներին, որոնց անունները հայտնի կդառնան մի փոքր ուշ: Օրերս հերթական պատկառելի մրցավայրի էր վերածվել նաեւ Երեւանը: Մարզահամերգային համալիրում աշխարհի գավաթի համար պայքար մղեցին ավելի քան 200 սամբիստներ, այլ կերպ ասած` ինքնապաշտպանություն առանց զենքի անունը կրող գոտեմարտի հմուտ վարպետները: Ընդհանուր հաշվարկով իրենց վատ չդրսեւորեցին Հայաստանի սամբիստները` նրանք նվաճեցին երեք արծաթե եւ 11 բրոնզե մեդալ: Ցավալին միայն այն էր, որ մեր երեք ներկայացուցիչներից ոչ մեկը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Ի դեպ, այսպես կոչված, փախստականների հավաքականը ներկայացնող երկու արցախցի սամբիստ նույնպես արժանացան արծաթե եւ բրոնզե մեդալների:

Իսկ բոլորից շատ տարբեր ձուլվածքի 36 մեդալ շահեցին ռուսաստանցիները, որոնց կազմում քիչ չէին նաեւ մեր հայրենակիցները: 

Մարզասերները, անտարակույս, ուշի-ուշով էին հետեւում Խորվաթիայի Պորեչ քաղաքում կիրակի օրն ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընթացքին, եւ բոլորի համար հաճելի անակնկալ էր, որ Հայաստանի պատվիրակներից առաջինը, ով իրավունք ստացավ պայքարելու մրցանակային տեղի համար, գեղեցիկ սեռի ներկայացուցիչն էր` 54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը: Անցումային դարձավ նրա տպավորիչ հաղթանակը տեղի հավաքականի ներկայացուցիչ Գաբրիելա Վենսիլի նկատմամբ: Նման արգելքը հաղթահարեցին նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (92 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առուստամյանը (57 կգ) եւ գերծանր քաշային Միսակ Տեփանյանը: Ճիշտ է, հաջորդ` կիսաեզրափակչի արգելքն ի վիճակի չեղան հաղթահարել Լուսիան եւ Էրիկը՝ բավարարվելով բրոնզե մրցանակներով:

Այսպիսով, ոսկե մեդալների համար իրենց հաղթարշավը շարունակելու հնարավորություն ստացան Սաֆարյանը, Սիմոնյանն ու Տեփանյանը: Վճռական մենամարտերում մեր տղաները, համապատասխանաբար մրցելով ուկրաինացի Մաքսիմ Զիմենկոյի, անգլիացի Ֆոնավա Ատանգի եւ իռլանդացի Ադամ Օլանիանի հետ, ցավոք, անկարող եղան լիարժեք կերպով դրսեւորել հասուն, պահանջվող մակարդակի հմտություններ ու ստիպված էին ընդունել իրենց պարտությունները` ստանալով արծաթե մեդալներ: Հինգ մրցանակային տեղ գրավելը, իհարկե, առաջընթացի վկայություն է, սակայն ոսկեփայլ մրցանակների համար պայքարի ավարտական փուլում գլխավոր նպատակին հասնելու հնարավորությունը երիցս ձեռքից բաց թողնելը, մանավանդ երիտասարդների համար, լուրջ հետեւություններ անելու առիթ է: 

Շուտով մեծ հեղինակություն վայելող խաղերի ականատես կլինեն նաեւ երեւանցիները: ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն ֆուտզալի չեմպիոնների լիգայի վճռական փուլի հանդիպումները: Մայիսի 3-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ խաղեր իսպանական «Բարսելոնայի» եւ պորտուգալական «Սպորտինգի», ապա` պորտուգալական «Բենֆիկայի» եւ իսպանական «Մալյորկայի» միջեւ: Մայիսի 5- ին էլ կկայանան նախ 3-րդ տեղի համար, այնուհետեւ` գլխավոր մրցանակակրին որոշող մրցամարտերը:
Պակաս հետաքրքիր չի լինի նաեւ եկող տարվա հուլիսին մեզ մոտ կայանալիք Եվրոպայի բասկետբոլի B դիվիզիոնի 20 տարեկանների 24 թիմերի մասնակցությամբ առաջնությունը:

Իսկ հիմա՝ հաճելի լուրի մասին, որը ստացվեց Սոֆիայից` Եվրոպայի կանանց ֆուտբոլի C խմբի ընտրական մրցափուլի ծրագրով անցկացված խաղում Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի ընտրանուն: Հաշիվը 42-րդ րոպեին բացեց Ղազանչյանը: Նոր էր սկսվել երկրորդ խաղակեսը, երբ Ասատրյանը կրկնապատկեց առավելությունը: Ճիշտ է, դաշտի տերերը, հազիվ սթափվելով, կարողացան նախ «թրջել» հաշիվը, ապա, 85-րդ րոպեին, իրացնելով 11 մետրանոց հարվածը, վերականգնեցին հավասարությունը: Սակայն նման ընթացքը չվհատեցրեց հյուրերին, եւ տառացիորեն խաղավարտի ավելացրած րոպեների ընթացքում ձեռնարկված սուր գրոհը հուժկու գոլային հարվածով ավարտեց Սաֆարյանը: Տեւական ընդմիջումից հետո սա Հայաստանի ֆուտբոլի կանանց թիմի գրանցած առաջին հաջողված ելույթն էր: Հերթական խաղը մեր թիմը կանցկացնի մայիսի վերջին օրը՝ հյուրընկալելով մեկնարկային երկու հանդիպումն էլ նույն՝ 0:1 հաշվով տանուլ տված ղազախստանցիներին:
Ավարտենք եւս մի հաճելի լուրով` Ռիո դե Ժանեյրոյում ավարտված հրաձգության վարկանիշային մրցաշարում իր բարձր ցուցանիշով նորից փայլեց Հայաստանի պատվիրակ Էլմիրա Կարապետյանը: 10 մ օդամղիչ ատրճանակով կանանց մրցումներում նա ցույց տվեց լավագույն արդյունք` 240,7 միավոր, նվաճելով ոչ միայն ոսկե մեդալ, այլեւ վերստին ապացուցելով, որ համարվում է առաջիկա օլիմպիական խաղերի արժանի մասնակից:

 Միսակ Նազարյան