Փաշինյանը շարունակում է «փչացնել» ընդդիմությանը

Փաշինյանը շարունակում է «փչացնել» ընդդիմությանը

Այնպես չէ, որ ընդդիմությունը, մինչ Փաշինյանի վերջին հայտարարությունը, փայլում էր բարձր վարկանիշով: Արդեն բավականին երկար ժամանակ անհասկանալի էր ընդդիմության ներկայությունը խորհրդարանում, երբ գնում էին՝ անպտուղ լեզվակռիվ տալիս իշխանության հետ ու հաղթանակած կամ պարտված դուրս գալիս: Սկզբում գոնե դա էին անում… Հետո փողոցում «Նիկոլ դավաճան» գոռացողներն ԱԺ-ում դիմում էին «պարոն վարչապետ» կամ «պարոն Փաշինյան» ձեւերով: Այնուհետեւ սիլի-բիլիները, ջան-ջիգյարով «բարձր» մակարդակի շփումներն արդեն ցույց էին տալիս, որ մի բան այն չէ. ընդդիմություն не настоящий:

 «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն ու դրանց արտախորհրդարանական «արբանյակներն» արդեն տեւական ժամանակ է՝ զբաղված են ոչ թե Փաշինյանին ու նրա իշխանությանը քննադատելով, ոչ թե Փաշինյանի դեմ, այլ իրար դեմ պայքարելով, իրար քննադատելով: Սա ակնհայտորեն Քոչարյան-Սարգսյան ներքին հակասության լուռ ու անթաքույց արգասիքն էր: Ու քանի որ ինչպես Փաշինյանը, նախկին երկու նախագահներն էլ ունեն իրենց «ֆանատները» կամ նոր լեզվամտածողությամբ՝ «զոմբիները»՝ թե՛ խորհրդարանում եւ թե՛ դրանից դուրս, նրանք զբաղված են ինքնամոռաց կերպով իրենց «կուռքի» պատիվն ու արժանապատվությունը պահելով, վերջինիս թթու խոսք ասողներին շանսատակ անելով: Արդեն գիտենք, թե այս կամ այն պատգամավորը կամ պատգամավորուհին, մոտենալով ԱԺ ամբիոնին, ում համար է «դոշ տալու», ում «թասիբն» է պահելու: Ընդդիմության այս անմիաբանությունը հիանալի նվեր է աթոռին կառչած Փաշինյանի իշխանությանը: 

Վաղուց այլեւս նկատելի էր, որ ընդդիմադիրների մոտ չկա «Նիկոլ դավաճանի» դեմ պայքարելու նախկին եռանդը, բայց անսպառ եռանդ ունեն «կոնկուրենտ» ֆիրմայի դեմ պայքարելու համար: Անգամ այս հարցում «չհամոզված» մի ընդդիմադիր պատգամավոր սայթաքեց ու խոսեց այդ մասին…

Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այլեւս քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում, ասուլիսներ չի տալիս: Երկար ժամանակ արտերկրում էր, ասում էին` առողջական պատճառներով: Բայց, զարմանալի զուգադիպությամբ, նախկին նախագահի առողջությունը վատացավ այն բանից հետո, երբ Փաշինյանի կառավարությունը առանց մրցույթի 5.5 մլրդ դրամի գնում կատարեց «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից: Մի ընկերություն, որի ակտիվների 60 տոկոսը պատկանում է քոչարյանամերձ գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ 30 տոկոսը տնօրինում է Քոչարյանի ավագ որդին:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա առանց այն էլ հասարակության մեջ մեծ հեղինակություն չէր վայելում՝ բացի իր թիմակիցներից ու կուսակիցներից: Նա մի քանի անգամ հայտարարել է, որ չի վերադառնալու քաղաքականություն, բայց ամեն դեպքում մեծ խումբ մարդիկ ակնկալիք ունեն նրանից: Իսկ մինչ հասարակության ընդդիմադիր հատվածը կոնկրետ քայլերի, գործողությունների է սպասում ընդդիմության կողմից, թե գարունը եկավ, անձրեւները դադարեցին, քամի չկա, շատ էլ շոգ չէ, գուցե շարժումը նոր թափ առնի, Փաշինյանը սառը ջուր լցրեց նրանց սպասելիքների վրա՝ ասելով, որ ես ու ընդդիմությունը բարիշել ենք, էլ իրար վրա շիշ, բան չենք շպրտում, քացիներով չենք խփում, չենք ճանկռում իրար. Между нами все решено…

Սրանով Փաշինյանը տվեց հասարակության համար վերջին շրջանի անհասկանալի հարցերի պատասխանները եւ հուշեց, որ գլխներիդ ճարը տեսեք՝ նոր ընդդիմություն ձեւավորեք, վերջնականապես վարկաբեկելով տիտղոսակիր ընդդիմությանը: