Արյունոտ «խաղաղության խաչմերուկը» եւ ալիեւյան ցինիզմը

Արյունոտ «խաղաղության խաչմերուկը» եւ ալիեւյան ցինիզմը

«Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունն ու գերբից հեռացնի Արարատ լեռը»,- հայտարարել է Ալիեւն ապրիլի 23-ին՝ «COP29-ը եւ կանաչ տեսլականն Ադրբեջանի համար» ֆորումի ժամանակ։ «Այնպես որ, երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ` սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը։ Հայաստանում շատ լեռներ ունեն, եթե ուզում են, թող դրանցից որեւէ մեկն ընտրեն։ Ես գիտեմ, որ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան հավատարիմ են հաստատված դիրքորոշմանը, որ այս երկու գործընթացները՝ թուրք-հայկական մերձեցումը եւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը, պետք է ընթանան զուգահեռաբար։ Սա մեր, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է»,- հայտարարել է Բաքվի բռնապետը` անգամ չթաքցնելով, որ մեզ հետ խոսում է վերջնագրերի լեզվով։ 

Ծաղրական կիսաժպիտը դեմքին՝ հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան հատվածներ, որոնք Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հանդեպ նկրտումներ են ենթադրում` ակնարկելով Անկախության հռչակագիրը եւ ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու թեզը։ Մինչեւ 2018-ը Արցախի հարցով քննարկումներին գլուխը կախ մասնակցող եւ մի քանի շրջան մուրացող Ալիեւը մի ուրիշ կարգի համարձակություն է ձեռք բերել` հանդիպելով Հայաստանի ղեկավարի թուլամորթությանն ու պարտվողականությանը: Հիմա Հայաստանի ճակատագիրը, մեր ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգը որոշվում են Անկարայում, համաձայնեցվում Բաքվի հետ, ապա հրահանգն իջեցվում է Բաղրամյան 26 եւ Հանրապետության հրապարակ։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը մեկուսացված իզգոյի կարգավիճակում է հայտնվել, իսկ հոխորտացող թշնամին նորանոր պահանջներ է ներկայացնում: Պահանջում է կյանքի կոչել վաղուց չգործող 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ տրամադրել միջանցք Ադրբեջանին՝ Նախիջեւանի հետ ցամաքային կապ հաստատելու համար։ 

Փաշինյանի առաջ քաշած «խաղաղության խաչմերուկը» Ալիեւն այդպես է պատկերացնում՝ հայտարարելով․ «Հայաստանը պարտվելու է. նրանք ուզում են խաչմերուկ դառնալ։ Այո, նրանք այն անվանում են «խաղաղության խաչմերուկ»։ Բայց որպեսզի դառնան խաղաղության խաչմերուկ, նախ պետք է մեզ հետ պայմանավորվեն»։ Ալիեւը վստահ է, որ ինչ առաջարկի, ինչ կոնցեպտ էլ առաջ քաշի, մենք ընդունելու ենք եւ հնազանդվենք։
Միջանցքի հետ կապված մի հետաքրքիր նյուանս էլ կա Ալիեւի հայտարարության մեջ. եթե ՀՀ իշխանությունները դեմ են, որ ՌԴ զինված ուժերը հսկեն այդ միջանցքը, թող այդ մասին բաց հայտարարեն։ Ալիեւը հստակ գիտակցում է, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում կայուն քաղաքական շահեր չկան՝ ամեն վայրկյան դրանք կարող են փոփոխվել, ու այս պահին դաշնակիցներ համարվողները կարող են ինչ-ինչ իրողությունների պայմաններում հայտնվել հակառակ ճամբարում։ Դրանով է պայմանավորված, որ Ալիեւը շտապում է, քանի դեռ Հայաստանում իշխանություն չի փոխվել, քանի դեռ ռուսները չեն սթափվել, քանի դեռ աշխարհը չի գիտակցել այս տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գործոնի ուժեղացման կործանարար հետեւանքները: Ալիեւն ակնարկել է նաեւ, որ իրենք Տավուշի չորս հայկական գյուղերը ստանալուց հետո անցնելու են անկլավները հետ վերցնելուն։ Նա նաեւ փակագծեր է բացում եւ պատռում ՀՀ իշխանությունների դիմակը՝ ասելով, որ իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ ներկայիս իշխանությունների հետ, ու նրանք խոստացել են խաղաղության պայմանագրում չհիշատակել անգամ Արցախը։ Եվ լկտիաբար հայտարարում է` եթե ինչ-որ պահանջներ կամ առաջարկներ հնչեն Հայաստանի կողմից, դա կնշանակի, որ Հայաստանն ուզում է հարձակվել Ադրբեջանի վրա, եւ իրենք կջախջախեն Հայաստանը։ 

Եթե գեղարվեստական մասը մի կողմ թողնենք, ապա իր վերջին ելույթներում Ալիեւն ուղղակի ասում է՝ հայեր, դուք այլ ելք չունեք, պետք է ծնկի գաք ու ձեր կամքով հանձնվեք, որովհետեւ ես միշտ սպառնալու եմ ձեզ, եւ ձեր վախկոտ ղեկավարը պատերազմի սպառնալիքով տալու է այն ամենը, ինչ ես եմ ուզում։ Իսկ ի՞նչ է ուզում Ալիեւը, եւ մինչեւ որտե՞ղ կարող է հասնել նրա պահանջատիրությունը, չէ՞ որ նա ասում է, որ Երեւանն էլ է «ադրբեջանական պապական հող»: Գուցե Նիկոլ Փաշինյանն իրեն Իրեւանի մելի՞ք է պատկերացնում` Ալիեւի հովանու տակ: Պատահական չէ, որ շուրջ 4 տարի ոչինչ չի արվում հայկական բանակն ուժեղացնելու, զինելու, պաշտպանական դիրքեր ամրացնելու, ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ, փոխարենը ոստիկանության ներքին զորքերն են հզորացնում, տեխնիկա եւ տարբեր միջոցներ ձեռք բերում, աշխատավարձ բարձրացնում, որ ոչ թե երկիրը, այլ իշխանություններին լավ պաշտպանեն: 

Բաքվի բռնապետի հայտարարություններից եւ ոչ մեկը, իհարկե, մեծ նորություն չէ, սակայն 20-րդ դարում Մեծ Բրիտանիան ոտքի կանգնեցրած եւ հաղթանակի տարած Չերչիլը, վստահաբար, մի բան գիտեր, երբ ասում էր՝ եթե պատերազմի փոխարեն ընտրեք նվաստացումը, ապա կստանաք ե՛ւ նվաստացում, ե՛ւ պատերազմ։ Իսկ հայազգի Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ասում է. «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարեւոր են, քան կյանքը»: Այս միտքը պետք է պաստառների վրա տպել եւ կախել Երեւանի ամենաբարձր սյուներից, որոնցից մեկն անպայման տեսանելի լինի ՀՀ վարչապետի աշխատասենյակից: