Բռնապետության բաստիոնի կախարդական փայտիկով ծաղրածուն

Բռնապետության բաստիոնի կախարդական փայտիկով ծաղրածուն

Թուրքական մամուլը գրում է, որ Անկարայի եւ Ստամբուլի քաղաքապետերը, ընտրություններում իշխանության թեկնածուներին հաղթելուց հետո, պատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին։ Թուրքիայում նախագահական ընտրություններ տեղի ունեցան անցած տարի, իսկ հաջորդ հերթականը նախատեսվում է 2028 թվականին, եթե մինչ այդ որեւէ արտառոց բան տեղի չունենա։ Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու է Փաշինյանը բանտում պահում Վանաձորի քաղաքապետին եւ ինչու մյուս քաղաքներում, որտեղ հաղթել էին ոչ ՔՊ-ական քաղաքապետեր, ամեն կերպ խրախուսեց եւ դավաճանության մղեց ավագանու անդամներին, որ կարողանա պաշտոնազրկել արդեն ընտրված եւ պաշտոնավարող ընդդիմադիր քաղաքապետերին, ինչպես, օրինակ, Ալավերդու քաղաքապետի դեպքում եղավ: Եվ ինչու ամեն կերպ հասավ նրան, որ ընտրություններում պարտված Ավինյանին, դարձյալ դավաճանության միջոցով, կարգի Երեւանի քաղաքապետ։ Ինքն ամեն կերպ ոչնչացնում է իր բոլոր քաղաքական հակառակորդներին, ովքեր մի քանի տարի հետո կարող են իշխանության հայտ ներկայացնել։ Բացի դա էլ, ուզում է հանրությանը ցույց տալ, որ միայն ինքը չէ, որ պետք է դավաճանի պիտակ կրի, շատերն են պատրաստ դավաճանության, եթե նրանց համարժեք առաջարկ արվի։

Բոլոր նորմալ երկրներում, որտեղ կան պետական կառավարման ավանդույթներ, պետության ղեկավարի ընտրությունն ընթանում է հենց նման ձեւով։ Լինեն Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Թուրքիա, թե որեւէ այլ երկիր, պետության ղեկավարը մինչեւ այդ պաշտոնին հայտնվելը ձեռք է բերում պետական կառավարման որոշակի փորձ, հանրությանը ցույց է տալիս, թե ինչի է ինքն ընդունակ, արժանանում է հանրության գնահատականին։ ԱՄՆ նախագահներից շատերը եղել են նահանգապետեր, Ֆրանսիայի հաջողված նախագահներից Ժակ Շիրակը մինչեւ երկրի նախագահ ընտրվելը Փարիզի քաղաքապետն էր։ Հասարակությունը մինչեւ որեւէ մեկին երկրի ղեկը վստահելը, նրան փորձում է այլ պաշտոնում՝ նահանգապետի, քաղաքապետի, որ տեսնի եւ հասկանա, թե ինչպես է կառավարում այդ նահանգը եւ քաղաքը տվյալ անձը, ինչ արդյունքներ կան, եւ դրանք համեմատում է այլ նահանգների ու քաղաքների հետ ու որոշում կայացնում։ 

