Անտարբերության դառը պտուղները

Անտարբերության դառը պտուղները

Մեր մարզասերները, եւ ոչ միայն նրանք, այս գարնանը ոգեւորության եւ հպարտության շատ պահեր ապրեցին՝ տարբեր խոշոր մրցաշարերում Հայաստանի պատվիրակների ձեռք բերած նվաճումների եւ շահած մեդալների առթիվ: Առանձնահատուկ գովասանքի է արժանի Տոկիոյի օլիմպիադայի մրցանակակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, շնարհաշատ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Նա, ով իր փառահեղ ելույթներով օրերս էլ փայլեց Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի 4-րդ փուլի խաղարկության ժամանակ: Ինչպես մարտ-ապրիլ ամիսներին Կոտբասում եւ Դոհայում կայացած նույնանման մրցումների ժամանակ, նա բոլորին հիացրեց հատկապես հենացատկերում ցուցադրած իր բացառիկ ունակություններով: Դրսեւորելով հասուն, կատարյալ վարպետություն ու անկոտրում կամք՝ երեւանցին վաստակեց հերթական ոսկե մեդալները եւ ընդհանուր հաշվարկով հռչակվեց տարվա բացարձակ գավաթակիր: Մեր սպորտի տարեգրությունում, այն էլ՝ անսովոր կարճ ժամանակամիջոցում, գրանցված եռակի փայլուն հաղթարշավն իր էությամբ հիրավի եզակի էր:

Այն էլ ասենք, որ Եգիպտոսի մայրաքաղաքում աչքի ընկան նաեւ Արթուրի բոլոր երեք թիմակիցները. նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանն արժանացավ արծաթե մեդալի (14,733 միավոր), Հարություն Մերդինյանը` բրոնզե (14,566 միավոր), պատվո պատվանդանի երրորդ աստիճանին տեղ զբաղեցրեց նաեւ օղակների վարժությունում իրեն լավ դրսեւորած Արթուր Ավետիսյանը:

Լավ տպավորություն թողեցին նաեւ Եվրոպայի առաջնության երեւանյան ասպարեզում հանդես եկած մեր երիտասարդ բռնցքամարտիկները: Բավական է ասել, որ Հայաստանի հավաքականը ներկայացնող 13 պատվիրակներից 12-ն իրավունք ստացան հանդես գալու կիսաեզրափակիչ մենամարտերում, ինչը նշանակում է, որ բոլոր նրանք արժանանալու են մեդալների: Այս տղաներից 9-ը դարձան բրոնզե մրցանակակիրներ, իսկ երեք ավելի հաջողակները մասնակցեցին վճռական մենամարտերի: Առաջնությունն ավարտվեց չորեքշաբթի օրը, երբ հնչեց Հայաստանի օրհներգը, հնչեց ի պատիվ Դավիթ Սիմոնյանի (86 կգ քաշային կարգ), ով, պարտության մատնելով իտալացի Պիսանո Ջոնաթանին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը: Իսկ նրա թիմակիցներ Գոռ Ազիզյանը (57 կգ) եւ Աղվան Ալեքսանյանը (80 կգ) բավարարվեցին արծաթե մրցանակներով:

Հատկանշական է, որ երբ դեռ չէին ավարտվել երեւանյան մրցումները, Տաշքենդում մեկնարկեց ավելի հեղինակավոր` աշխարհի առաջնությունը՝ կաշվե ձեռնոցի վարպետների մասնակցությամբ: Հայաստանն այդ մրցումներում ներկայացնում են 11 բռնցքամարտիկ: 

Ինչ խոսք, այս ամենը չի կարող չուրախացնել, լավատեսությամբ չլցնել բոլորիս սրտերը: Սակայն լայն իմաստով այդ լավատեսությունը պայմանավորված կլինի ոչ միայն մենապայքարային մարզաձեւերի ներկայացուցիչների վստահ ելույթներով, այլեւ այն բանով, որ, վերջապես, կկարողանան իրենց լիարժեք դրսեւորել նաեւ խաղային մարզաձեւերի ներկայացուցիչները: Ավաղ, առայժմ նրանք չեն կարողանում աչքի ընկնել նույնիսկ համեստ ցուցանիշներով: Ինչի՞ մասին է խոսքը, երբ կես դար առաջ գրանցված «Արարատ» ֆուտբոլային թիմի պատմական հաղթարշավն այս առումով, ցավոք, շարունակում է մնալ որպես բացառիկ ու եզակի հաճելի փաստ: 

Երբ ուշադիր հետեւում ես միջազգային ասպարեզներում ընթացող մրցումների ընթացքին, մասնակիցների թվում չես գտնի, ասենք, մեր ջրագնդորդներին, վոլեյբոլիստներին, թենիսիստներին, հանդբոլիստներին վերաբերող տվյալներ: Այդ մարզաձեւերի ֆեդերացիաներին, թվում է, դա բնավ էլ չի հետաքրքրում: Նրանք, ասես, խոր քուն են մտել եւ հաշտվել ստեղծված իրավիճակի հետ: Նրանց համար, ստացվում է, գլխավորը զուտ մասնակցությունն է:

Ճիշտ է, այս առումով մի փոքր աշխուժություն է նկատվում բասկետբոլիստների կյանքում: Շատերին հիացմունք է պատճառել այն, որ տղամարդկանց հավաքականը մի փոքր տարօրինակ հնչող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը: Իսկ ամենալուրջն այն է, որ այդ մարզաձեւի ֆեդերացիայում սկսել են լրջորեն քննարկել ավելի բարձր հեղինակություն վայելող ստուգատեսում հանդես գալու իրավունք ձեռք բերելու հարցեր: Ուրախացնում է նաեւ այն, որ սկսել է գործել Երեւանի բասկետբոլի վերաբացված ֆեդերացիան:
Իսկ եվրոպական ասպարեզներում ակտիվ ելույթներ ունենալու հարցում ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի գործունեությունը կարծես հիմնավորվում ու ամփոփվում է ազգային գլխավոր թիմին օգնելու նպատակով լոկ դրսից խաղացողներ հրավիրելու խնդիրը: Խոսքը, ըստ էության, զուտ մրցաշարին մասնակցելու մասին է: Ձեւական էին նաեւ առաջատար համարվող մեր չորս ակումբային թիմերի ելույթները եվրագավաթների խաղարկություններում: Ե՛վ «Արարատ-Արմենիան», ե՛ւ «Ալաշկերտը», ե՛ւ «Արարատը» մեկնարկային խաղերից անմիջապես հետո դուրս մնացին ասպարեզից: Միայն մեր չեմպիոնը` «Փյունիկը» բավարարվեց շատ համեստ ցուցանիշներով: Հայաստանի թիվ մեկ թիմը, հանդես գալով Չեմպիոնների լիգայում, նախնական մրցաշարին մասնակցած չորս թիմերի մասնակցությամբ աղյուսակում գրավեց երրորդ տեղը եւ ստիպված եղավ տեղափոխվել ստորին` Եվրոլիգա, այստեղից էլ` Կոնֆեդերացիաների լիգա: 

Ինչ վերաբերում է մեր մանկապատանեկան ֆուտբոլը ներկայացնող թիմերի` միջազգային ասպարեզում գրանցված ցուցանիշներին, ապա դրանց կարելի է տալ ընդհանուր մեկ գնահատական` խայտառակություն: Բերեմ հենց կոնկրետ փաստեր. Եվրոպայի առաջնության նախնական խաղերին մասնակցած Հայաստանի 17 տարեկան տղաների հավաքականը, անցյալ տարի մրցելով Բելառուսի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի հասակակիցների թիմերի հետ, համապատասխանաբար պարտություններ է կրել 2:5, 0:7 եւ 0:4 հաշիվներով: 19 տարեկանների ընտրանին նույն կարգի մրցումներում 0:5 եւ 0:2 հաշիվներով տանուլ է տվել գերմանացիներին ու սլովակներին՝ ոչ-ոքի (1:1) գրանցելով բելառուսների հետ ունեցած խաղում: Իսկ ահա 21 տարեկաններն անցկացրած 10 խաղից 9-ում պարտություն են կրել, միակ հաղթանակը (2:0) Երեւանում տանելով Ֆարերյան կղզու հավաքականի նկատմամբ (Դանիայի այդ ինքնավար մարզի տարածքն ընդամենը 1,4 հազար քառակուսի կմ է, բնակչության թիվն էլ` 46 հազար):

Ահա եւ կանանց հավաքականը ներկայացնող 17 տարեկանների ցուցանիշները․ երեք խաղ` նույնքան պարտություն, 0 խփած եւ 27 բաց թողած գոլ։ 19 տարեկանների թիմի արդյունքները․ 5 խաղ` նույնքան պարտություն, գոլերի հարաբերությունը` 1:28:

Այս է մեր վաղվա ֆուտբոլի ընդհանուր «փառահեղ» պատկերը միջազգային ասպարեզում ` մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի եւ 22 պարտություն, 8 խփած եւ 62 բաց թողած գոլ: Ո՞ւմ համար հասկանալի չէ, որ այս ամենը պարզ ու պրիմիտիվ պարապմունքների, խաղային պրակտիկայի պակասի պատճառով գրանցված բացահայտ ձախողումների հետեւանք է, եւ արդյոք այս տագնապալի վիճակը լրջորեն անհանգստացնո՞ւմ է գործի համար պատասխանատուներին:

Միսակ Նազարյան