Սամվել Բաբայանն այն ժամանակ իսկական բռնակալ էր՝ բառիս բուն իմաստով. Բադասյան

Սամվել Բաբայանն այն ժամանակ իսկական բռնակալ էր՝ բառիս բուն իմաստով. Բադասյան

Կարծում եմ, որ Արցախի պետականության ինչ-որ կառույց պետք է պահպանվի, որովհետև նախագահ Շահրամանյանի ստորագրած հրամանագիրը չգիտեմ, թե ինչ պայմաններում է ստորագրել։ Կարելի է ենթադրել, որ դա գին ուներ և դրա գինը արցախցիների անվտանգ Արցախից դուրս գալն էր, «Հրապարակի» հետ զրույցում ասաց արցախցի նախկին հրամանատար, ռազմական գործիչ Վահան Բադասյանը։

Բադասյանն ակնկալում է Շահրամանյանի՝ վերջին իրողությունների վերաբերյալ մեկնաբանությունները։

Անդրադառնալով վերջին շրջանում ագրեսիվ փորձերին՝ Շահրամանյանին գլխավոր մեղավոր կարգելու հարցում, Բադասյանն ասաց, որ իրականում բոլորս էլ մեր բաժին մեղքն ունենք այս իրավիճակում։

«Ես միակ հայտնի արցախցին եմ եղել, որ որ տարիներ շարունակ՝ սկսած 1994 թվականից, պայքարել եմ բոլոր բռնակալների և բոլոր իշխանությունների դեմ։ Ով իշխանության է եղել՝ ես նրանց դեմ պայքարել եմ՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Արցախում դե ֆակտո իշխանություն Սամվել Բաբայանի ժամանակ, հետո Արկադի Ղուկասյանի ժամանակ։ Գիտեք, Սամվել Բաբայանն այն ժամանակ իսկական բռնակալ էր՝ բառիս բուն իմաստով։ Երբ Արկադի Ղուկասյանը նրան վայր բերեց ու հայտարարեց, որ արդարություն պետք է գա, մենք իրոք կարծում էինք, որ իրոք արդարություն պետք է գա։ Այնինչ ինքը չեզոքացրեց Սամվել Բաբայանի գործոնն ու ինքը նրա տեղը բռնեց, այսինքն նույն բռնություններն ինքը արեց` ավելի գրագետ ձևով և ավելի վտանգավոր»,-ասաց Բադասյանը։
Հարցին, արդյոք Արցախի իշխանությունները Արցախի ճակատագիրը որոշելու հարցում լծակներ ունեի՞ն՝ Բադասյանն ասաց, որ Արցախի իշխանությունները միշտ Երևանի իշխանությունների կամակատար շարունակությունն են եղել ու մինչև պատերազմը որոշակի լծակներ ունեցել են։ Նա նշում է, որ Ղուկասյանից հետո եկած Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը ևս նույն հակաազգային գիծն էին պահում, սակայն չի բացառում, որ վերջիններս կարող էին և չգիտակցել, որ հակապետական գործողություն են տանում։ Նա շեշտում է, որ չէր սպասում, բայց հայ ժողվուրդը շատ լավ ընդունեց արցախցիներին, քանի որ երբ ֆեյսբուքում կարդում էր հակարցախյան գրառումներ՝ մեծ մտավախություններ ուներ։

«Միգուցե այս իշխանությունների ուզածն էլ դա էր, որ արցախցիներին լավ չընդունեին, բայց հայ ժոովուրդը շատ լավ ընդունեց արցախցիներին՝ բոլոր մարզերում»,-ասաց Բադասյանը։
Արցախի էջը փակված կլիներ այն դեպքում, եթե Արցախում մնային երկու կամ երեք հազար մարդ ու Արդբեջանը կարողանար հայտարարել, որ արցախցիները ինտեգրվել են։ Բադասյանին զարմացնում է այն, որ Արցախի հարցում Ռուսաստանի Դաշնությունը նույնիսկ ռուսական շահը չպաշտպանեց, քանի որ հայաթափված Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը շուտով անհարկի կլինի և ժամկետի ավարտից հետո նրանց պարզապես կխնդրեն լքել Արցախը։

«Ռուսաստանը ծախեց մեզ շատ թանկ գնով, բայց շատ թանկարժեք էլ մեզ Արևմուտքը վաճառեց։ Արևմուտքը եկավ այն ժամանակ, երբ հայեր այլևս չկային այնտեղ և հայտարարեց, որ բռնություն չի եղել այստեղ՝ լկտիաբար և ցինիկաբար հայտարարեց դա»,- նկատեց ռազմական գործիչը։

Հայերը պետք է միասնական լինեն ու այնպես դիրքավորվեն, որ չունեն բարեկամներ` թե Ռուսաստանն է թշնամի, թե Արևմուտքը, այդ պարագայում հնարավոր կլինի հասնել ինչ-որ լուծումների ու ի վերջո ոտքի կանգնել։
Անդրադառնալով այս իշխանությունների նախկին - ներկա բաժանմանը, նա նշեց, որ Փաշինյանի կառավարությունը նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն էր ու Փաշինյանը դա հաջող օգտագործում է իր օգտին։ Նույնը եղավ 2021 թ. հուլիսի ընտրությունների ժամանակ, երբ Փաշինյանը ժողովրդին ասաց, որ եթե իրեն չընտրեն՝ կգա բոբոն։

«Եթե ինձ չընտրես՝ բոբոյին ես ընտրելու, իսկ բոբոն ո՞վ էր՝ բոլոր չարիքների հիմք ու խորհրդանիշը դարձրել էին Ռոբերտ Քոչարյանին և այդ բոբոն ինքն էր և ժողովուրդը չընտրեց այդ բոբոյին»,-ասաց Բադասյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանա-թուրքական զորավարժություններին, ապա դա վերջին ռազմական գործողությունների տրամաբանության մեջ է տեղավորվում: Այն է, որ զորավարժություններից հետո Ադրբեջանը որևէ ռազմական ագրեսիայի է դիմում։ Իսկ Հնդկաստանից ու Ֆրանսիայից ձեռք բերված զենքերի լուրերին Բադասյանը չի հավատում, նա շեշտում է, եթե զենք գնեին, ապա Լևոն տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի պես կլռեին, ոչ թե գնելուց առաջ աղմուկ կբարձրացնեին, որ թշնամուն լեգիտիմ հիմք տան Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար։