Ինձ 24 ժամը չի բավարարում` ես ժողովների, պլատֆորմների ժամանակ չունեմ

Ինձ 24 ժամը չի բավարարում` ես ժողովների, պլատֆորմների ժամանակ չունեմ

Հայաստանում մի քանի մերձիշխանական ՀԿ-ներ սեփականաշնորհել են քաղհասարակություն տերմինը եւ հանդես են գալիս դրա անվան տակ, սակայն կորցրել են կապը հասարակության հետ եւ նրա խնդիրներով այլեւս չեն զբաղվում: Շաբաթ օրը 

«ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչները» այցելել էին Գյումրի: Մինչեւ 2018 թվականը հակաիշխանական գործունեությամբ հայտնի անձինք. Լևոն Բարսեղյան, Արթուր Սաքունց, Լուսինե Հակոբյան, Հովսեփ Խուրշուդյան եւ այլն: Թվով 20-25 հոգի, որոնք այսօր փաշինյանական իշխանության մաս են կազմում` տարբեր հանձնաժողովների եւ ծրագրերի են անդամակցում: Ո՞վ կարող է այսօր ներկայանալ որպես «քաղհասարակություն», ինչո՞ւ են այսօր պրոիշխանական ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց քաղհասարակություն կոչում: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ: 

- ԵՄ քաղհասարակության պլատֆորմի շրջանակներում որոշ անձինք հանդես են գալիս որպես քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչո՞ւ Դուք չկաք այս խմբի մեջ:

- Նրանք հենց այդ պլատֆորմի անդամներ են: Մենք կոնկրետ այդ պլատֆորմի անդամ չենք, դրա համար էլ երբեք այդ հավաքներին մաս չենք կազմում: Դա մեր իրավունքն է, չենք ցանկացել….
Ես էլ կարող էի մասնակցել, եթե դիմեի պլատֆորմին, կա որոշակի ընթացակարգ, բայց ինչների՞ս է պետք: Օրը 24 ժամ աշխատում եմ, նման ժողովների համար ժամանակ չունեմ: Գնամ ինչ-որ տեղեր ու անընդհատ ժողովներ անեմ, դրա համար ժամանակ է պետք, իսկ ես այդ ժամանակը չունեմ:

- Ինչո՞վ եք այս օրերին զբաղված:

- Մի մասը վերաբերում է կանանց իրավունքներին: Կանայք, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության: Կանանց հետ կապված տարբեր խնդիրներ` սոցիալական, իրավական, հոգեբանական և այլն: Ամսվա կտրվածքով 20-ից 30 շահառու ունենք: Ունենք նաև դատապարտյալների բլոկ: Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նախագահն եմ: Եթե անգամ նախագահն էլ չլինեի, անդամ եմ: Ինձ 24 ժամը չի բավարարում աշխատելու համար, ես պլատֆորմների ժամանակ չունեմ: Անընդհատ հայտարարություններ տարածելու ժամանակ էլ չունեմ, որոնք կոնկրետ մարդկանց իրավունքը պաշտպանելիս շատ ավելի քիչ են, քան այն, ինչ կարող ենք անել ամեն մարդու համար:

- Սաքունց, Լևոն Բարսեղյան, Հովսեփ Խուրշուդյան. նրա՞նք են Հայաստանի քաղհասարակությունը:

- Դե թող հանդես գան, ի՞նչ անեմ, ունեն ժամանակ, թող անեն…. Թող գնան արտերկիր: Ինձ արտերկրում էլ են առաջարկում ելույթներ ունենալ, բայց ես ժամանակ չունեմ: Լիքը մարդիկ ինձ են նայում, հիմա ի՞նչ` ասեմ. գնացեք ձեր հարցերը դուք լուծեք, ես էլ գնամ այլ երկրներում ժողովների մասնակցեմ, այդքան ժամ էլ թռիչքների վրա կորցնեմ: Մարդկանց կարիքները չի կարելի անտեսել` ժողովների մասնակցելու համար, չեմ կարող նման կերպ վարվել:

- Ո՞ր երկրներից եք ստանում համաժողովների մասնակցելու հրավեր:

- Մի շարք երկրներից` Գերմանիա, Լեհաստան: Իմ աշխատանքի գրաֆիկի և իմ նվիրվածության պարագայում նորմալ չէ անվերջ նման համաժողովների մասնակցելը, երբ այստեղ Հայաստանում կան լիքը մարդիկ, որոնց պահանջներին քչերն են արձագանքում, եթե ազնիվ լինենք…. Եզակի կազմակերպություններ կան, որ այսքան շահառուների քանակ ունեն, ինչպես մենք: Արցախցիների տեղահանումից հետո էլ մարդկանց ենք օգնում, մարզեր ենք ուղարկում առաջին անհրաժեշտության պարագաներ: Սրբիչներից սկսած, մինչև անկողին: Այնպես որ, մենք նման բաների համար ժամանակ չունենք:

- Արցախցի ակտիվիստ Տաթև Արցախի գործով որոշել էիք Աբովյան քրեակատարողական հիմնարկ այցելել: Նա կալանավորվել է ֆեյսբուքում գրառումներ անելու համար….

- Այցելել ենք, բայց մի շատ վատ բան կա, քննիչն արգելանք է կիրառել և խմբին չեն թողել տեսակցել Տաթևին: Նրան կարող է այցելել միայն Մարդու իրավունքների պաշտպանը, անգամ պատգամավորներն ու իրավապաշտպանները չեն կարող այցելել: Չնայած դրան, մենք հետաքրքրվում ենք նրա առողջական վիճակով: Խոսել ենք նաև բժշկական անձնակազմի հետ, այժմ բժշկական կազմը հետևում է նրա առողջական վիճակին:

- Իսկ ինչո՞ւ են արգելանք դրել: Ֆեյսբուքյան գրառում անելը նման վտանգավոր հանցա՞նք է:

- Կարող է անգամ ամենասարսափելի վտանգավոր հանցագործին չկալանավորեն, բայց գրառում անողին կամ ցույցին մասնակցած ուսանողներին, որոնց իրավունքները խախտվել են, կալանավորեն: Դա է մեր դատաիրավական համակարգը: Կոնկրետ այդ կնոջ մասին ամեն ինչ փորձել ենք ճշտել: