Ֆոն դեր Լյայենի եւ Շառլ Միշելի հակասությունները խորանում են

Ֆոն դեր Լյայենի եւ Շառլ Միշելի հակասությունները խորանում են

Իրավիճակի սրացումը Մերձավոր Արեւելքում դարձավ լրջագույն փորձություն նաեւ ԵՄ գործող ղեկավարության համար։ Մի շարք ձախողումներ ակնբախ դարձրեցին, որ Եվրամիության որդեգրած արտաքին քաղաքական կուրսը շատ հեռու է պիտանի լինելուց։ Քննադատները մեղադրում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին այն բանում, որ նա չափն անցել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մասով դիրքորոշման հարցում։ Դժգոհությունները՝ նրա վարած արտաքին քաղաքականությունից այնքան շատ են, որ նա կարող է հնարավորություն չունենա պաշտոնավարման երկրորդ ժամկետում վերընտրվելու։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը, մանրամասնելով, որ եվրոպացի շատ բարձրաստիճան պաշտոնյաների համար ԵՄ ղեկավար կազմում առկա պառակտումը այլ կերպ չի ընկալվում, քան «չափազանց տհաճ եւ անհարմար»։

Պարբերականը նշում է, որ կան խոր հակասություններ ֆոն դեր Լյայենի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջեւ, ինչը էական խոչընդոտ է արդյունավետ կերպով համախմբվելու՝ այն պահին, երբ դրա կարիքը հատկապես կա Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի եւ Չինաստանի հետ առեւտրի հարցերի առնչությամբ կարծիք արտահայտելու եւ այն պաշտպանելու հարցում։ Հակասություններն առավել ակներեւ երեւացին, երբ երկու ղեկավարներն այցելեցին Միացյալ Նահանգներ եւ առանձին հանդիպումներ ունեցան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ընդ որում, երկուսն էլ հաջողություն չարձանագրեցին այդ հանդիպումներից։ Անդրադառնալով հակասությունների պատճառներին, ամերիկյան պարբերականը պարզաբանում է, որ Եվրամիության կանոնների համաձայն, արտաքին քաղաքական կուրսը որոշվում կամ համաձայնեցվում է անդամ պետությունների կողմից, սակայն ֆոն դեր Լյայենը, հենց անցել է պաշտոնավարման, որոշել է հասնել մեծ ազդեցության, հանգամանք, որ հաճախ նրա գործընկերների մոտ դժգոհություններ է առաջացնում։

Պաղեստինա-իսրայելական ներկա սրացման սկսվելուց հետո ֆոն դեր Լյայենը շտապել է անվերապահ աջակցություն հայտնել Իսրայելին, այն դեպքում, երբ ԵՄ պաշտոնական դիրքորոշումն արդեն մշակված է եղել, որը պետք է արտահայտեր Ժոզեպ Բորելը։ ԵՄ անդամ շատ պետությունների ղեկավարներ ստիպված են եղել հարցուպատասխան ունենալ Իսրայելի հարեւան արաբական երկրների հետ՝ այն բանից հետո, երբ նա այցելել է Բենիամին Նեթանյահուին։ ԵՄ բազմաթիվ երկրների ղեկավարներ պարզապես հասկացրել են, որ ֆոն դեր Լյայենի պահվածքի պատճառով չեն պատրաստվում հարաբերություններ փչացնել գլոբալ Հարավի երկրների հետ, հասկացնելով, որ նմանատիպ անմիտ գործողություններին պետք է վերջ դրվեն: