Արդյոք Փաշինյանի ուզածը ե՞ւս քաղաքական ապաստանն է, թե՞ Հայաստանի ոչնչացումը

Արդյոք Փաշինյանի ուզածը ե՞ւս քաղաքական ապաստանն է, թե՞ Հայաստանի ոչնչացումը

Շվեյցարիայում ապրում է ադրբեջանցի մի հասարակական գործիչ՝ Ալեքպեր Ալիեւ, ով Ադրբեջանից Եվրոպա է մեկնել ավելի քան 10 տարի առաջ, ճանաչվել է քաղաքական հալածյալ, ում Շվեյցարիայի իշխանությունները տրամադրել են քաղաքական ապաստան: Ալեքպերը հայտնի է նրանով, որ ժամանակին հայտարարում էր, թե հայերն ու ադրբեջանցիները թշնամիներ չեն, իմաստ չունի պատերազմել հանուն Ղարաբաղի, եւ բոլոր հարցերը կարելիէ լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Բնականաբար, հաշտեցման մասին Ալեքպեր Ալիեւի գաղափարներն անընդունելի էին Ադրբեջանի իշխանությունների համար, քանի որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, եւ երկրում ամբողջ թափով տարածվում եւ քարոզվում էր հակահայկականություն: Ալեքպեր Ալիեւը համախոհներ ուներ Հայաստանում, ովքեր եւս հայերին եւ ադրբեջանցիներին թշնամիներ չէին համարում, Խոջալուի դեպքերը հռչակում էին ցեղասպանություն, Արցախի համար պայքարը՝ անիմաստ: Նրանք միասին հայտարարեցին «Հարավային Կովկասի դավաճանների միություն» ստեղծելու մասին եւ, որքան հիշում եմ, մի հռչակագիր ստորագրեցին, որտեղ ծաղրի էին ենթարկում Հայաստանում եւ Ադրբեջանում առկա հասարակական տրամադրությունները:

Ի վերջո, այս նախաձեռնության թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի մասնակիցները հայտնվեցին եվրոպական տարագրության մեջ: Արդյոք նրանք իսկապե՞ս մտածում էին հայերին ու ադրբեջանցիներին հաշտեցնելու մասին, թե՞ ուղղակի հող էին նախապատրաստում տարագրության համար՝ դժվար է ասել: Փաստն այն է, որ Ալեքպեր Ալիեւն այլեւս չի խոսում հաշտեցման մասին, իսկ Շվեյցարիայում զբաղվում է առաքման ծառայություններով:

Ալեքպեր Ալիեւին եւ նրա հայ համախոհներին, որոնց անունը չեմ հիշատակում՝ էթիկայի նորմերից ելնելով, հիշեցի, երբ նախորդ օրը լսում էի Փաշինյանի ելույթը Հայաստանի խորհրդարանում: «Ինձ էնքան են ասել դավաճան, որ ես չեմ վախենում, որ ինձ ասեն դավաճան»,-  ասում է Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ ասում է. «Թուրք ասելու դեպքում չեմ վիրավորվում, որովհետեւ չեմ կարծում, որ եթե ասում են թուրք, պետք է վիրավորվես, ինչպես ասում են գերմանացի, շվեդ, ռուս, հայ»: Փաշինյանը հանգիստ կարող էր միանալ «Հարավային Կովկասի դավաճանների միություն» ՀԿ-ին, կարող էր հավակնել դրա նախագահը դառնալուն եւ հաստատ քաղաքական ապաստան կստանար Շվեյցարիայում, եթե  չլիներ երկրի վարչապետի աթոռին: Ցավալիորեն, նա զբաղեցնում է Հայաստանի ղեկավարի աթոռը, եւ հիմա որեւէ  հայաստանցի չի կարող ադրբեջանանպաստ հայտարարություններ անելու հիմքով ապաստան հայցել Եվրոպայում, քանի որ դրանք Հայաստանում բարձրացված են պետական քարոզչության մակարդակի:

