ԿԳՄՍՆ-ն փորձաքննության է ուղարկել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած պատմության նոր դասագիրքը

ԿԳՄՍՆ-ն փորձաքննության է ուղարկել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած պատմության նոր դասագիրքը

Նոր ձեւաչափով անցկացվող դասագրքերի մրցույթն անցած տարի մեծ աղմուկ հանեց։ Նախեւառաջ՝ պայմանավորված ժամկետներով, քանի որ սեպտեմբերի 1-ը սկսվեց առանց որոշ նոր դասագրքերի, որոնք տպագրվեցին եւ դպրոցներ առաքվեցին մաս-մաս` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Եվ հետո՝ քիչ չէին այն դասագրքերը, որոնց շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Դրանցից ամենացցունը «Մասնակցային դպրոցի» կողմից ներկայացված 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքն էր` Սմբատ Հովհաննիսյանի հեղինակությամբ: Ի դեպ, ամիսներ շարունակ դասագրքի շուրջ ընթացող երկարուձիգ քննարկումներից հետո դարձյալ չհստակեցվեց դասագրքի ճակատագիրը: 
Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարությունը 3-րդ կողմի՝ անկախ փորձագետների դիտարկումներն ուղարկեց դասագրքի հեղինակին, ով պետք է ծանոթանար դրանց եւ դասագիրքը համապատասխանեցներ բոլոր կողմերի դիտարկումներին։ Նկատենք, որ արվել էր 166 էջ պարզաբանում՝ 176 էջանոց դասագրքին: 

Այդուհանդերձ, մասնակի շտկումներից հետո դասագիրքը շրջանառության մեջ թողնելու ԿԳՄՍ նախարարության որոշումն այդպես էլ չընդունվեց 100-ից ավելի գիտնականների ու մասնագետների կողմից: Ավելին, համաձայն «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի վերջին հայտարարության, հարցը մտավ փակուղի։ «Այլեւս հարկ չենք համարում կրկին պատասխանել դրանց եւ/կամ ներքաշվել անպտուղ քննարկումների ու բանավեճերի մեջ: Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը միտված է հայոց ինքնության մի շարք կարեւոր հիմնասյուների խաթարմանը, չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձեւավորմանը, ակնհայտորեն զուրկ է գիտական, շաղկապված, հաջորդական շարադրանքից եւ մեթոդաբանական պատշաճ հենքից, հակասում է սովորողների՝ հիմնավոր, հավաստի եւ որակյալ կրթություն ստանալու սկզբունքին եւ, ըստ այդմ, չի կարող որպես դասագիրք կիրառվել հանրակրթական դպրոցներում եւ րոպե առաջ պետք է խոտանվի»,- նշել էին գիտնականները, որոնք նույնիսկ նախաձեռնություն հանդես բերեցին՝ սեփական դասագիրքը ստեղծել, որպես այլընտրանք բազմաչարչար 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի:

Պարզվում է, որ Սմբատ Հովհաննիսյանն այս տարվա դասագրքերի մրցույթին եւս մասնակցության հայտ է ներկայացրել, այս անգամ նա հեղինակել է 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը, որը, ոլորտի մասնագետների գնահատմամբ, ոչ պակաս վիճահարույց է, քան 7-րդ դասարանի դասագիրքը եւ նոր սկանդալ է հասունացնելու պատմագիտական հանրույթի շրջանում:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն անձնապես չի ծանոթացել դասագրքին, բայց տեղյակ է, որ իրենց ինստիտուտից մի քանի աշխատակցի փոխանցել են դասագիրքը, արդյունքում «նրանք հսկայական քանակության դիտողություններ են նշել, եւ կարծում եմ, որ այդ վիճակով այդ դասագիրքը չի կարող շրջանառության մեջ դրվել»,- ընդգծում է Ա. Մելքոնյանը: 

Ինչպես տեղեկանում ենք, ԿԳՄՍ նախարարությունը դասագիրքը փորձաքննելու համար այն ուղարկել է ակադեմիա, որն էլ իր հերթին կազմակերպել է փորձաքննությունը, իսկ փորձագիտական կարծիքներն ուղարկվել են կրկին ԿԳՄՍ նախարարություն: 

Պատմության ինստիտուտի գիտական քարտուղար Հակոբ Մուրադյանը եւս ներկայացրել է իր փորձագիտական կարծիքը 8-րդ դասարանի հայոց պատմության նոր դասագրքի շուրջ, բայց խուսափեց մատնանշել դասագրքում առկա թերացումներն ու խնդիրները։ «Դասագիրքը փորձաքննություն է արվել, եւ մենք մեր կարծիքներն ուղարկել ենք նախարարություն: Քանի որ փորձաքննության շրջան է, ես ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել, դրա իրավունքը չունեմ»,- կարճ հավելեց նա:   

Ի դեպ, օրեր առաջ, ԿԳՄՍ նախարարի հրամանով, հաստատվել է «Հանրակրթության պետական նոր չափորոշիչով» պայմանավորված՝ 5-րդ, 7-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի ընդունած որոշումը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունից, 5 հոգանոց հանձնաժողովը, նախագահությամբ ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանի, ներկայացրել է հայտարարված մրցույթի արդյունքները: Հետաքրքրական է, որ 8-րդ դասարանի 20 անուն դասագրքերի համար ներկայացվել է 40 օրինակ դասագիրք: Մի շարք դասագրքերի հաստատված հայտերի կողքին, «Աշխարհագրություն 8», «ՆԶՊ 8», «Համաշխարհային պատմություն 8», «Հասարակագիտություն 8», «Հանրահաշիվ 8», «ԹԳՀԳ 8», այդ թվում` «Հայոց պատմություն 8» առարկաների դասագրքերը գտնվում են փորձաքննության փուլում, որոնց անդրադարձ կլինի փորձաքննության արդյունքները ստանալուց հետո եւ կներկայացվի նախարարի հաստատմանը։