«Հրապարակ». Առանց սահմանազատման իրականացվում է դեմարկացիա սահմանին, ինչը մեր օրենսդրության կոպտագույն խախտում է

«Հրապարակ». Առանց սահմանազատման իրականացվում է դեմարկացիա սահմանին, ինչը մեր օրենսդրության կոպտագույն խախտում է

Այլեւս իրողություն է՝ Տավուշում սահմանագծման ու սահմանազատման անվան տակ իրականացվող հողատվության դեմ ժողովրդական ընդվզում կա։ Որքան էլ իշխանության ձեռքին գործիք դարձած իրավապահ համակարգը փորձի ռեպրեսիաների միջոցով կասեցնել ալիքը, վերջին օրերի դեպքերը ցույց տվեցին, որ այն տարածվում է՝ դառնալով համահայաստանյան, եւ Փաշինյանի իշխանությունը կորցնում է լեգիտիմության նշույլները։ Նրա վարած քաղաքականությունը հակասում է վերջին արտահերթ ընտրություններին իր իսկ հռչակած ծրագրերին, նա ոչ միայն չի վայելում երբեմնի ժողովրդական վստահությունը, այլեւ ունի կրիտիկական ցածր վարկանիշ։

Դա վերջին սոցհարցումներն են արձանագրում (GALLUP International Association-ի 2024 թ. մարտի հարցումներով` ընդամենը 8 տոկոսն է լիովին վստահում նրան)։ Արդեն շատերին, եթե ոչ մեծամասնությանը, ակնհայտ է, որ երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ քաղաքական ընդդիմության համակարգված, գրագետ ու վճռական ջանքերը կարող են արդյունք ապահովել։ Ի՞նչ մեխանիզմներով կարող է գործել քաղաքական ընդդիմությունը, արդյո՞ք խորհրդարանական ընդդիմության՝ մանդատներից հրաժարվելը կարող է ազդել իրավիճակի վրա եւ ունենալ որոշիչ նշանակություն։ Այս հարցը, որ դաշտ է նետվում ամեն անգամ, երբ հանրային դժգոհության ալիք է բարձրանում, «Հրապարակ»-ն ուղղեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։

- Մանդատները վայր դնելը, ընդհանրապես, իմաստալից չեմ համարում։ Իրավաբանորեն դա որեւէ ձեւով իրավիճակը՝ կապված ԱԺ-ի ու կառավարության հետ, չի փոխի։ Սահմանադրությունը չի նախատեսում, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները վայր են դնում իրենց մանդատները, ապա ԱԺ-ն լուծարվում է, ու անցկացվում են նոր ընտրություններ։ Ընդհակառակը, իմ կարծիքով, ընդդիմությունը մանդատները պետք է պահպանի, որովհետեւ իշխանությունը փոխելու միակ լեգալ սահմանադրական մեխանիզմը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Այդ մեխանիզմն իրագործելու համար ընդդիմությունը պետք է մանդատներ ունենա, պետք է ՔՊ խմբակցությունից որոշակի քանակությամբ պատգամավորներ միանան ընդդիմադիրների կողմից այդ հնարավոր նախաձեռնությանը։ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ է հնարավոր այդ հարցը լուծել։ Եթե ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները, ներառյալ նաեւ նրանք, որոնք այդ երկու դաշինքների ցուցակներում են, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, ԱԺ-ի համար կլինի քաղաքական լեգիտիմության կորուստ, բայց իրավական առումով որեւէ հետեւանք չի առաջացնի։ ԱԺ-ն կշարունակի գործել, ըստ էության: Նույնիսկ Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ մեծամասնությունը կպահպանվի, քվորումների հետ կապված էլ որեւէ խնդիր, ամենայն հավանականությամբ, չի առաջանա։ Ուստի, ես կարծում եմ, որ մանդատները վայր դնելու պահանջն ավելի շուտ պոպուլիստական պահանջ է։ Որոշ մարդիկ, որոնք դա պահանջում են, ամենայն հավանականությամբ, մտածում են, որ իրավաբանորեն դա կարող է իրավիճակ փոխել` այդպես չէ։ Որոշ մաս էլ, որն այդ պահանջը ներկայացնում է, դժգոհ է պառլամենտում ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունից։ Ես այդ մոտեցումը կարող եմ հասկանալ, ընկալել, բայց մանդատներից հրաժարվելը, առավել եւս՝ հիմա, կարող է ավելի վատ իրավիճակ առաջացնել, քան ԱԺ-ում աշխատանքները շարունակելը։

- Մասնագետները միաբերան պնդում են, որ սահմանագծման ու սահմանազատման անվան տակ կատարվողն ապօրինի գործընթաց է, բայց անգամ եթե ընդունենք, որ միակողմանի զիջումների փոխարեն տեղի է ունենում սահմանազատում, իշխանությունն առանց հանրաքվեի կարո՞ղ է հող զիջել։

- Ոչ, նման մեխանիզմ չկա։ Այդ առումով Սահմանադրությունը շատ հստակ է՝ Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ է, որպեսզի անցկացվի հանրաքվե։ Նման հանրաքվե անցկացնելու նախաձեռնության, առաջարկության պարտականությունը դրված է կառավարության վրա։ Կառավարությունը պետք է առաջարկի նման նախագիծ ԱԺ-ին, եթե ԱԺ-ն համաձայնում է՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության համաձայնությունը տրվում է, անցկացվում է հանրաքվե, եւ հայ ժողովուրդն է որոշում՝ համաձա՞յն է իր տարածքի փոփոխությանը, թե՞ համաձայն չէ։ Բայց մինչեւ հանրաքվեն, խախտվում են նաեւ այլ իրավական պահանջներ։ Մենք ունենք «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենք։ Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, մինչդեռ այն, ինչ այսօր տեղի է ունենում Տավուշում, ընդհանրապես այդ օրենքի տառի ու ոգու խախտում է, որովհետեւ որեւէ գրավոր համաձայնություն, որն իրավական ուժ ունի, այդ տեղամասում սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ չի իրականացվել։ Նույնիսկ խախտվել է ապրիլի 19-ին հայկական ու ադրբեջանական հանձնաժողովների միջեւ ձեռք բերված այդ պայմանավորվածության դրույթը։ Այնտեղ հստակ գրված է, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածներ, այսինքն՝ խոսքը նախնական համաձայնությունների մասին է։ Այնուհետեւ նշվում է, որ այդ հատվածների նկարագրությունը կազմվելու է առանձին Արձանագրություն-նկարագրությամբ, եւ դա պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջեւ մինչեւ 2024թ. մայիսի 15-ը, բայց մենք ականատես ենք այն փաստին, որ արդեն այսօր սահմանային սյուներ են տեղադրվում։ Այսինքն՝ առանց սահմանազատման, ինչը նշանակում է քարտեզի վրա սահմանազատում, իրականացվում է դեմարկացիա սահմանին՝ սահմանագծում, ինչը մեր օրենսդրության կոպտագույն խախտում է, ու այլ կերպ, քան պետական դավաճանություն որակել, հնարավոր չէ անվանել։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ ժողովրդական շարժումը, որը գնալով թափ է առնում, ամբողջությամբ լեգիտիմ է, իսկ բիրտ ուժով այն ճնշելու քայլերը քաղաքական հրահանգ են, այլ ոչ իրավապահների իրավաչափ գործողություն։

- Այո՛, միանշանակ։

Մարիաննա Ղահրամանյան