«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին վստահելն օր օրի բարդանում է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին վստահելն օր օրի բարդանում է

Նիկոլ Փաշինյանը երեկ Պրահայում Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների եւ փորձագետների առաջ ելույթ է ունեցել իր սիրած թեմաների շուրջ՝ 2018 թվականի հեղափոխության ժողովրդավարական հմայքներ, տնտեսական աճ, ցնցող հաջողություններ կոռուպցիայի դեմ պայքարում, ու վերջում հին դուդուկն է միացրել, թե ինչ փիսն է Ադրբեջանը, ու ինչ խաղաղասեր՝ Հայաստանը։  Բայց գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում բոլորին ապացուցելը, որ այն, հանուն ինչի արվում էր հեղափոխությունը՝ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումները, իրականում միֆ են, պայքարը կոռուպցիայի ու ստվերային տնտեսության,  տնտեսական մենաշնորհների դեմ պատրանք է ու ինքնախաբեություն, իսկ վարչապետի կողքը կանգնած «ինքնախաբվողների» զանգվածը, կորցնելով անվտանգության զգացողությունը, նոսրացել է եւ ձգտում է զրոյի։ Ահա ինչու անգամ նրանց համար Փաշինյանին վստահելն օր օրի բարդանում է։ 

Ահա, օրինակ, ինչ է ասում վարչապետը խոսքի ազատության, ազատ կամարտահայտության եւ ընտրությունների մասին։ «Մենք ապահովել ենք խոսքի եւ արտահայտվելու ազատությունը եւ շրջել ենք կեղծված ընտրությունների էջը՝ երաշխավորելով, որ քաղաքացիների ազատ կամարտահայտությունն իշխանության միակ օրինական աղբյուրն է»։ Ինչ խոսք, Պրահայում շատերը չգիտեն, թե ինչպես են անցյալ տարվա նոյեմբերին կեղծվել ՔՊ վարչության ընտրությունները, ինչ ճնշումների, քրեական հետապնդումների են ենթարկվում այն քաղաքապետերն ու գյուղապետերը, որոնց բախտ կամ դժբախտություն է վիճակվել հաղթել ՔՊ թեկնածուներին, եւ ինչպես է ամիսներով պարալիզացվում նման «հականիկոլական» ՏԻՄ-երի գործունեությունը։  

«Նա օխլոկրատիան շփոթել է դեմոկրատիայի հետ»․ Սուրեն Սուրենյանց

Այլեւս չի զարմացնում Փաշինյանի որեւէ հայտարարություն: Առհասարակ, նա օխլոկրատիան շփոթել է դեմոկրատիայի հետ: Խոսքի ազատությունն ինստիտուցիոնալ առումով կայացած է, երբ իշխանությունը դատական ու վարչական ռեսուրսը չի չարաշահում՝ ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու համար: Մեզանում ճիշտ հակառակ պատկերն է: Էլ չեմ ասում այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է թքել արտահայտվելու իրավունք ունեցող քաղաքացու վրա: Ինչ վերաբերում է ընտրողներին, ապա դրանց գնահատման չափանիշն ամենեւին էլ միայն քվեարկության գործընթացը չէ: Օրինակ, 2021-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավում Փաշինյանը պտտվում էր մուրճով, մեծաքանակ թիկնազորով, ամենուր սպառնում էր իր մրցակիցներին՝ դա դարձնելով ողջ պետական համակարգի վարքագիծ: ՏԻՄ ընտրություններում իշխանությունները չարաշահում են վարչական ռեսուրսը, դիմում են հեղինակությունների աջակցությանը: Սիսիանի ու Անիի վերջին ընտրությունները դրա մասին են: Կամ՝ օգտագործում են դատական, իրավական պատժիչ ռեսուրսը՝ ընդդիմադիր համայնքապետերի ընտրություն թույլ չտալու համար: Մամիկոն Ասլանյանը «5 րոպե պակաս» ռեժիմով ընտրվել էր Վանաձորի քաղաքապետ, բայց համայնքապետարան գնալու փոխարեն ստացավ ՔԿՀ «ուղեգիր»: 

Այս ամենի մասին Փաշինյանը Պրահայում չի ասել։ Փոխարենը կրկնել է «տպավորիչ տնտեսական աճի» մասին հեքիաթը։ «Մեզ հաջողվել է հասնել տպավորիչ տնտեսական աճի․ 2019-ին՝ 7,6 տոկոս, 2021-ին՝ 5,7 տոկոս, 2022-ին՝ 12,6 տոկոս։ 2022-ին աշխատատեղերի թիվը 2018-ի համեմատ աճել է շուրջ 32 տոկոսով։ Հարկային եկամուտները 2022-ին 2017-ի համեմատ աճել են ավելի քան 66 տոկոսով»: Եթե այսպիսի ցնցող աճ ենք գրանցել, այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլի իշխանության 5 տարում 4 տարով պակասել ՀՀ քաղաքացիների կյանքի միջին տեւողությունը։ Տարին՝ մեկ տարով քիչ են ապրում ՀՀ քաղաքացիները։ Հաշվարկները կատարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր վերջին գրվածքներից մեկում՝ «Արմագեդոն»-ում։ Նույն արմագեդոնը տնտեսական աճ կոչված ցուցանիշն է վերապրել, որն իրականում ընդամենը 1% է նախորդ հնգամյակների համեմատ, որը հսկայական գին է։ 

«Այդ ի՞նչ հաջողության մասին է խոսքը»․Հրանտ Բագրատյան

ՀՀ տնտեսական աճը 2018-2022 թթ. (26.5% կամ 4.7% միջին տարեկան) վերջին 4 հնգամյակներում վատերից մեկն է (ավելի վատ եղել է միայն 2008-2012 թթ.)։ 2018-2022թթ. ՀՆԱ 2298 մլրդ դրամի հավելաճ ապահովելու համար տարբեր աղբյուրներից ծախսվել է 13234 մլրդ դրամ (կամ շուրջ 34 մլրդ դոլար)։ ՀՆԱ միավոր հավելաճի համար ծախսվել է 5.8 միավոր ռեսուրս։  

Այնուհետեւ անվտանգության գլխավոր մարտահրավերի ներքո Փաշինյանը նկարագրում է Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա, 2021 թ. մայիսյան ներխուժումը ՀՀ տարածք, սեպտեմբերյան հարձակումն ու ՀՀ տարածքի գրավումը, փակ Լաչինի ու արցախցիների զրկանքները, որ Ադրբեջանը չի ուզում ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը` ՀՀ քարտեզը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրով, ու կրկին խոսում է խաղաղության համաձայնագիր կնքելու անհրաժեշտության մասին։ Ու էլի ոչ մի բառ Արցախի կարգավիճակի մասին, խոսում է այնպես, կարծես ոչ թե մեր հայրենակիցների մասին է խոսքը, այլ հարեւան երկրի բնակիչների։  

«Չնայած 2023 թվականի փետրվարին ՄՔԴ-ի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշմանը, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ էլ ավելի սրելով իրավիճակը»,- ասում է Փաշինյանը։ Բայց ոչ մի հարց չի տալիս այնտեղ հավաքված փորձագետներին, թե ինչ կարելի է անել, որ, օրինակ, կյանքի կոչվի Միջազգային քրեական դատարանի այդ որոշումը։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարի բոլոր թեզերը պարտված թեզեր են, դրանց մասին առհասարակ պետք չէ խոսել:

«Ո՞ւմ է պետք Փաշինյանի ասածը, երբ Ալիեւն իրենց ասել է, որ 29 հազարն էլ չի ընդունում»․ Թեւան Պողոսյան

- Ստացվում է՝ Փաշինյանի ելույթները Պրահայում կեղծ օրակարգ են Հայաստանի համար, ոչինչ չփոխող։

- Ձեզ ո՞նց է թվում, Չեխիայի փորձագետները եկել էին լսելու, թե ինչ դիրքորոշում է հայտնելու Փաշինյանն Արցախի հարցո՞վ։ Որ ի՞նչ անեն։ Լավագույնս Չեխիայի դիրքորոշումը հայտնել է նրանց երկրի ղեկավարը, որ ասել է, որ Չեխիան ամբողջությամբ կիսում է ԵՄ դիրքորոշումը։ Իրենք չունեն տեսակետ։ Վաղուց Ադրբեջանի լոբբին Պրահայում ավելի կարեւոր է իրենց համար, իսկ գլխավոր հայտարարությունն այն էր, որ ինչ ուզում եք, արեք, մենք պատժամիջոցներն Ադրբեջանի դեմ չենք ընդունում։ Ո՞ւմ է պետք Փաշինյանի ասածը, երբ որ Ալիեւն իրենց ասել է, որ 29 հազարն էլ չի ընդունում, ասել է՝ Սյունիքն իմն է, Գեղարքունիքն էլ, Երեւանն էլ։ Երբ որ թշնամին ասում է՝ ինչ է անելու, դրանից հետո ի՞նչ տարբերություն, թե ինչ է ասում Փաշինյանը։ Ինչո՞ւ ենք մենք օրակարգ բերում այն թեզերը, որոնք կարեւոր չեն, որոնք պարտված թեզեր են։  

- Բայց մարդը պատրաստվում է եվրոպական փաստահավաք խումբ բերել Լաչինի միջանցք։ 

- Բայց Լաչինի միջանցքում ո՞վ է կանգնած՝ ադրբեջանցիներն ու Ռուսաստանի խաղաղապահ զորքերը։ Ռուսները դեմ են, Ադրբեջանը դեմ է։ Այդտեղ է պետք հարց տալ, որ նա ասում էր՝ Մինսկի խմբի մարդիկ իրար հետ չեն խոսում, սրանք էլ իրար հետ չեն խոսում, բա ո՞նց ես անելու։ Կոչ ես անում, որ միջազգային հանրությունը վեր կենա, զենքով-զրահով գա Լաչին, բայց Չեխիայի ղեկավարը քեզ ասաց՝ նույնիսկ պատժամիջոցներ չի կիրառելու, էլ դրանից հետո քո ասածն ի՞նչ է փոխում։ 

ՀԳ․ Այսօր Արցախի բլոկադայի 145-րդ օրն է։ Արդեն 15 օր է, ինչ Հայաստանից ավտոմեքենա եւ մարդ Արցախ չի մտնում։