Փաշինյանն իրեն շարունակում է պահել որպես արեւմտյան ֆոնդերից ֆինանսավորվող շարքային ակտիվիստ՝ փորձելով համոզել ու քարոզել, որ ինքն ազգայնական չէ եւ մերժում է ազգային խտրականության ցանկացած դրսեւորում: Մինչդեռ հայ մարդու համար թուրքն ու գերմանացին, շվեդը կամ ռուսը նույնը չեն: Որեւէ այլ ժողովուրդ 1,5 միլիոն անմեղ հայի ցեղասպանության չի ենթարկել, չի ժխտում իր գործած հանցագործությունը, չի տիրացել պատմական հայրենիքին եւ շարունակում է հավակնել մնացած շատ փոքր մասին՝ մնացած հայերին ոչնչացնելու եւ հայրենազրկելու գնով: Կարող են հակադարձել, որ դա ամբողջ թուրք ժողովուրդը չէ, այլ միայն նրա իշխանության որոշ ներկայացուցիչներ, բայց Ցեղասպանությունից հետո անցած 108 տարիների ընթացքում Թուրքիայում բազմաթիվ իշխանություններ են փոխվել, եւ դրանցից որեւէ մեկը զղջման կամ դատապարտման խոսք չի ասել: Թուրքիայի իշխանություններն արտահայտում են թուրք ժողովրդի հավաքական տեսակետը, իսկ նրանք, ովքեր ընդունում եւ դատապարտում են, ընդամենը բացառություններ են, ովքեր հետագայում հայտնվում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, ինչպես, օրինակ, Օրհան Փամուկը, ով Հրանտ Դինքի սպանությունից հետո տարագրվեց եւ ապրում է Նյու Յորքում: 
Փաշինյանն իսկապե՞ս ուզում է նոր արժեհամակարգ ձեւավորել, որտեղ հայ մարդը չպետք է վիրավորվի երբ իրեն թուրք անվանեն, եւ չվախենա «դավաճան» պիտակի համար, թե՞ ուղղակի Ալեքպեր Ալիեւի, Եվրոպայում ապաստանած տասնյակ հազարավոր այլ ադրբեջանցիների եւ հայերի նման իր համար քաղաքական ապաստան հայցելու հիմքեր է ստեղծում: Դժվար է չհասկանալ, որ թուրքը հայի համար ոչ այնքան ազգություն է, որքան մարդասպանի, եղերագործի, հանցագործի հոմանիշ: Պատմությունը՝ դեռ մի կողմ. ներկա պահին Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմ են հայտարարել Հայաստանին, երկուսուկես տարի առաջ այս երկու պետությունները գրավեցին Արցախի մեծ մասը, 4 հազարից ավելի հայ զինվորական սպանվեց, ու դրանից հետո էլ այս երկու պետությունները շարունակում են իրենց ագրեսիան Հայաստանի դեմ: 44-օրյա պատերազմի  ժամանակ Փաշինյանը նույն ԱԺ ամբիոնից Եվրոպային հորդորում էր՝ կանգնեցնել թուրքական արշավանքը, սպառնալով կամ կանխատեսելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն թուրքերին դիմավորել Վիեննայի պատերի տակ: 

Եվրամիությունը փակել է Թուրքիայի ճանապարհը դեպի ԵՄ՝ այդպես էլ չընդգրկելով Թուրքիային իր շարքերը, չնայած որ երկար տարիներ Թուրքիան ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ուներ: ԵՄ երկրները շատ լավ հասկացան, որ չնայած արտաքին եւ կոսմետիկ փոփոխություններին, այդ երկիրը երբեք իր արժեքային եւ քաղաքակրթական համակարգով չի լինի Եվրոպայի մաս: Թուրքիայի իշխանությունները եւ թուրքերը եւս հասկացան, որ ԵՄ-ում իրենց գրկաբաց չեն սպասում, եւ որոշեցին շարժվել ոչ թե Արեւմուտք, այլ՝ Արեւելք, որտեղ իրենց արմատներն են, իրենց հոգեհարազատ ժողովուրդներ եւ պետություններ:

Արեւելք շարժվելու ճանապարհին Թուրքիայի ամենամեծ խոչընդոտը Հայաստանն է, եւ Թուրքիան ցանկանում է ոչնչացնել մեզ, չեզոքացնել այդ խոչընդոտը: Փաշինյանը կարծես թե դեմ չէ դրան ու ամեն կերպ փորձում է օժանդակել թուրքական այդ ծրագրին: Արդյոք նա իսկապե՞ս ցանկանում է Հայաստանի ոչնչացումը՝ Հայաստանի ապագան պատկերացնելով իբրեւ թուրքական մի գավառ, թե՞ ուղղակի հասկանում է, որ իր եւ իր իշխանության օրերը հաշված են, եւ փորձում է ապագայի համար քաղաքական հալածյալի կենսագրություն ստեղծել, որ եվրոպական որեւէ երկրում կարողանա ասել, թե ինքը բարեկամություն եւ համերաշխություն էր քարոզում, մինչդեռ չհասկացվեց, հալածվեց եւ տարագրվեց իր ղեկավարած երկրից, ուր չի կարող ապահով ապրել, քանի որ իրեն դավաճան ու թուրք են համարում: Եվրոպացիներն էլ ստիպված կընդառաջեն, դե հո չե՞ն թողնելու, որ վայրենի ու բռի հայերը հոշոտեն՝ համամարդկային արժեքներ դավանող Փաշինյանին: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի, թե այս տարբերակներից որն է ավելի հավանական:

Ավետիս Բաբաջանյան