Բիզնեսը հակված չէ պարտք վերցնելու. աջակցության գործիքներն անարդյունավետ են

Բիզնեսը հակված չէ պարտք վերցնելու. աջակցության գործիքներն անարդյունավետ են

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ, 290 հազար քաղաքացիների տրվել է 9.3 մլրդ դրամի վարկային արձակուրդ: Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի շուրթերից միլիարդների մասին լսելով, կարող էր տպավորություն ստանալ, թե մեծ զոհաբերություն է արվել քաղաքացիների համար: Քաղաքացիներին, տնտեսվարողներին արված այս «լավությունը» վերաբերում է զուտ երկու, կամ երեք ամսվա մուծումներին, որոնք այս պահին հետաձգվում են, բայց ավելացնելու են հետագա ամիսների բեռը՝ որովհետեւ հետո այնուամենայնիվ վճարվելու են դրանք: Առհասարակ, կառավարությունը այս «լավության» հետ քիչ կապ ունի: Սա առևտրային բանկերի քայլն է, իհարկե, չի բացառվում, որ այդ քայլին նրանք գնացել են հրահանգներ ստանալով ԿԲ-ի, կամ կառավարության կողմից: 

 Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը օգտագործում է «հորդոր» բառը, քանի որ պաշտոնական տվյալներ չկան, թե հատկապես ինչ ձևով են հրահանգավորվել ֆինանսական կազմակերպությունները: «Բոլոր բանկերը, վարկային կազմակերպությունները, կամ դրանց ճնշող մեծամասնությունը այդ հորդորները լսելով, հայտարարություններ տարածեցին, որ 2, կամ 3 ամսով վարկային արձակուրդ են տալիս, իսկ դա նշանակում է, որ նրանք ոչ թե զիջում են մայր գումարներն ու տոկոսները, այլ որ այն պարտավորությունները, որ իրենք մարումները պետք է կատարեին մարտ-ապրիլ ամիսներին, կատարելու են հետագա ժամանակահատվածում: Ամենայն հավանականությամբ, արտակարգ իրավիճակի ավարտվելուն պես վարկառուների հետ նոր ժամանակացույցեր կհաստատվեն ու դրանցով արդեն վարկառուները կկարողանան իրենց գումարները մարել», - նշեց Կառլեն Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում, պատասխանելով նաև մեր մյուս հարցերին: 

- Գումարը կարո՞ղ է հետո մեծանալ, այսինքն, ամեն ամսվա համար մուծումների բեռը: 

- Գումարը չի մեծանա, բայց հիմնական խնդիրը կկայանա նրանում, թե այս երկու ամսվա տոկոսները ինչ ժամանակահատվածի վրա կբաշխեն: Ամեն դեպքում, դրանք պետք է մարվեն: 

- Պարոն Խաչատրյան, կուզեի, կարճ նկարագրեիք, այն 4 ծրագրերը, որոնք արվում են բիզնեսի համար, թե չէ, կառավարությունը համարներով է խոսում՝ 1-ին միջոցառում, 2-րդ, մարդ մոռանում է, որը որն էր: 

- Տեսեք, կառավարության 4 ծրագրերից երեքը վարկային ծրագրեր են: Մեկը գյուղատնտեսությամբ զբաղվողների համար է: Պետությունը նրանց համար գյուղվարկերի տոկոսները սուբսիդավորում է: Մյուս երկուսը՝ առհասարակ բոլոր գործարարներին են վերաբերում ու էլի վարկերի սուբսիդավորում են ենթադրում: Պարտադիր պահանջ է դրվում, որ բիզնեսը վերջին երկու տարում հարկային ու  վարկային ժամկետանց պարտավորություններ չպետք է ունենա ու ասում է, որ փողը որ վերցնում եք, պետք է օգտագործեք կամ աշխատավարձ տալու, կամ հարկեր վճարելու, կամ հումք ու սարքավորումներ ձեռք բերելու համար, այլ նպատակով ձեր վարկը չի կարող օգտագործվել: Սրանք 1-2-3 միջոցառումներն են: 

- Որքանո՞վ են այսօր արդյունավետ այս ծրագրերը, Ձեր գնահատմամբ: 

- Իմ խորին համոզմամբ, սա այնքան էլ էական աջակցություն չի, այն պարզ պատճառով, որ այսօր տնտեսությունում անկումային վիճակ է: Անկում են ապրում սպասարկման ոլորտը, առևտուրը, բիզնեսն անորոշության մեջ է: Սպառողները չեն կարող գնումներ անել: Այս ֆոնին տրամաբանական չի, որ բիզնեսմենը պարտքի տակ կմտնի: Բիզնեսմենը ո՞նց է մտածում, որ ինքը փոխառու միջոց է վերցնում, որ այդ գումարն օգտագործելով արդյունք ստանա, ոչ թե գնա՝ պարտք վերցնի, որ իր աշխատողին աշխատավարձ տա: Իր համար ավելի նախընտրելի կլինի աշխատողի համար պարապուրդ ձևակերպի, կամ ուղղակի աշխատանքից ազատի նրան, մինչև որ այս անորոշ իրավիճակը ավարտվի: 

- Չորրորդ ծրագիրն էլ կա՝ դրամաշնորհներ: Դա որքանո՞վ է կիրառելի: 

- Այո, դա այն է, որ, եթե կոպիտ հաշվարկենք, աշխատավարձի ֆոնդի 20 տոկոսի չափով պետությունը միանվագ վճարում է կատարելու, իհարկե, այնտեղ բանաձև կա: Այստեղ էլի որոշակի սահմանափակումներ են դրված: Ասում են՝ դու պետք է մարտ ամսին հունվար-փետրվարի համեմատ ավելի քիչ աշխատող չունենաս, այսինքն, աշխատողների թիվը նվազած չպետք է լինի, ու մարտին աշխատավարձի ֆոնդը ևս պետք է նվազած չլինի: Եթե այս պայմանները բավարարվում են, ապա նոր աշխատավարձի 20 տոկոսի չափով բիզնեսին դրամաշնորհ է տրվում: Կոպիտ եթե ասենք՝ դա մի քիչ ավելի քիչ է, քան եկամտային հարկը: Ըստ էության, պետությունը 23 տոկոս եկամտահարկ է հավաքել, դրա 20 տոկոսը հետ է տալիս, բայց ասում է՝ աշխատողների թիվն ու աշխատավարձը չպետք է նվազեցնես: 

- Բայց գործարարին ավելի ձեռնտու է աշխատողին ազատել, կամ աշխատավարձը կրճատել, ասենք, 40-50 տոկոսով, քան 20 տոկոս մի անգամ ստանալ:  

- Անշուշտ: Մեր դիտարկումներն էլ են դա ցույց տալիս: Իհարկե, ապրիլի 20-ից՝ հաշվետվությունների ներկայացման ժամկետից հետո կերևա, թե քանի բիզնես օգտվեց այդ ծրագրից: Բայց այս 8-9 օրվա մեր մասնավոր դիտարկումները ցույց են տալիս, որ այս արտոնություններից օգտվելու են այն բիզնեսները, որոնք այսպես թե այնպես խոցելի ոլորտներում չէին աշխատում: Այսինքն, իրենց բնականոն աշխատանքը առանձնապես չի տուժել, ովքեր կարող են հեռահար աշխատել: 

- Այսօր էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ վարկային միջոցներից օգտվելու իրավունք ունեցող ձեռնարկությունների նկատմամբ պահանջները հնարավոր է, խիստ են և կարող են վերանայվել: Հարցն այն է, որ գործարարները, որոնք չունեն վարկային ու հարկային պարտքեր, քիչ են ու այս գործիքից չեն կարող օգտվել: Դուք ունե՞ք ուսումնասիրություն, թե ինչքան պարտք ունեցող ընկերություններ ունենք:  

- Ես նման թվերի չեմ տիրապետում, սակայն այն, որ վարկերի սուբսիդավորման ծրագրում բավականին խիստ պահանջներ են դրված, որ այդ աջակցությունը դրա կարիքն ունեցողների կողքով է անցնելու, դա միանշանակ է: Իմ կարծիքով վարկերի սուբսիդավորումն այնքան էլ արդյունավետ գործիք չի: Թե մեր տնտեսության նախկին փորձը, թե նման իրավիճակների միջազգային փորձը ցույց են տալիս, որ տնտեսությունը ավելի արագ է վերականգնվում, եթե պետությունը բիզնեսին աջակցություն է տալիս կամ պատվերի տեսքով, կամ ուղղակի դրամաշնորհների, կամ անհատույց սուբսիդիայի տեսքով, որովհետև ճգնաժամային իրավիճակում նորից պետք է ընդունենք, որ բիզնեսը հակված չի պարտքի տակ մտնելու: Առանց էն էլ իր բեռը մեծ է, անորոշությունը մեծ է, ու այս իրավիճակում որևէ բիզնեսմեն չի մտնի պարտքի տալ: Իմ կարծիքով կառավարությունը պետք է փորձեր ուղղակի աջակցության գործիքներ կիրառել, որը օբյեկտիվորեն չի կարողանում իրականացնի, որովհետև այդքան ռեսուրս չունեն: Մենք սև օրվա մեր պահուստներին, ընդհանուր ռեզերվներին բավարար ուշադրություն չենք դարձրել, դրա համար էլ պատրաստ չենք նման մարտահրավերի դիմակայելու: