Խնդիրը ոչ թե կառավարությանը հեռացնելն է, այլ անպայման խորհրդարանով հեռացնելը

Խնդիրը ոչ թե կառավարությանը հեռացնելն է, այլ անպայման խորհրդարանով հեռացնելը

Հայաստանն այլեւս ռուսամետ մնալու կամ արեւմտամետ դառնալու ժամանակ իսկապես չունի: Միակ ժամանակը, որ այս երկրին մնացել է, սեփական ուժերին ապավինելով եւ սեփական ուժերով երկիրը փրկելու ժամանակն է:
Սակայն ակնհայտն այսօր միայն այն չէ, որ այս երկիրն արեւմտամետ կամ ռուսամետ լինելու ժամանակ չունի: Հիմա առավել քան ակնհայտ է նաեւ, որ մեր երկիրն ու այս պետությունն արդեն ոչ միայն չեն կարող այս կառավարության առաջնորդությամբ իրենց գոյաբանական խնդիրները լուծել, այլ նաեւ չեն կարող նրան փողոցով եւ փողոցի տրամաբանությամբ «տուն ուղարկել»: Հետեւաբար, այս ժամանակն այլեւս ոչ միայն այս կառավարությանը «տուն ուղարկելու», այլ նաեւ նրան «անպայման խորհրդարանով տուն ուղարկելու» ժամանակ է դարձել:

Այս երկիրն ու հատկապես այս երկրի խորհրդարանը, ի վերջո, պետք է հասկանան, որ հիմա, բացի այս կառավարությանը ճանապարհելուց, մյուս բոլոր գործերն այլեւս երկրորդական են դարձել: Երկրորդական են այս երկրի արտաքին մարտահրավերներին եւ տարածքային ամբողջականությանը վերաբերող բոլոր խոսակցությունները, երկրորդական են երկրի տնտեսության մեջ լուրջ տնտեսակարգեր ներդնելուն վերաբերող հիմնավորումները, երկրորդական են դեպի «գերբեւեռացված հասարակությամբ պետություն» տանող, ապաշնորհ սոցիալական քաղաքականությանը վերաբերող բոլոր քննադատությունները:

Հարցն այստեղ, իհարկե, ամենեւին էլ այն մասին չէ, որ խոսելով այդ խնդիրների ու հարցերի երկրորդական լինելու մասին, մենք խոսում ենք դրանց «չգոյության» կամ դրանց «հրատապ լուծում պահանջող» հարցեր չլինելու մասին: Խոսքը, անշուշտ, նաեւ այս կառավարության «մնալ կամ չմնալու» հնարավորությանը չի վերաբերում: Ինչպես այն, որ դրանք՝ այդ բոլոր հարցերն ու խնդիրներն իրականում գոյություն ունեցող եւ «հրատապ լուծումներ պահանջող» հարցեր եւ խնդիրներ են, այնպես էլ այն, որ այս կառավարությունը պետք է հեռանա, դա արդեն կասկածից վեր եւ շատ ակնհայտ մի բան է դարձել: Խոսքն այս առումով ոչ թե այդ խնդիրներին կամ դրանց կարեւորությանը, այլ դրանց լուծման ուղուն, ավելի ճիշտ՝ այդ լուծման գործը «փողոցով չանելուն» է վերաբերում: 

Ի վերջո, խորհրդարանը պետք է հասկանա, որ երկիրն այսպես շարունակել չի կարող ու չի շարունակի, որ նա խնդիրների լուծում է ուզում ու այդ լուծումն անպայման ունենալու է: Հարցն այն է, թե ով եւ ինչպես է տեսնում այդ լուծումը, առավել եւս՝ ինչպես է լուծում այդ խնդիրները: Եվ քանի որ դրանք՝ այդ խնդիրները, ոչ միայն լուծում ունեցող, այլ նաեւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ են դարձել, ուստի շատ կարեւոր է, որ դրանց «լուծում գտնողն ու դրանց լուծողը» ոչ թե փողոցն ու փողոցի տրամաբանությունը, այլ երկրի խորհրդարանը լինի:

Այս առումով, Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցություններն ու հատկապես ՔՊ խմբակցությունը, պետք է հասկանան, որ այս կառավարությանը խորհրդարանով եւ խորհրդարանական գործիքակազմով ճանապարհելը ոչ միայն այս երկրին, այլ նաեւ իրենց անհրաժեշտ եւ մեծ կարեւորություն ունեցող գործն է: Այո, նաեւ իրենց անհրաժեշտ կարեւորությունն է, որովհետեւ հակառակ դեպքում այն, ինչը կանի փողոցը, ու այն, ինչը կարվի փողոցի տրամաբանությամբ, ոչ միայն չի նպաստի համազգային եւ համապետական ռեսուրսների մոբիլիզացման գործին, այլ նաեւ կսրբի ու կտանի իրենց ու իրենց խորհրդարանը:

Այնպես որ, այսօր արդեն ոչ միայն երկիրը, այլ նաեւ երկրի խորհրդարանն ու խորհրդարանական խմբակցությունները պետք է հասկանան, որ այսօրվա Հայաստանի ունեցած ժամանակի սղությունը ոչ թե այս երկրի, այլ հենց խորհրդարանի ժամանակի սղությունն է: Ժամանակի սղություն, որի բովանդակությունում հիմնական շեշտադրվողը ոչ թե այս «կառավարությանը հեռացնելը», այլ նրան «անպայման խորհրդարանով հեռացնելը» պետք է դարձնել:
Շեշտադրվողը հենց այդ բաղադրիչը պետք է դարձնել, որովհետեւ կառավարությանը միայն «խորհրդարանով հեռացնելը» ոչ թե այս «կառավարությանը չհեռացնել», այլ նրան առանց «երկիրն ավելորդ ցնցումների տանելու» հեռացնել է նշանակում: Իսկ դա այսօրվա Հայաստանի համար եթե ոչ ամենակարեւոր, ապա, վստահաբար, կարեւորագույն անհրաժեշտություններից մեկն է:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