Ինչո՞ւ Փաշինյանը սկզբում թույլ տվեց, որ Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանն ընտրվի քաղաքապետ, իսկ հետո ոստիկանության եւ հատուկ ծառայությունների, կարմիր բերետավորների հոծ բազմությամբ ճնշելով հարյուրավոր ալավերդցիների դիմադրությունը՝ նրան պաշտոնանկ արեց։ Նա տեսավ, որ Ալավերդու ընտրողները չեն փոշմանել իրենց ընտրության համար, Թամազյանն իր գործունեությամբ վայելում է քաղաքացիների հարգանքն ու վստահությունը, ի տարբերություն ՔՊ-ական քաղաքապետերի, մարզպետների եւ վարչապետի, որոնց ընտրության համար քաղաքացիները ոչ միայն ափսոսում են, այլեւ համարում են իրենց կյանքում թույլ տված ամենամեծ սխալը։ Դա՝ դեռ փոքր Ալավերդիում, իսկ ի՞նչ կլիներ, եթե նույնը կատարվեր, օրինակ, Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորում։ Վանաձորցիները վերընտրեցին Ասլանյանին, որովհետեւ գոհ էին քաղաքապետի պաշտոնում նրա աշխատանքից, իսկ երեւանցիները չէին ուզում Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել ՔՊ-ական Տիգրան Ավինյանին, միայն այն պատճառով, որ նա այդ կուսակցության ներկայացուցիչն էր, հիմա առավել եւս չեն ուզում՝ արդեն տեսնելով նրա գործունեության իրական արդյունքները։
Հայաստանը տիպիկ բռնապետություն է, որտեղ իշխանությունը հիմնված է ոչ թե հանրային աջակցության, այլ բռնության վրա։ Սխալ է փաշինյանական իշխանությունն ավտորիտար որակելը, այն ավտորիտար էր առնվազն մինչեւ 44-օրյա պատերազմը, երբ Փաշինյանն ուներ անձնական հեղինակություն, եւ նրա իշխանությունը հենված էր հենց այդ հեղինակության վրա։ Ավտորիտար էին Ստալինի, Հիտլերի, Մուսոլինիի, Հուսեյնի կամ Քադաֆիի  իշխանությունները, երբ նրանք իշխանությունը պահում էին նաեւ իրենց ունեցած անձնական հեղինակության հաշվին՝ իհարկե, պետք եղած ժամանակ գործի դնելով նաեւ բռնության մեխանիզմներ։ Փաշինյանի անձնական հեղինակությունը հիմա զրո է, նա ոչ միայն հեղինակազրկված է, այլեւ վայելում է հանրության ճնշող հատվածի ատելությունը, ո՞նց կարելի է նման իշխանությունն ավտորիտար համարել։

Սխալ է նաեւ մյուս պնդումը, թե Հայաստանը չի կարելի բռնապետական համարել, քանի որ այստեղ կան որոշ ազատություններ՝ կուսակցությունների, հավաքների, խոսքի: Քաղբանտարկյալների գոյությունը դեռ մի կողմ դնենք։ Այդ ազատությունները թեեւ կան, բայց դրանք ներառական չեն։ Ժողովրդավարական ազատությունների իմաստը միայն այն չէ, որ մարդիկ հավաքվելու կամ խոսելու իրավունք կամ հնարավորություն ունենան, ժողովրդավարության իմաստն այն է, որ իշխանությունն առաջնորդվի հանրային կարծիքով, որ հանրային կարծիքը վճռորոշ դեր ունենա իշխանության ձեւավորման վրա։ Թե չէ, ի՞նչ իմաստ, երբ հանրությունն ազատ հայհոյում է իշխանությանը, ազատ բողոքում այդ իշխանության դեմ, ազատ քվեարկում նրա դեմ, բայց արդյունքում այդ նույն իշխանությունն ինքն իրեն վերարտադրում է։

Մյուս անգամ, երբ մենք մեզ հարց տանք, թե ինչու ենք հայտնվել նման ողորմելի վիճակում, պետք է իմանանք, որ դրա պատասխանն այն է, որ իշխանության ենք բերել մեկին, ով հասարակությանը ցույց է տվել ոչ թե իր նախորդ տարիների գործունեության իրական արդյունքը, այլ մարդկանց կերակրել է մեծ ու գեղեցիկ խոստումներով, ու մարդիկ հավատացել են, որ կյանքում ոչինչ չարած մեկը կարող է իր խոստումները կատարել, քանի որ կախարդական փայտիկ ունի եւ կարող է  հրաշքներ գործել։

Ավետիս Բաբաջանյան