Ջո Բայդենի վրա կարող է թանկ նստել «իսրայելամետ կեցվածքը»

Ջո Բայդենի վրա կարող է թանկ նստել «իսրայելամետ կեցվածքը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա, 2024 թվականի նախագահական ընտրությունների շեմին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման ներկա փուլում որդեգրած իսրայելամետ կեցվածքը կարող է թանկ նստել՝ իրենից խլելով արաբական ծագում ունեցող ամերիկացիների ձայները։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, հավելելով, որ արդեն այսօր՝ արաբական ծագմամբ ամերիկացիներն ու առհասարակ՝ մահմեդական ամերիկացիները քննադատում են նախագահ Բայդենին՝ Մերձավոր Արեւելքի ներկա սրացմանը որդեգրած իսրայելամետ կեցվածքի համար՝ պահանջելով, որ ավելի շատ ջանքեր ներդնի Գազայի սեկտորում մարդասիրական աղետը կանխելու համար։

Այլապես, ըստ պարբերականի, նրանք հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կարող են պարզապես չաջակցել Բայդենին։ Բազմաթիվ ազդեցիկ արաբական ծագմամբ ամերիկացիներ պարբերականի հետ զրույցում հատկապես դժգոհել են այն բանից, որ ԱՄՆ նախագահը չի կարողացել գործի դնելով ԱՄՆ ազդեցությունն ու հեղինակությունը, հասնել Գազայի հատվածում կրակի դադարեցմանը։ Բացի այդ, նրանց համար անընդունելի է, որ «աննկատ է մնում» իսրայելական բանակի՝ պաղեստինցի խաղաղ բնակչության հանդեպ գործադրած բռնությունների անհամաչափությունը, ի պատասխան ՀԱՄԱՍ-ի՝ խաղաղ իսրայելացիների հանդեպ գործադրած բռնությունների։ Այս ամենը, ըստ պարբերականի, դժվար թե օգնի ԱՄՆ գործող վարչակազմին հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հետ պայքարում, եթե, իհարկե, Սպիտակ տան վարչակազմը արաբական կամ առհասարակ մահմեդական ծագում ունեցող ամերիկացիների ձայնին ականջալուր չլինի: